Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ այդ մարդը Գագիկ Ծառուկյանն է

Դեկտեմբեր 27,2014 12:00

Երբ երկրի թե՛ իշխանության,
թե՛ «ոչ իշխանության» թիկունքին կանգնած է մեկ մարդ

2015թ. հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է «ոչ իշխանական» քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ շարժումների խորհրդաժողով: Քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը: Սա խորհրդակցական բնույթի միջոցառում է, որի նպատակն է վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը՝ հայտնեց օրերս Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը` ընդգծելով, որ դա ոչ թե ԲՀԿ միջոցառումն է, այլ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունը:

Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանը երկրի համար կենսական կարեւորություն ունեցող հարցերի քննարկումն ու որոշումների ընդունումը չի սահմանափակում կուսակցական ձեւաչափով, ինչը սպասելի էր՝ հաշվի առնելով վերջին ամիսներին նրա գրասենյակում հյուրընկալված մի շարք կուսակցությունների ղեկավարների` Գառնիկ Իսագուլյանի, Տիգրան Կարապետյանի, Արամ Հարությունյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հետ նրա հանդիպումները եւ դրանց մասին պատմող ռեպորտաժների տիրաժավորումը:

Իսկ թե հունվարի 20-ի հանդիպումից հետո համաժողովրդական շարժումն ինչ ուղղությամբ առաջ կընթանա՝ թերեւս, դրա պատասխանն ավելի հստակ կտրվի հենց այդ օրը: Սակայն արդեն իսկ նշմարվում է դահլիճային ընդդիմություն կամ, ավելի ճիշտ` դահլիճային «ոչ իշխանություն» դառնալու նախապատվությունը:

Իրականում 2014-ը նշանավորվեց բացառապես նրանով, որ ամրապնդվեց «ոչ իշխանության» առաջնորդի դիրքերը: Գագիկ Ծառուկյանից է հիմա կախված, թե ընդդիմությունը «հուժկու» կպայքարի՞, հանրահավաքային, նստացուցային ու երթային ակցիաներո՞վ իշխանության հետ «կխոսի», թե՞ դահլիճային խորհրդաժողովներով եւ «կանյաչնիում» հայաստանյան քաղաքական դաշտում մոռացության մատնված գործիչներին տետ-ա-տետ հանդիպելով:

Ծառուկյանն այդպես էլ չպահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը, ավելին՝ ակնհայտ է, որ նա եւ իր կուսակցության անդամները իշխանությանը քննադատելիս ավելի զուսպ են եւ չեն անցնում սահմաններ, որոնք իշխանությունը կարող է համարել «չափն անցնելու» քայլ: Պատահական չէր օրերս ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունն այն մասին, թե Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի նախազգուշացումները ԲՀԿ-ին չեն վերաբերում:

Հիշեցնենք, որ առանց անուններ նշելու` ԱԱԾ ղեկավարը կոչ էր արել զերծ մնալ իշխանություններին ուժով հեռացնելու անպատասխանատու կոչերից: «Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասին կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր»,- «Արմենպրեսս» գործակալությանն ասել էր Գորիկ Հակոբյանը՝ ընդգծելով, որ Ազգային անվտանգության մարմինները չեն պատրաստվում իբրեւ կողմնակի դիտորդ հետեւել այդ իրադարձություններին. «Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում վճռականորեն կանխելու համար: Սա սպառնալիք չէ, սակայն նախազգուշացնելու անհրաժեշտությունը մենք տեսնում ենք»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այս կուսակցությունը կատարեց իր «առաքելությունը». Գագիկ Ծառուկյանին «ոչ իշխանություն» եւ «ոչ ընդդիմություն» դարձնելու հարցում նրանց ջանքերն անուրանալի են: Այժմ ՀԱԿ-ին ոչինչ չի մնում, քան ընդունել Ծառուկյանի հրավերները, մասնակցել այս կամ այն քննարկումներին: ՀԱԿ-ը մեկ «ազգանվեր» գործ էլ իրականացրեց. հասարակությանն իրազեկեց, որ համաժողովրդական շարժման առաջնորդ է հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, որը, սակայն, ոչ մի կերպ իշխանությունը Սերժ Սարգսյանից այդպես էլ չի խլում ու չի նվիրում Գագիկ Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին:

Այսօր ՀԱԿ-ն իր գործունեության նվաճումներից է համարում, օրինակ, ռուս երբեմնի փորձագետի, այժմ կիսելյովյան մի պրոպագանդիստի հարցազրույցն այն մասին, որ` «Տեր-Պետրոսյանն ամենեւին էլ «արեւմտամետ չէ»: Այսպես, երբեմնի հզոր ընդդիմադիր ուժն այսօր հրճվում, ոգեւորվում է նման մեկ-երկու հրապարակումներից, որպեսզի «ապացուցի», թե որքան ճշգրիտ է գործում: Իրականում, սակայն, ողբերգություն է, երբ ՀՀ առաջին նախագահի գործունեության միակ հիմնասյունն այսօր հետեւյալն է` «Պուտինը այնքան էլ չի սիրում Սերժ Սարգսյանին»: Այս բանաձեւով առաջնորդվելը ի ցույց է դնում քաղաքական ուժի սնանկ լինելը, իշխանափոխություն իրականացնելու ռազմավարության ու մարտավարության բացակայությունը:

2014 թվականը «ոչ իշխանության» հնարավորությունների առումով բավական օգտակար տարի էր: Գագիկ Ծառուկյանի համար տարին, վստահաբար, հաջողված էր թե՛ քաղաքական առումով սեփական կշիռն ու ազդեցությունն այլ ուժերի հանդեպ ամրացնելու, թե՛ բիզնեսում ներդրումներ իրականացնելու հարցում: Օրերս բացվեց «տարածաշրջանում նմանը չունեցող հյուրանոցային համալիրը», որին հրավիրված էին ոչ թե գործընկեր «ընդդիմադիրները», այլ իշխանությունները:

Հյուրանոցային համալիրի բացման օրը պարզվեց, որ ՀՀ վարչապետը կաշկանդված է եղել մինչ այժմ, երբ մտորել է, թե այլ երկրների վարչապետները, գործընկերները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եթե այցելեն Հայաստան, որտե՞ղ պետք է անցկացվեն խորհրդակցություններ: Հիմա այդ խնդիրն էլ լուծվեց, իշխանությունը կօգտվի Գագիկ Ծառուկյանի ընձեռած հնարավորություններից:

Բարեբախտություն է, երբ երկրի թե իշխանության, թե «ոչ իշխանության» թիկունքին կանգնած է մեկ մարդ, եւ այդ մարդը Գագիկ Ծառուկյանն է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը`
Գագիկ Շամշյանի

«Առավոտ» օրաթերթ
26.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երվանդ says:

    Անցնող տարում առաջին հերթին պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյնաը Հայաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչն է, որքան էլ դա շատերի համար ցավալի լինի ընդունելը. և անցնող տարին ապացուցեց, որ գալիս տարում լուրջ գործըթնացներ են լինոլւ երկրում փոփոխություններ անելու ուղղությամբ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031