Տարբեր հարցումներ տարբեր պատասխաններ են ցույց տվել
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի` Երեւանում անցկացված հարցումների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տարեկան աշխատանքը 5 բալանոց սանդղակում գնահատվել է 4,1 միավոր: Ասոցիացիան այս հայտարարությունն արել է՝ հիմնվելով իրենց կողմից հարցված ընդամենը 1066 երեւանցու պատասխանի վրա, որոնք նաեւ նշել են, թե դրական են վերաբերվում քաղաքապետին ու Երեւանում կատարված փոփոխություններին:
Ըստ այս հարցումների` պարզվում է, որ այդ 1066 հոգին Տարոն Մարգարյանի կողմից վերջին մեկ տարում իրականացված ծրագրերից տեսանելին համարում է քաղաքում նստարանների տեղադրումը, այգիների ու Երեւանի տեսքի բարեկարգումը եւ ասֆալտապատումը։
1066 հոգին նաեւ ցանկանում է, որ քաղաքապետարանն ավելացնի կանաչապատ տարածքները: Ավելացնենք նաեւ, որ այս հարցվածներից 82%-ը իր գոհունակությունն է հայտնել Երեւանի արտաքին տեսքի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Օրերս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հպարտությամբ ու արարողակարգով միացրեց գլխավոր տոնածառի ու ամբողջ Երեւանի տոնական լույսերը, որի համար Երեւանի համայնքային բյուջեից հատկացրել էր շուրջ 48 մլն դրամ: Զարմանալի է, որ այս ճոխության ու քաղաքապետից գոհ լինելու ֆոնին, այդ 1066 հարցվածներից գոնե տասը տոկոսին չի անհանգստացրել սոցիալական օգնության խնդիրը:
Հիշեցնենք, որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նմանատիպ հարցում էր իրականացրել դեռեւս ամռանը: «Առավոտի» հետ զրույցում Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ, օրինակ, իրենք առանձին քաղաքապետի աշխատանքը չեն գնահատել, որովհետեւ այդպես սխալ է:
Նրա ձեւակերպմամբ, իրենք էլ հարցումն իրականացրել են 1643 քաղաքացիների շրջանում՝ Երեւանի բոլոր համայնքներում: «Մենք գնահատականը տվել ենք յոթ չափանիշներով: Խմելու ջրի մատակարարում, փողոցների լուսավորություն, աղբահանություն, փողոցների ու բակերի մաքրություն, ասֆալտապատում, վերելակների աշխատանք, մանկապարտեզների մատչելիություն եւ սոցիալական օգնություն: Դրական գնահատականները եղել են 62%, բացասականները` 14,4% եւ մոտ 9%-ը կարծիք չի հայտնել: Մենք վերցրել ենք դրական եւ բացասական գնահատականների փոխհարաբերակցությունը ու ստացվել է, որ 1 բացասական գնահատականին գալիս է 3,4 դրական գնահատական եւ եթե սա վերափոխենք 5 բալանոց սանդղակի՝ ստացվում է 3,9 դրական գնահատական:
Ամենախոցելի կետը` դա սոցիալական օգնությունն է, որի դիմաց ամենացածր գնահատականն է ստացվել, սա իջեցնում է պատկերը, եթե սա հանեինք, լրիվ ուրիշ պատկեր կլիներ, բարձր ցուցանիշ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգը նաեւ հետեւյալն ասաց. «Եթե քաղաքը վերցնենք, որպես առարկայական միջավայր, գուցե «Գելլափ Ինթերնեյշնլը» ճիշտ լինի, բայց մենք վերցրել ենք մի համակարգ, որտեղ մարդիկ ապրում են, փոխհարաբերվում, իրար աջակցում եւ այլն: Սոցիալական օգնության պատճառով պատկերը փոխվում է ու դրա համար էլ քաղաքապետարանի աշխատանքն իրենց մոտ բարձր ցուցանիշ է արձանագրում»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12.2014