Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվանից «Անահիտ» մուլտֆիլմը կցուցադրվի մեծ էկրանին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2014 16:53

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի ունեցավ Ղազարոս Աղայանի «Անահիտ» ստեղծագործության հիման վրա ստեղծված համանուն լիամետրաժ մուլտֆիլմի մեկնարկային ցուցադրությունը, որին հանդիսատեսը սպասում էր գրեթե հինգ տարի։

Մուլտֆիլմը ողջ ընտանիքով դիտելու համար է, այն հագեցած է հումորային պահերով, ինչպես նաեւ մուլտֆիլմն ավելի հետաքրքիր դարձնելու համար դրանում կիրառվել են ժամանակակից հայերեն եւ ռուսերեն արտահայտություններ, հերոսներից, օրինակ, շունը ունի բջջային հեռախոս, համակարգիչ է օգտագործում։ Ֆիլմում անգամ մեկ կադրով անդրադարձ է լինում այս տարվա Եվրատեսիլի հաղթող Կոնչիտային։

Մուլտֆիլմի ռեժիսոր Դավիթ Սահակյանցը այս հանգամանքը բացատրում է նրանով, որ փորձել են հումորի միջոցով միաձուլել երկու ժամանակաշրջանները։

Ֆիլմում Անահիտը համաձայնում է ամուսնանալ Վաչագան արքայի հետ, եթե նա դառնա գորգագործ։ Անահիտին հնչյունավորած Նազենի Հովհաննիսյանը լրագրողների հետ կիսվեց իր տպավորություններով. «Սա այն դեպքերից է, երբ մանկական ժպիտը դեմքիս կանգնել եմ, որովհետեւ ահռելի աշխատանք է  տարվել, որի մեջ մենք ընդամենը մի փոքր բան ենք ներդրել»։

Նազենի Հովհաննիսյանը պատմում է, որ ինքը փորձել է դառնալ հենց Անահիտ. «Ֆիլմը հնչյունավորելիս փորձում էի հասկանալ, թե ե՞ս եմ փորձում նմանվել կերպարին, թե այնուամենայնիվ այդ կերպարից իմ մեջ կար։ Այն, ինչ տեսանք, ապշելու է, ֆանտաստիկ եւ զարմանալի»։

Երեխաներից մեկն էլ Նազենիից հետաքրքրվեց՝ եթե արքան չդառնար գորգագործ, կամուսնանա՞ր ինքը արքայի հետ. «Ես վստահ եմ, որ Անահիտը սիրահարվեց հենց առաջին հայացքից, սակայն շատ կարեւոր է լինել սկզբունքային։ Մարդը պետք է իմանա արհեստ։ Պատկերացնո՞ւմ եք անգործ եւ անարհեստ տղամարդ՝ սարսափելի բան է»։

Դավիթ Սահակյանցը լրագրողներին տեղեկացրեց, որ մուլտֆիլմը ներկայացվելու է մի շարք միջազգային փառատոններում, ինչպես նաեւ այն թարգմանվելու է ռուսերեն եւ անգլերեն եւ ցուցադրվելու է այլ երկրներում։ «Անահիտի» ամերիկյան պրեմիերան տեղի կունենա հունվարի 10-ին։

Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են հայտնի դերասաններ Խորեն Լեվոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հրանտ Թոխատյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Մկրտիչ Արզումանյանը եւ այլոք։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Կերպարների մեծ մասի “տեսքը” գողացված են Դիսնեյի մուլտֆիլմերից։ Մի՞թե Ռոբերտ Սահակյանցն իրեն նման բան թույլ կտար։ Իսկ նրա տղան դա արեց․․․

  2. Հերմինե says:

    Կարապետ ջան, շատ մեղմ ես ասում: ես զարմանում եմ, որ ոչ մեկը չի քննադատում այս ֆիլմը,չի անհանգստանում մեր երեխաների համար: Եվ ազգային հեքիաթի անվան տակ թաքնված ապազգային այս ֆիլմը՝ անճաշակ և ծայրահեղ հիմար, շարունակում է ցուցադրվել մեր էկրաններին: Տխուր եմ ու զայրացած:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031