Լրահոս
Օրվա լրահոսը

Որո՞նք են եղել 2014 թվականի քաղաքական ամենասխալ քայլերը

Դեկտեմբեր 27,2014 16:30
chgnajam

Պատասխանում են քաղաքագետները

2014 թվականի ներքաղաքական կյանքում ակնկալվում էին բուռն իրադարձություններ, անընդատ հայտարարվող քայլերը այդպես էլ միայն բառերի տեսքով օդում մնացին, քաղաքական միավորումների կողմից անընդհատ կազմակերպվող հանրահավաքներն էլ իրական փոփոխությունների առիթ չդարձան, միեւնույն ժամանակ կարելի է նկատել քաղաքացիական հասարակության ակտիվությունը քաղաքական որոշումների վրա ազդելու տեսանկյունից: Տարվա ներքաղաքական զարգացումներին հետեւել եւ դրանք պարբերաբար քննարկել են երկրի քաղաքագետները: «Առավոտը» տարվա վերջում խնդրել է փորձագետներին ամփոփել տարին եւ նշել ներքին քաղաքականության մեջ ամենասխալ քայլերը:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը քաղաքական ամենասխալ քայլը համարում է Կենսաթոշակային բարեփոխումներում կուտակային համակարգը չգործարկելը. «Որովհետեւ տնտեսական առումով դա ուներ իր նպատակները: Բայց փաստորեն իշխանական կառույցները, Տիգրան Սարգսյանի նախկին կառավարությունը ի վիճակի չեղան նույնիսկ ի հակառակ հասարակական ճնշման՝ դա իրագործել,- ասում է նա եւ ավելացնում,- արդյունքում մենք ունեցանք այլ կառավարություն՝ այլ նպատակներով, եւ ես չգիտեմ՝ արդյոք այդ կազմը պատրա՞ստ է տնտեսական կամ ֆինանսական առումով դիմակայել այն զարգացումներին կամ մարտահրավերներին, որոնք դեռ Հայաստանին սպասում են»:

Պարոն Մինասյանն ասում է, որ ինքը բազմիցս նշել է՝ Հայաստանում առանձնահատուկ հեռանկարային ներքաղաքական զարգացումներ տեղի չեն ունենում՝ սկսած խորհրդարանական ընտրություններից: «Հանրապետականը շարունակում է մնալ մեծամասնություն խորհրդարանում, ինչը որեւէ ձեւով ընդդիմադիր ուժերին հնարավորություն չի տալիս լեգիտիմ ձեւով փոխել ներքին քաղաքական իրավիճակը: Իսկ հեղափոխական ճանապարհով նրանք ի վիճակի չեն, որովհետեւ այդ ռեսուրսային, ուժային դաշտը չունեն: Դրա համար առանձնահատուկ քաղաքական զարգացումներ չեն լինելու մինչեւ մյուս խորհրդարանական ընտրությունները»,- ասում է նա:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը ցանկացավ խոսել ոչ այնքան անցնող տարվա սխալների մասին, որքան այն քայլերի, որոնք նպատակային կլինեն իրականացնել եկող տարի: «Պետք է քննարկել բոլոր այն հնարավորությունները, որոնք վերաբերում են այն համատեղ գործունեությանը, որն առնչվում է 12 կետերին: Այսինքն՝ ճշգրտել՝ որո՞նք են իրական, որո՞նք են կարիք զգում որոշակի խմբագրման»,- ասաց նա՝ խոսակցության վերջում ավելացնելով իր կողմից ուշադրության արժանացած քաղաքական մեկ սխալ. «Սխալ քայլերից կարելի է դիտարկել այն, որ ընդդիմությունը փորձում է տարբեր շտաբներ ձեւավորել Հայաստանից դուրս: Սա մի քայլ է, որը չես դիտարկի որպես կառուցողական ինչ-որ մի էլեմենտ՝ ուղղված ներքին կայունությանը»:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ այս տարվա քաղաքական ամենասխալ քայլերը սկզբնավորվել են դեռ տարիներ առաջ՝ 2011 թվականի քաղաքական սխալից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց քաղաքագիտական իր վերլուծությունը, եւ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից: «2014 թվականի ամենամեծ սխալն այն էր, որ բացասականի այս երկու շերտը միախառնվեց: Եվ մենք տեսանք դրա ամբողջ էֆեկտը՝ իր ամբողջ հմայքով»,- ասում է պարոն Մեհրաբյանը:

Քաղաքագետը կարծում է, որ եթե քաղաքականությունը կառուցված է սխալ հիմքի վրա, ապա ինչ էլ անես՝ սխալ է լինելու: «Մինչեւ հիմքի հարցը չլուծվի, անիմաստ է որեւէ բան կառուցել. դա դառնում է «Երեք խոզուկների» այն երկու խոզուկների կառուցած տունը, որ երբ գայլը փչում է, փուլ է գալիս: Արդեն քննարկել, թե տունը գեղեցիկ է, գեղեցիկ չէ, կարմիր է, կանաչ է, թե կապույտ՝ նշանակություն չունի, դա մի փչոցով արդեն փուլ է գալու»,- ասում է նա:

Ցանկանում է, որ հաջորդ տարին լինի Պուտինի ռեժիմի տապալման տարի. «Որը Հայաստանին կտա այդ չարիքը, լուծը իր վրայից թոթափելու հնարավորություն: Խորհուրդ կտամ հնարավորինս հեռու մնալ պուտինյան Ռուսաստանից, հնարավորինս քիչ Պուտին Հայաստանում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031