ՀՀ շատ քաղաքացիներ երկրում տիրող վարկային քաղաքականության պատճառով դարձել են բանկային համակարգի գերիները, բանկերն իրենց հերթին` քաղաքացիների գերիները: Երկրով մեկ քաղաքացիների ու բանկերի միջեւ մի աննախադեպ պատերազմ է ծավալվել:
Քաղաքացին բանկային համակարգի դեմ պայքարի կամ նրանից պաշտպանության շատ սուղ միջոցներ ունի: Առավելագույնը` դատական գործընթացներով կարող է որոշակի ժամանակ շահել, սակայն, միեւնույն է, այդ ժամանակն էլ իր դեմ է գործում, քանի որ ավելանում են բանկերի պարտադրած տոկոսադրույքները: Բանկերի թիկունքում արդարադատության նախարարությունն է իր կառույցներով` դատարաններով, հարկադիր կատարողական հիմնարկով, քրեակատարողականով…: Այս պայքարում գործում է խնդրի իրավական կողմը` բացառելով բարոյականը: Փաստորեն դա նման է ջունգլիների օրենքին, որտեղ տիրում է բիրտ ուժը ու միշտ էլ ուժեղի մոտ թույլն է մեղավոր: Քաղաքակրթությունը հատուկ մշակված օրենքներով փորձել է կենդանական աշխարհի ներքին սահմաններից դուրս գալ, թե՛ անհատների եւ թե՛ խմբերի գործողությունները սահմանափակել օրենքներով ու կանոններով, ինչ-որ հավասարակշռություն ստեղծել թույլի եւ ուժեղի, հարուստի եւ աղքատի, գիտունի եւ անգետի միջեւ: Դրանք հարմարեցվել են տվյալ հասարակարգին, վերածվել համամարդկային արժեքների: Մարդկությունը կարողացել է օրենքներ հաստատել պետությունների, ազգերի իրավունքների համար` հիմք ընդունելով տվյալ ժամանակաշրջանում ու քաղաքակրթության զարգացման աստիճանին համապատասխան ընդունված բարոյական նորմերը: Սակայն անհատի եւ խմբի միջեւ շահի հարցում ծագած վեճը սահմանված օրենքով լուծվում է խմբի, տվյալ դեպքում` երկրի կադրային ընտրության համար անբարենպաստ պայմաններում ձեւավորված վերնախավի օգտին, այսինքն, գործում է ջունգլիների օրենքը` «ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր»: Ինձ այդ եզրահանգման բերեց մի պարզագույն դիպված բանկի եւ անհատի միջեւ:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երգչախմբի արտիստ Ջեմմա Ասլանյանն անկողնային հիվանդ մորը խնամելու եւ դեղորայքով օգնելու նպատակով, այլ ելք չունենալով, հորից հիշատակ մնացած ոսկյա ժամացույց է գրավ դնում «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղում, որի դիմաց ստանում է 50 հազար դրամ: Հետագայում, չկարողանալով կատարել պայմանագրով նախատեսված վճարումները, ավելացրել է գրավ դրած ոսկու քանակը, կնքել է նոր պայմանագիր: 2012 թ. ոսկու գրավադրումը հասցրել է 29,5 գրամի եւ նույն բանկից ստացել 362 հազար դրամ վարկ՝ մինչեւ 20.09.2012 թ. մարման ժամկետով, տարեկան 24% տոկոսադրույքով: Մինչ այդ, վարկը չմարելու դեպքում սահմանվել է տույժ յուրաքանչյուր օրվա համար 0,2% չափով: Չկարողանալով մարել գոյացած պարտքը, բանկում առաջացել է վարկի ժամկետանց պարտք: Այս խնդրով բանկը դիմել է դատարանին: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայության կողմից Ջեմմա Ասլանյանի գրավ դրած ոսկյա զարդերը աճուրդով իրացվել են 240 հազար դրամ գումարով: 228 հազար դրամը փոխանցվել է բանկին, իսկ մնացած գումարի մասով (վարկի դիմաց հաշվարկված տոկոս՝ 116.772 դրամ, որից ժամկետանց տոկոս` 97 016 դրամ) արգելք է դրվել Ջեմմա Ասլանյանի սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքի, ինչպես նաեւ նրա ողորմելի աշխատավարձի վրա:
Բանկը, դատարանը, ԴԱՀԿ ծառայությունը համոզում են, որ գործել են օրենքի սահմաններում:
Կարդացեք նաև
Այժմ կրկին գանք Ջեմմա Ասլանյանին: Այս ամիս նրա աշխատավարձից հօգուտ բանկի սկսել են գումար բռնագանձել, որի հետեւանքով նրան մնում է ամսական հինգ հազար դրամ… Ջեմմա Ասլանյանը, աշխատավարձից բացի, այլ եկամուտ չունի: Մայրը ոչ մի օգնություն, նպաստ չի ստանում: Նրանք երկրից հեռանալու ոչ մի հնար չունեն: Այժմ Ջեմման իր հիվանդ, անկողնուն գամված մոր հետ հայտնվել է անելանելի վիճակում:
Շատ հեշտ է ասել. «Ինքն է իր կամքով հանձնվել բանկին, թող ինքն էլ լուծի իր խնդիրը»:
Սակայն Ջեմմայի նման ՀՀ հազարավոր քաղաքացիներ զոհ են դարձել բանկային այս համակարգին: Գյուղերում կրկին սահմանված ժամկետում վարկի գումարը չմարելու պատճառով՝ վարկառուներին իրենց ընտանիքի անդամներով ԴԱՀԿ-ի միջոցով բանկը փողոց է նետում, տունն ու այգին աճուրդով վաճառքի հանում: Գյուղացիների ընտանիքները հեռանում են երկրից` այլ տեղ ապրուստի միջոց գտնելու հույսով: Երկրի բնակավայրերը դատարկվում են, զրկվում ամենաթանկ կապիտալից` մարդկային ռեսուրսներից:
Շատերն ասում են` հատուկ քաղաքականություն է իրականացվում ստիպելու մարդկանց, որ լքեն երկիրը:
Իսկ իրականում այս երեւույթը պետական մարմինների կողմից անպատասխանատվության, համատարած կոռուպցիայի, դրա հետեւանքով տնտեսական անկման, երկրի աղքատացման հետեւանք է:
Հարց է առաջանում. այս ամենը օրենսդրական թերությունների՞ հետեւանք է, թե՞ օրենքները չկատարելու, արհամարհելու հետեւանք: Եթե գործող օրենքների անկատարության հետեւանքով են մարդիկ, ընտանիքները հայտնվում բանկային սարդոստայնի ճիրաններում, ապա օրենքները միշտ էլ հնարավոր է կարգավորել, մնում է, որ օլիգարխիական վերնախավը հասկանա, որ իր շահն էլ պետք է չափ ունենա, քանի որ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐԻ ՇԱՀԻ ՄԵՋ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՇԱՀԸ: Իսկ եթե օրենքները բավարար են յուրաքանչյուրի շահը պաշտպանելու համար, ու վերնախավն է ամեն կերպ խախտում օրենքներն ու իր երկրի քաղաքացիներին նման իրավիճակների մեջ գցում, դա արդեն այլ մոտեցում է պահանջում…
Բոլոր դեպքերում պետք է ցանկացած վճռի հիմքում դնել բարոյականը, այլապես շարժվում ենք դեպի ջունգլիները:
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12.2014