«Ամանորի արմատները հեթանոսությունից են գալիս: Այն հեթանոսական շրջանի կարևորագույն տոներից մեկն է եղել, որին հետագայում՝ արդեն քրիստոնեության շրջանում, քրիստոնեությունը փորձեց որոշակի քրիստոնեական նկարագիր և բովանդակություն փոխանցել: Դա արվեց նաև արտաքին բաղադրիչների միջոցով, օրինակ` տոնածառի, Ձմեռ պապի, որոնցից առաջինը Կենաց ծառի խորհրդանիշն է, իսկ Սուրբ Նիկողայոսը Ձմեռ պապի նախակերպարն է: Այսինքն` Ամանորն ինքնին հեթանոսական տոն է, բայց քանի որ շատ խորն է նստած եղել ժողովրդի մեջ, առանձնահատուկ տեղ է ունեցել տոների ցանկում, Քրիստոնեությունը վերցրեց այն: Բայց ոչ թե նրա համար, որ այդ տոնը դարձնի քրիստոնեական: Պարզապես, որոշ չափով քրիստոնեական նկարագիր ու բովանդակություն հաղորդեց նրան, քանի որ այս տոնը դեռ շարունակում է ազգերի, անհատների, հասարակության կյանքում մնալ ամենասիրված տոներից մեկը»,- այսօր՝ Ամանորին ընդառաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Քահանան ափսոսում է, որ Ամանորը մեզանում ավելի է կարևորվում, քան Սուրբ ծնունդը: Դա, ըստ նրա, ինչ-որ տեղ նաև խորհրդային տարիների հետևանք է. «Խորհրդային տարիներին հակաեկեղեցական մեծ քարոզչություն էր գնում, և եկեղեցական տոները նպատակային կերպով ստվերվում էին: Պետք էր այնպես անել, որ ավելի կարևորվեին ոչ քրիստոնեական տոները, ինչպես, օրինակ, Ամանորը: Այսօր էլ Ամանորը շարունակում է ավելի տոնելի լինել մեր իրականության մեջ, և մենք պիտի փորձենք հնարավորինս քրիստոնեական բաղադրիչներ ներմուծել այնտեղ»,- ասաց քահանան՝ հավելելով, որ արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել հասարակության մեջ Ամանորը եկեղեցում աղոթքով ու պատարագով դիմավորելը:
ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ գտնում է, որ երբ մենք բոլորս կարողանանք կարևորել և ավելի մեծ նշանակություն տալ հենց Սուրբծննդյան տոներին, այն ժամանակ էլ բոլոր բացասական երևույթներն ու անհանգստությունները կվերանան. «Որովհետև այս տոների խորհուրդը շատ կարևոր է,- ասում է նա,- տեսեք, եկեղեցին բացել է իր դռները, եկեղեցին պատարագ է մատուցում ամանորյա գիշերը, մենք էլ պիտի բացենք մեր հոգիները, ընդառաջ գնանք ու կարևորենք տոների հենց հոգևոր մասը»:
Ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին էլ խորհուրդ է տալիս բոլոր տոներին ստեղծագործաբար մոտենալ. «Հայ ժողովրդի կյանքում միշտ էլ ծեսերն ու տոները շատ են եղել, և մենք միշտ էլ ստեղծագործաբար ենք մոտեցել այդ ամենին: Օրինակ՝ կանայք, աղջիկները կարող են ձեռագործական աշխատանքներ անել տոնի խորհրդանիշներով և իրենց տունը զարդարել սեփական ստեղծագործություններով»,- ասում է Լ. Ագուլեցին:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է կերակուրներին, նա խորհուրդ է տալիս ամանորյա սեղանին անպայման ունենալ բուսական ուտեստներ և հատկապես լոբի, որովհետև այն ընտանիքի խորհրդանիշն է:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ