Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզի տարածքում գործող ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրեց տարեվերջյան մամուլի ասուլիսը:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ մարզի ղեկավարը եկող տարում մարզի տնտեսության մեջ նշմարելի հաջողություն է սպասում Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցությունից, առավելապես այն հաշվով, որ Գեղարքունիքի մարզի տասնյակ հազարավոր ընտանիքներ արտագնա աշխատանքով են զբաղված ԵՏՄ տարածքում, եւ 2015 թվականից նոր տնտեսական միության աշխատաշուկայում մեր հանրապետության քաղաքացիների համար ստեղծվելու են նոր, իրավահավասար պայմաններ:
Մյուս կողմից էլ գյուղմթերքների արտահանման համար ստեղծվելու են լայն հնարավորություններ: «Կարծում եմ, որ դրական արդյունքները տեսանելի կլինեն հենց գալիք տարվա առաջին կամ երկրորդ կիսամյակի ընթացքում: Մեր մարզի բնակչությունն էլ հավատով է լցված նոր տնտեսական միության նկատմամբ: Բայց բոլորս պետք է մեր անդուլ աշխատանքով կարողանանք ապահովել մեր տեղն այդ նորաստեղծ միությունում»,-իր կարծիքն արտահայտեց մարզպետը: