Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին հրավիրել է տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս՝ պատասխանելով կառավարության գործունեությանը և նախատեսվող ծրագրերին վերաբերող բազմաթիվ հարցերի:
Մասնավորապես, ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված հնարավոր գնաճի հարցին ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ սպառողական զամբյուղի ապրանքատեսակների մասով մաքսերի փոփոխություն չի նախատեսվում, հետևաբար, դրանց գներն էլ չեն փոխվելու տարիներ շարունակ: Ըստ պայմանավորվածության՝ մաքսային տոկոսադրույքների չափերի փոփոխությունն իրագործվելու է փուլային սկզբունքով, որպեսզի այն սոցիալական ցնցումների պատճառ չդառնա: Անդրադառնալով ԵՏՄ տարածքից ներկրվող ցորենի գնին՝ Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ դրա մաքսային ռեժիմը նույնպես պահպանվելու է որոշ ժամանակահատված, այլապես տեղական արտադրողները լուրջ խնդիրների կառերեսվեին: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ առաջիկա ամիսների ընթացքում, երբ ուժի մեջ մտնի նոր մաքսային ռեժիմը, հնարավորություններն ու խնդիրներն ավելի տեսանելի կլինեն, և կառավարությունը համապատասխան հետևություններ կանի դրանցից:
Անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված արտարժույթի փոխարժեքի տատանումներին և դրանց հետևանքով գրանցված գնաճին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ այդ անկայունությունը լրջագույն մարտահրավեր է տնտեսության համար, սակայն կառավարությունը պատրաստ է լրացուցիչ գործիքներ կիրառել ծագող սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք վարչապետը ժամանակ գտնում է ընտանիքի համար: Ա. Հարությունյանը պատասխանել է՝ «Հիմնականում արձակուրդի ժամանակ տասն օր պարտադիր տրամադրում եմ ընտանիքիս, իսկ մնացած օրերին՝ այնքանով, որքանով ժամը 23:00-ից շուտ եմ տուն գնում: Հաճախակի հետևում եմ զավակներիս դպրոցական ցուցանիշներին, և գոհ եմ դրանցից: Կրտսեր դստերս արդեն հասցրել եմ շախմատ սովորեցնել, և հաճույքով խաղում եմ նրա հետ: Ցավոք, ժամանակը քիչ է ընտանիքի համար, սակայն ի՞նչ արած, դա է»:
Վարչապետ Հարությունյանը պատասխանել է մի շարք այլ հարցերի՝ գալիք տարվա ծրագրերի ու ակնկալիքների, 2014թ. ձեռքբերումների և բացթողումների և այլ թեմաների վերաբերյալ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին