Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա տոնածառատենդ

Դեկտեմբեր 27,2014 14:00

Չնայած սրան, երիտասարդ ռեժիսորը իրականացրել է իր առաջին ամանորյա հեքիաթ-ներկայացումը, ինչը հայ ծնողների գերակշիռ մասի սրտով է

Ամանորյա տոնածառային ներկայացումների սկզբում եւ ավարտին կուլիսային խոսակցությունները, ավելի ճիշտ՝ ծնողների դժգոհություններն անպակաս են: Շատերը ծանոթ չլինելով, ասենք, թատրոնների խոհանոցին, միամտորեն զարմանում են, թե ինչո՞ւ բեմում չտեսան եւ ոչ մի ծանոթ՝ վաստակավոր կամ ժողովրդական դերասանի: Մի մասը իրավացիորեն «արձանագրում» է, թե այդ օրերին միջոցառումներում ներգրավված դերասանների համար գումար վաստակելու լավագույն շրջան է, հետո էլ նշում, թե գոնե հետաքրքիր սցենար ներկայացնեն, թե չէ՝ ամեն տարի, մեծ հաշվով, նույն բանն է. ասենք, գիշատիչ մի կենդանի, օրինակ՝ գայլը, գողանում է տոնածառի լույսերը, հետո հայտնվում են բարի կենդանիները՝ նապաստակը, սկյուռը, շունը, ալքորը, եւ ինչ-ինչ «գործողությունների» դիմելով՝ վերադարձնում լույսերը: Ներկայացման ավարտին էլ Ձմեռ պապը երեք անգամ գավազանով խփում է հատակին, «հրամայում», որ վառվեն լույսերը, ու դրանք վառվում են… Ծնողների գերակշիռ մասը հակված է, որ տոնածառային միջոցառումներին թատրոններում միանշանակ բեմադրվեն հեքիաթներ: Մինչդեռ կային ժամանակներ, երբ յուրաքանչյուր թատրոն՝ սկսած Ազգային օպերային թատրոնից, խաղացանկում ուներ մանկական ներկայացումներ, իսկ ամանորյա երգուպարին հաղորդակից լինելու համար ծնողները երեխաներին մասնակից էին դարձնում հրապարակում կամ իրենց համայնքում տեղադրված տոնածառային միջոցառումներին:

«Առավոտը» հարցախույզ անցկացրեց հայաստանյան որոշ թատրոնների ղեկավարների շրջանում՝ տեղեկանալու, թե ինչ են ներկայացնում արդեն սկսված Ամանորի միջոցառումներին: Մարզային թատրոնների ղեկավարներից մեկ-երկուսը (չենք նշում նրանց անունները՝ նախատոնական տրամադրությունը չփչացնելու համար) նախ զարմացան, թե ինչու է այդ հարցը հետաքրքրում մեզ, հետո էլ հրավիրեցին մասնակից լինելու տոնածառային ներկայացումներին: Նաեւ հորդորեցին, նրանց խոսքերով՝ «նայեք, հետո կգրեք, մինչեւ հունվարի 13-ը պետք է խաղանք»: Մարզային թատրոններից երկուսում՝ Արտաշատի Ամո Խարազյանի եւ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան, տնօրենները փոխանցեցին, որ առաջինում կներկայացվի «Ամանորյա նվագներ»՝ ըստ Շարլ Պերրոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթի, երկրորդում՝ Վիգեն Ստեփանյանի սցենարով գրված «Բրեմենյան երաժիշտները»: Մի թատրոնի գլխավոր ռեժիսոր էլ ասաց, որ ծաղկաքաղ են արել հեքիաթներից, բայց դրա մասին ինքը չի ուզում խոսել:

karo-balyan-21
Երեւանյան թատրոնների տոնածառային հայտագրերին ծանոթանալիս «Առավոտին» գրավեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ամանորյա՝ Պանչո Պանչեւի «Հեքիաթ չորս նմանակ եղբայրների մասին» ներկայացման հայտագիրը: Մանավանդ որ, բեմադրության ռեժիսորի անվան շուրջ խոսակցություններ են պտտվում, թե նա մասնագիտությամբ դերասան է: Չնայած ժամանակին Բալյանը բեմադրություններ է իրականացրել Պատանի հանդիսատեսի, կոմեդիայի, կամերային թատրոններում: 2009թ. նրա ռեժիսուրայով «Ջուլիետ» մոնոներկայացումը դերասանուհի Մարիամ Ղազանչյանի մատուցմամբ Լեհաստանի Վրոցլավի 43-րդ միջազգային փառատոնում ճանաչվել է «Լավագույն ներկայացում եւ դերակատարում»: Մասնագետների եւ թատերասերների շրջապատում էլ վերջին շրջանում ականջալուր ենք եղել դրական արձագանքների՝ Բալյան ռեժիսորի ներկայացումների մասին, այդ թվում՝ Կովյակովի «Սիրո զոհերը», Վամպիլովի «Մետրանպաժ», ըստ Էժենի «Զառանցանք», Օնեսկոյի «Քիթ-քաթ» եւ այլն: Իբրեւ Համազգային թատրոնի դերասան էլ հիշատակման են արժանի նրա կերպարները «Չեխովյան կատակներում», Վ. Չալդրանյանի բեմադրությամբ «Համլետում», Ռ. Լամարեի «Ախ կանայք, կանայք», Ա. Մելիքսեթյանի բեմադրած «3 գրոշանոց» օպերա- ներկայացումներում:

Ի պատասխան «Առավոտի» հարցի, մեզ հետ զրույցում Կարո Բալյանն (լուսանկարում) ասաց, որ իբրեւ դերասան ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը, իսկ 2013թ. Մոսկվայի արվեստների պետական ակադեմիայի Սերգեյ Յաշինի եւ Վյաչեսլավ Սորոկինի ռեժիսորական արվեստանոցը: Անդրադառնալով իր բեմադրած «Հեքիաթ չորս նմանակ եղբայրների մասին» պիեսին, նշեց, որ իբրեւ ամանորյա ներկայացում այն հաստատել է թատրոնի գեղարվեստական խորհուրդը: Հետո էլ հավելեց. «Մենք կարիք ունենք մանուկներին ներկայացնելու կիրթ դրամատուրգիա: Հաճախ մոռանում են, որ գործ ունեն երեխաների հոգեբանության հետ, մինչդեռ պետք է կրկնակի, եռակի, քառակի զգույշ մոտենալ նրանց համար պիեսներ ընտրելիս: Իսկ Պանչեւի այս ստեղծագործությունը ժամանակին բեմադրվել է Պատանի հանդիսատեսի եւ Կոմեդիայի թատրոններում, այսօր էլ գտնվում է նշանավոր շատ թատրոնների խաղացանկում: Կարեւորում եմ նաեւ այս ներկայացման համար նկարիչ Մարո Մուրադյանի աշխատանքը: Մի հանգամանք եւս. ներկայացման մեջ ընդգրկված են կոմեդիայի թատրոնի խաղացանկում զբաղված, հանդիսատեսին ծանոթ դերասաններ Զարուհի Խաչատրյանը, Մարիամ Ղազանչյանը, Աշոտ Հակոբյանը, Վարդան Կուղյանոսյանը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031