Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղը կոնֆետ չէ, պետք է օգտագործել բժշկի ցուցումով

Դեկտեմբեր 27,2014 15:30

Շուտով Նոր տարի է, եւ տոն օրերին մարդիկ ավելի հաճախ են միմյանց տուն գնում եւ ողջագուրվում՝ ռիսկային դարձնելով գրիպով վարակվելու հավանականությունը: «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանն ասում է, թե ինչպես նվազագույնի հասցնել վարակվելու հավանականությունը եւ ինչպես կանխարգելել վարակը. «Պարզ ասվում է, որ գրիպով վարակվում են օդակաթիլային ճանապարհով, այսինքն՝ հազի, փռշտալու ժամանակ կաթիլները մակերեսը աղտոտում են, մենք էլ՝ շփվելով այդ մակերեսի հետ, վարակվում ենք: Գրիպանման հիվանդությունների դեպքում եթե տեսնում եք, որ երրորդ օրը որեւէ դրական տեղաշարժ չկա՝ ջերմությունը չի իջնում, մարմնի ջարդվածությունը չի թուլանում, պետք է դիմել մասնագիտական բժշկական օգնության եւ ոչ թե մնալ տանը եւ անտիբիոտիկներ խմել, որը միայն ավելի ընկճում է իմուն համակարգը: Դեղորայքը կոնֆետ չէ՝ պետք է օգտագործել միայն բժշկի ցուցման դեպքում, կարող ենք դեղատներից ջերմիջեցնող վերցնել, բայց սա պատճառը չի վերացնում՝ արդյունքն է ընդամենը մի փոքր թեթեւացնում, պետք է բուն պատճառը գտնել եւ բուժել»:

Մասնագետի ասելով՝ պետք է ձեւավորվի այն միտքը, որ եթե հիվանդ ենք, մնանք տանը, քանի որ գրիպի միակ կանխարգելումը, ըստ մասնագետի, շփման նվազեցումն է, բայց եթե արդեն վարակվել եք, բժիշկը խորհուրդ է տալիս հենց առաջին օրը շատ թեյ խմել, հատկապես մալինայով: «Այն անհատը, որը տարածքային պոլիկլինիկայի հետ պայմանագիր ունի եւ ընտրած բժիշկ, այդ բոլոր նախնական զննությունները կատարվում են անվճար, եւ մտահոգվելու ու անհանգստանալու կարիք չկա»,- նշեց Լիանա Թորոսյանը՝ ավելացնելով, որ հատկապես փոքրիկների դեպքում՝ մինչեւ 7 տարեկան, բուժումը եւ դեղորայքը տրվում է անվճար, բացի այդ էլ՝ հիվանդանոցում շատերի տներից տաք է, կա տաք ու սառը ջուր, մշտապես բժշկի հսկողություն, որը նպաստում է երեխաների շուտ ապաքինմանը:

Լ. Թորոսյանը ասաց, որ պետպատվերի շրջանակում դեկտեմբեր ամսից մինչեւ փետրվար ամիսը գրիպի դեմ պատվաստվեն թիրախային խմբերը՝ առաջնային բժշկական օղակի մասնագետներ՝ մանկաբույժ, թերապեւտ, ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների հիման վրա երկրորդ խոցելի խումբը՝ ծերանոցի, մանկատների, գիշերօթիկների բնակիչներ: Պատվաստվել կարող են նաեւ այն անձինք, ովքեր կցանկանան: Բժիշկը ձմռան շրջանում խորհուրդ է տալիս ավելի հաճախակի օդափոխել փակ տարածքները, անհատական հիգիենան պահպանել՝ ձեռքերը օճառով լվանալ, հազի, փռշտալու էթիկետը պահպանել, մաքուր օդում քայլել, օգտագործել վիտամիններով հարուստ սննդամթերք, եթե տարածքում հիվանդ կա, նրա հետ չշփվել կամ շփվելիս պահպանել 2 մետր հեռավորություն: Հիվանդը պետք է մնա տանը, նրան մեկուսացնել առանձին սենյակում եւ խնամքը իրականացնի ընտանիքի անդամներից որեւէ մեկը, որը հղի չէ, երեխա չէ, տարեց չէ եւ չունի որեւէ քրոնիկ հիվանդություն:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    Մալինա բառը ահագին ուրախացրեց:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031