2010 թ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ըստ որի՝ պարտավորվում է մինչև 2022թ կրթության ոլորտում վերացնելու խտրականությունները և կազմակերպելու միասնական ուսուցում:
Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման աշակերտներից 2-ն արդեն տեղափոխվել են հիմնական դպրոց: Այդուհանդերձ, դասղեկ Ծովինար Հակոբյանի խոսքով, երեխաները շարունակում են իրենց խեղճացած զգալ, քանի որ տարբերվում են մյուսներից: «Հատուկ դպրոցի ուսումնական պլանը ենթադրում է ամեն մեկի հետ անհատական աշխատանք. պետք է օգնել երեխային, համոզել, անընդհատ պահել ուշադրության կենտրոնում»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր այցելության ժամանակ դասարանում նկատելի հուզմունք էր տիրում. աշակերտները պատրաստվում էին Նոր տարվա հանդեսի: Պարզվեց, որ ամենամյա ավանդույթի համաձայն՝ Ձմեռ պապին նամակ են գրել: Ցանկությունները տարբեր են եղել՝ համակարգիչ, հեռախոս, ժամացույց, խաղալիքներ, ոմանք նույնիսկ ոսկե զարդեղեն են ուզել: Համոզված են, որ Ձմեռ պապն անպայման կիրագործի իրենց ցանկությունները, քանի որ այս տարի բարձր գնահատականներ են ստացել:
Կարդացեք նաև
Միջոցառումը բազմաժանր էր՝ ամանորյա երգեր, պարեր, հանելուկներ, ասմունք: «Դե որ տղամարդ ես, գնա՛, եղևնի բե՛ր»,- բղավում է Ուստիանը և Նազարին դուրս հանում տնից: Բարեբախտաբար Քաջ Նազարին օգնության են հասնում հեքիաթային հերոսները և անտառի ամենագեղեցիկ եղևնին նվիրում զայրացած կնոջը:
Միջոցառման ավարտին մանկավարժն ափսոսանքով նշեց, որ իր սաներից երեքը լեզվական արատ ունենալու պատճառով չեն ցանկացել մասնակցել հանդեսին: Փոքրիկ Ալիկը, ով խոսքի խանգարում ունի, մեկ ամիս շարունակ կամացուկ ձայնով արտասանել է իրեն բաժին ընկած «Ձյուն է իջնում փաթիլ-փաթիլ» բանաստեղծությունը, սակայն վերջին պահին ամաչել է բեմ դուրս գալ:
Տիկին Հակոբյանը կարևորեց երեխային բարդույթներից ազատելու հարցում ծնողների մասնակցությունը: «Ոմանք նույնիսկ չեն հետաքրքրվում իրենց երեխայով: Երբեմն մանկավարժներն են կոշիկ և հագուստ գնում աշակերտի համար»:
Հանդեսի ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ Կարենը, երկրորդ դասարանում է սովորում: «Երբ նոր էր տեղափոխվել մեզ մոտ, մի բառ անգամ չէր ասում: Համոզում էի, որ խոսի, ձայնը լսեմ»,- պատմում է դասղեկը: Մեկ տարվա ընթացքում հասցրել է հաշվել սովորել, տարբերակել երկրաչափական պատկերները, գույները, կողմնորոշվել տարածության մեջ:
Էրիկը աուտիզմի սինդրոմ ունի: Նա խմբում նորեկ է, երկրորդ շաբաթն է դասի հաճախում: Դասղեկի բնորոշմամբ՝ ընդունակ է, ամեն ինչ հասկանում է, սակայն չի խոսում:
9-րդ դասարանցի Իսահակին բոլորը սիրում են իր պարկեշտության համար: Վերջինս փոքրուց կակազում է և դժվարությամբ է խոսքը ձևակերպում:
Հանդիպման վերջում իր արտիստիկ կեցվածքով աչքի ընկած «Նազարին» հարցրինք, թե ի՞նչ կմաղթեր իր ընկերներին և ընտանիքի անդամներին: «Ուզում եմ, որ Նոր տարին ուրախ լինի, քույրս ու եղբայրս խելոք մնան, պապան ու մաման լավ ապրեն»,- ասաց 10-ամյա Հարութը:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Երեխեք ջան, սեռոժ ղարա աղացին է լավ ապրում, էլ մոշ չի քաղում, որ կոշիկ առնի, բայց դրանից ձեզ ինչ օգուտ: