Այսօր դժվար է մեր իրականությունում գտնել մի բուհ, որտեղ ուսանողը դասերից հետո մնա եւ զբաղվի ոչ միայն ակադեմիական, այլեւ ժամանցային գործունեությամբ: Ընդհանուր առմամբ, բուհը բոլորիս համար կարծես ընկալվում է զուտ ուսումնառության հաստատություն, որտեղ առօրյա պարապմունքների վերջին զանգից հետո անելիք չունի ոչ ուսանողը եւ ոչ էլ դասախոսը: Սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ համալսարանական միջավայրը ոչ միայն գիտելիք մատուցելու, այլեւ ուսանողական զվարճանքների եւ երիտասարդական ստեղծարար եռանդի ձեւավորման հարթակ է:
Շատ եմ ցավում, որ դասերից հետո հանդիպում են «տուն շտապող» ուսանողական խմբերի եւ դասախոսների: Մարդիկ չեն ուզում մնալ համալսարանում, որտեղ պարզապես իրենց անելիքը չեն տեսնում, կամ էլ, եթե ավելի անկեղծանամ, ոչ մի հետաքրքրություն չեն գտնում: Իսկ դրա ճիշտ հակառակ պատկերին կարող եք ականատես լինել արեւմտյան բուհերում, որտեղ ամեն օր բազում սպորտային, ճանաչողական եւ ինչու չէ, նաեւ ուսանողական զվաճալի միջոցառումներ են կազմակերպվում: Արդյունքում, ուսանողները դասերից հետո չեն լքում բուհը ոչ միայն գրադարանում պարապելու նպատակով, այլ նաեւ որեւէ մի հետաքրքիր միջոցառման մասնակցելու ակնկալիքով: Դա ես շատ եմ կարեւորում, քանի որ համալսարանը դիտարկում եմ ոչ միայն գիտելիքի ձեւավորման եւ մասնագիտական հմտությունների ձեռքբերման դարբնոց, այլեւ անհատի ակադեմիական դաստիարակության միջոց:
Իսկ ինչպես ենք մենք աշխատում ուսանողության հետ` դասերից հետո: Այսօրվա մեր քաղաքականացված ուսանողական խորհուրդները ու բուհից բուհ աշխատանքի շտապող եւ ապրուստ հայթայթող դասախոսները ի զորու չեն բուհի տանիքի ներքո հետաքրքիր դարձնելու ուսանողի արտալսարանային ժամանցը: Եվ ավելին, պետք է խոստովանենք, որ ինքներս էլ առանձնակի ցանկություն չենք ցուցաբերում համալսարանական մթնոլորտի աշխուժացման համար: Սակայն եթե նման ցանկություն ձեւավորվում է, ապա արդյունքները գերազանցում են սպասելիքները: Բերեմ մի թարմ օրինակ:
Վերջերս, Երեւանի հյուսիսային համալսարանի դասախոսական անձնակազմը որոշեց մի կատակային տեսահոլովակ պատրաստել տարեմուտին ընդառաջ:
Եվ, ի զարմանս ինձ, այն այնպիսի մեծ արձագանք ստացավ բուհում, որ դասերից հետո ոչ միայն ուսանողները, այլեւ դասախոսները մնում էին համալսարանում եւ մասնակցում էին նկարահանման աշխատանքներին:
Կարդացեք նաև
Դասախոս-ուսանող անմիջական շփումները, թեկուզ ոչ ակադեմիական ոլորտում, անպայման տալիս են իրենց դրական արդյունքները կրթական համակարգում: Ուսանողը ավելի է նվիրվում իր համալսարանին, սկսում է սիրել նույնիսկ իր կողմից մինչ այդ «չսիրված» դասախոսներին, ջերմություն է գտնում համալսարանական միջավայրում, որն ի վերջո անուղղակիորեն նպաստում է կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Ուրեմն ժամանակն է, որ ուղիներ որոնենք համալսարանական միջավայրին լրացուցիչ թարմություն հաղորդելու եւ համալսարանական տանիքի ներքո ուսանողական արտալսարանային առօրյան առավել արդյունավետ ու հետաքրքրաշարժ կազմակերպելու համար:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկոտոր,
պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
26.12.2014
Թարմ համալսարան է պետք, հնացած, հիբրիդված, մեռնող ազգային միավորների համար: