Կարինե Դանիելյանը գայլերի գրոհը էկոհամակարգերի վատ վիճակի արդյունք է համարում
Բնապահպան Կարինե Դանիելյանը դրական է գնահատում աղբահանության նոր օպերատորի մուտքը, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, «Զարկերակ» մամլո ակումբում ամփոփելով տարին՝ նա հայտնեց լրագրողներին. «Կարծես թե այդ աղբամանների քանակը քիչ է հաշվարկված, եւ դրական արդյունքը չի երեւում: Լավ է, որ նոր աղբավայրերի տեղ է ընտրվել, մշակվում է, ժամանակացանկից աղբավայր պետք է լինի»:
Տիկին Դանիելյանը, անդրադառնալով խնդիրներին, առանձնացրեց Սեւանա լիճը: Բնապահպանը սխալ է համարում Սեւանից ջուր բաց թողելը Արարատյան արտեզյան ավազանի խնդիրը լուծելու համար. «Արդեն -5 սմ Սեւանում ունենք, որը խիստ բացասական է Սեւանի համար: Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մակարդակի բարձրացման հետ զուգահեռ իրոք իրավիճակը շատ լավացել է, եւ հիմա մենք լուրջ հարված հասցրեցինք Սեւանին»:
Կարինե Դանիելյանը առանձնացրեց Երեւանի քաղաքաշինության ոլորտը: Նա դրական է համարում, որ օրենքի նախագիծ է մշակվել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի կառուցապատման հետ կապված, սակայն ոլորտը, ըստ նրա, ունի նաեւ բացասական կողմեր. «Այլեւս Կենտրոնում ո՛չ ապրել, ո՛չ աշխատել հնարավոր չէ: Այս խցանումները պատահականություն չեն, ասում են՝ մարդիկ լավ են ապրում, մեքենաները շատացել են: Ո՛չ, դա սխալ քաղաքաշինության արդյունք է. Եթե դու շենքը շենքի վրա ես շարում էկոլոգիական եւ սեյսմիկ ռիսկերը բարձրացնում ես, եւ խցանումներն այնքան են լինում, որ դա էլ բացասական էկոլոգիական ազդեցություն ունի»:
Կարդացեք նաև
Բնապահպանի կարծիքով՝ գայլերի գրոհն էլ պատահական երեւույթ չէ. Դա էկոհամակարգերի վատ վիճակի արդյունքն է. «Էկոհամակարգերը պետք է խիստ խախտված լինեն, որ գայլերն այդտեղից դուրս գան եւ ստիպված սկսեն գրոհել գյուղերը եւ նույնիսկ քաղաքը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ