Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ ամսագրի փոխարեն ինտերնետն են «թերթում»

Դեկտեմբեր 27,2014 12:30

Կար ժամանակ, երբ ամսագիր ընթերցելը մոդայիկ էր, սակայն ներկայումս պատկերը փոխվել է, եւ մարդիկ ամսագրերի փոխարեն ինտերնետն են «թերթում»: Հայաստանը, ի տարբերություն մյուս երկրների, այս հարցում ցածր ցուցանիշ է գրանցել, քանի որ ամսագրերն ու հանդեսներն ինչպես լույս են տեսնում, այնպես էլ կարճ ժամանակ անց դադարում են տպագրվել: Այս առումով մի քանի խնդիր կա. մի կողմից՝ տպագրական բարձր ծախսերը, իսկ մյուս կողմից՝ ընթերցողների հետաքրքրությունն ու վստահությունը:
Ամսագրային բում էր հատկապես 2006-2011 թվականներին, քանի որ Հայաստանում լույս տեսավ ավելի քան 100 անուն ամսագիր, իսկ այժմ դրանցից միայն 10 տոկոսն է շարունակում գործունեություն ծավալել: Թե այդ ամսագրերը որքանով են նպատակային եւ ինչպես են պահպանում հրատարակչային միջազգային չափանիշները, այլ հարց է:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող մամուլի կրպակում շուրջ 10 տարի աշխատող Անահիտ Բարսեղյանը նշում է, որ ամսագրերն այլեւս նախկին վաճառքի ցուցանիշը չեն պահպանում. «Առհասարակ, հիմա շատ քիչ ամսագրեր կան, որոնք ունեն մշտական ընթերցողներ: Միայն շաբաթաթերթերի պարագայում է, որ ընթերցողներն ամեն շաբաթ մոտենում են կրպակին: Մոտ 5-6 տարի առաջ կային մի քանի ամսագրեր, որոնցից ամսվա ընթացքում վաճառում էի 50 օրինակ, իսկ հիմա մեկը կամ երկուսը: Փոխարենը լավ են վաճառվում հատկապես խոհանոցային ամսագրերը: Կարծում եմ՝ դա նույնպես մի որոշ ժամանակ կտեւի: Զարմանալի մի բան եմ նաեւ նկատել. կինը երեխայի հետ գալիս է կրպակ, լոտո է գնում, երեխան մորը խնդրում է հեքիաթների վերաբերյալ ամսագիր գնել, բայց հաղթում է փող շահելու ցանկությունը»:

Ընդունված ձեւի համաձայն՝ Հայաստանում եւս ամսագրերի ուղղվածությունները տարբեր են: Դրանց շարքում կարելի է տեսնել երիտասարդներին, երեխաներին, կանանց, տղամարդկանց, տնային տնտեսուհիներին եւ այլոց նվիրված տարաբնույթ ամսագրեր: Հարկ է արձանագրել, որ այդ ամսագրերի մեծ մասը Հայաստանում հրատարակվում են ոչ պարբերականությամբ: Շատ քիչ ամսագրեր կան, որոնք այդ օրինաչափությունը պահպանում են: Նախատեսված 12 համարներից մեզ մոտ լույս է տեսնում 5 կամ 7-ը, այն պարագայում, երբ արտասահմանյան ամսագրերը նույնիսկ անցնում են նախատեսված 12 համարները: Մեզանում ամսագիրը լույս է տեսնում այն ժամանակ, երբ այն պատրաստ է կամ ապահովել է գովազդի համար նախատեսված էջերը: Լուրջ խնդիր կա նաեւ գովազդի առումով, քանի որ գովազդատուներն այլեւս նպատակահարմար չեն գտնում իրենց արտադրանքը ներկայացնել ամսագրերի գունազարդ էջերում, փոխարենը այլ միջոցներ են մտածում՝ դրանք ըստ նպատակի ծառայեցնելու համար:

«ՄԱՐԻ» հրատարակչության գլխավոր խմբագիր Մարիամ Մելքոնյանի խոսքերով՝ իրենց 8-ամյա գործունեության շարժիչ ուժը ընթերցողներին հավատարիմ մնալն է: «Անկախ առկա դժվարություններից՝ մեր գործունեության ընթացքում փորձել ենք երբեք չխախտել ընթերցող-խմբագրություն անմիջական կապը: Կարծում եմ՝ դա էլ նպաստում է, որ ընթերցողներն ավելի շատ վստահեն այն աշխատանքին, որն իրականացնում ենք: Մեր խոհանոցային, մանկական ու առողջությանը վերաբերող ամսագրերն օգնում են տարբեր նախասիրությունների տեր մարդկանց: Ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել, ընթերցողին մատուցել նորն ու յուրօրինակը: Գնում են, ուրեմն հավանում են մեր ամսագրերը, իսկ դա կարեւոր նախապայմաններից մեկն է ամսագրային բիզնեսում»,- ասում է գլխավոր խմբագիրն ու հավելում, որ ցանկացած լույս տեսնող ամսագիր պետք է գոնե պահպանի գրագիտության աստիճանն ու կրեատիվ լինելու նոր մեխանիզմներ գործի դնի: Մարիամ Մելքոնյանն, այնուամենայնիվ, չի ժխտում, որ նախկինի համեմատ՝ իրենց ամսագրերի վաճառքը նույնպես թուլացել է, որի գլխավոր պատճառը մարդկանց կենսամակարդակի վատացումն է:

Եթե նախկինում Հայաստանում ամսագրերը լույս էին տեսնում 5-12 հազար տպաքանակով, ապա այժմ այն չի անցնում 4.000-ի սահմանը: Ինչպես հայտնի է՝ տպարաններում քիչ տպաքանակով ցանկացած տպագրական գործողություն կատարվում է ավելի թանկ գներով: Այս պարագայում մնում է ենթադրել, որ ամսագրերի վաճառքի գները տպագրական ծախսերի պատճառով նույնպես բարձր են: Բացի դրանից, համացանցի առկայության պարագայում մարդիկ նպատակաուղղված չեն գնել եւ ընթերցել ամսագրեր:
Թերթերի, ամսագրերի վաճառքով զբաղվող Արսեն Համբարձումյանը խնդիր է տեսնում հատկապես ամսագիր հրատարակողների մեջ: «Մեզանում հետաքրքիր բաներ շատ քիչ են արվում: Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ամսագրերում եւս թարմացումներ մտցնել, նոր մտահղացումներ կիրառել: Նոր սերունդը կարիք ունի ժամանակակից բաներ կարդալու: Շատ եմ լսում, երբ ասում են, որ հայկական ամսագրերի շապիկներին միշտ նույն մարդիկ են լինում, ընդ որում՝ ճիշտ նույն ձեւաչափերով: Համաձայն եմ, որովհետեւ Հայաստանում անդրադառնում են նրան, ինչը հետաքրքրություն է առաջացնում ,- ասում է պարոն Համբարձումյանն ու փաստում, որ թուլացել է նաեւ արտասահմանյան ամսագրերի վաճառքը,- այս պարագայում ռուս գործընկերները նույնպես բողոքելու պատճառ ունեն. չէ՞ որ հասարակության վերաբերմունքն է փոխվել (ծիծաղում է-Հ. Վ.)»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031