Ճանապարհային ոստիկանն ասաց, որ զբաղված է խցանման գործերով, եւ չփորձեց հանրապետականի զինանշանով ավտոբուսին մոտենալ
Երեկ Կրկեսի դիմացի կանգառն ամբողջությամբ եւ կանգառից դուրս մի ահագին տարածք գրավել էին Հանրապետական ավտոբուսները: Ըստ էության քաղաքացիները զրկվել էին այդ քաղաքային հատվածում տրանսպորտ նստելու կամ իջնելու հնարավորությունից: Եթե անգամ երթուղային տաքսիները կանգառում էին, ապա ոչ իրական կանգառում: Վարորդները ստիպված երկրորդ գծում էին կանգնում ու հորդորում ուղեւորողներին արագ իջնել, արագ նստել:
Ուշագրավն այն է, որ Կրկեսի հարեւանությամբ փողոցներում աշխատում էին ճանապարհային ոստիկաններն, որոնք մեծ ջանասիրությամբ Արշակունյաց-Խորենացի-Ագանթանգեղոս խաչմերուկի խցանում էին փորձում բացել:
Ճանապարհային ոստիկաններից մեկն էլ նույնիսկ խափանված մեքենայի վարորդին օգնում էր ու միասին մեքենան հրելով փողոցից դուրս էին բերում:
Հասկանալով, որ այդ ոստիկանն իր գործի գիտակն է, Aravot.am-ը խնդրեց նրան նաեւ կանգառը «մաքրել» հանրապետական ավտոբուսներից: Նախ ճշտեցինք՝ խախտո՞ւմ է, երբ այս ավտոբուսները քաղաքային տրանսպորտի եւ քաղաքացիների համար նախատեսված կանգառում են կանգնել, խոչընդոտելով երթուղային տաքսիների կանգառելն ու քաղաքացիների շարժը. Ոստիկանն ասաց՝ այո: Բայց, երբ խնդրեցինք հորդորել այդ վարորդներին կանգառից հանել իրենց հանրապետականացաված ավտոբուսները, ճանապարհային այս ոստիկանը նայեց ավտոբուսներին, հավանաբար նկատեց վրայի ՀՀԿ զինանշանն, ապա ասաց՝ «Ես զբաղված եմ, պռոբկան եմ բացում»: Այդ դեպքում, կապ տվեք ձեր գործընկերներին, թող մեկ ուրիշ ոստիկան գա օգնության, մեզ հետ զրուցող ճանապարհային ոստիկանը նորից նույն բանը կրկնեց՝ «Զբաղված եմ, պռոբկեն եմ բացում»:
Հետաքրքիրն այն է, որ ընդամենը 10-15րոպեի ընթացքում 2-3 ճանապարհային ոստիկանության մեքենաներ անցան այդ հատվածով, բայց որեւէ մեկը ՀՀԿ ավտոբուսներին մոտ չեկավ, բարձրախոսով էլ չզգուշացրին դուրս գալ կանգառից, միայն նայում էին ու շարունակում իրենց ճանապարհը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ