Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի գողության փաստով քննիչի դեմ գործը դատարանում է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2014 22:04

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր Քննչական կոմիտեի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանի կայացրած քրեական գործը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջով հայցադիմումը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 15-ին Ն.Ն.-ի` ծննդատնից դուրս գրվելուց դեռ 1 ժամ էլ չանցած, ինչպես կինն է վստահեցրել, նորածնին գողացել է իր ծանոթ Էդիսոն Ադյանը: Այս կապակցությամբ, որոշ ժամանակ անց կինը դիմել էր իրավապահ մարմիններին, գործով զբաղվել է Քննչական կոմիտեի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանը, որն, ըստ Ն.Ն-ի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի՝ կարեւոր ապացույցներ թաքցնելով, ու կարեւորագույն գործողություններ չկատարելով՝ որոշում է կայացրել կարճել քրեական գործը:

Կարճման որոշումը վերացնելու պահանջով հայցադիմումի դատական քննությունը դատավորը նիստը նշանակեց 2015 թվականի փետրվարի 6-ին, եւ հորդորեց ապահովվել քննիչի ներկայությունն ու քրեական գործի առկայությունը:

Aravot.am-ի հետ զրույցում Ն.Ն.-ի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ քննիչը որոշումը հետին ամսաթվով է թվագրել, քանի որ իրենք ՀՀ գլխավոր դատախազություն դիմում էին գրել, որպեսզի քննիչի գործողությունների վերաբերյալ իրավական գնահատական եւ որոշակի ցուցումներ տային, ինչն այդպես էլ չի եղել: Փաստաբանի պատմելով, իրենց դիմումն անընդհատ այլ մարմինների էին հասցեագրում, եւ որեւէ նշում չի եղել, որ ասենք` գործը կարճվել է:

Այս մասին մանրամասն`տեսանյութում

Փաստաբանը նաեւ վստահեցնում է, որ քննիչը պետք է դատագենետիկական փորձաքննություն նշանակեր, պարզելու` արդյոք Էդիսոն Ադյա՞նն է երեխայի հայրը. «Քննիչը դա էլ չի նշանակել: Մենք ձեռքի տակ ունենք կեղծ տվյալներով երեխայի ծննդյան վկայական, որը Ն.Ն.-ին տրամադրել է բժիշկ Հրաչ Կալուստյանը, այս ուղղությամբ էլ քննիչի որոշման մեջ նշված չէ, փորձաքննություն արել են, թե` ոչ»:

Նշենք, որ Ն.Ն.-ն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին էլ նամակ էր գրել, որպեսզի քննիչի գործողություններին ուշադրություն դարձնի եւ իրավական գնահատական տա, սակայն որեւէ արձագանք չի եղել:

«Առավոտը» երեխայի գողության դեպքի մանրամասներին անդրադարձել է դեկտեմբերի 20-ի «Երեխայիս գողացել են» հրապարակմամբ, որտեղ Ն.Ն.-ն պատմում է, թե ինչպես է իր ծանոթ բժիշկ Հրաչ Կալուստյանն այս հղի կնոջը ծանոթացրել Էդիսոն Ադյանի հետ, հետո այս 2 տղամարդիկ Ն.Ն.-ի մոտ ձեռք են բերել վստահություն, աջակցություն են ցուցաբերել, ակնկալելով, որ Ն. Ն.-ն ֆինանսական ու առողջական ծանր վիճակից ելնելով՝ գուցե երեխայի խնամքը հանձնի Էդիսոն Ադյանին: Մինչդեռ, կնոջ պատմելով, ամեն անգամ, երբ երեխային իրենից վերցնելու խոսք է եղել, ինքը հրաժարվել է:

«Առավոտի» դեկտեմբերի 26-ի «Երեխայի կռիվ. առանց գենետիկ փորձաքննության երեխային մորից բաժանել է եւ հայրություն է անում» հրապարակման մեջ էլ Էդիսոն Ադյանն ու նրա ներկայացուցիչն իրենց տեսակետներն են հայտնել դեպքի վերաբերյալ:

Հիմա արդեն 1 տարի է 35 ամյա Ն.Ն.-ն փորձում է վերադարձնել իր երեխային: Ն.Ն-ի պատմելով, Էդիսոն Ադյանը, չլինելով երեխայի գենետիկական հայրը՝ խաբեությամբ երեխայի ծննդյան վկայականում որպես հայր է գրանցել հենց իր անունը, ու երեխային Հայաստանից դուրս տարել: Հիմա, ըստ Ն.Ն.-ի, երեխան, որի անունը Արթուր է, Էդիսոնի ընտանիքի հետ բնակվում է Արցախի Մարտակերտի շրջանի Պողոսգոմեր գյուղում:

Ն.Ն.-ն մեզ հետ զրույցում ասաց, որ մտավախություն ունի, թե իր երեխային Ադյանը կարող է Արցախից էլ, Հայաստանից էլ դուրս տանել, ու ինքը վերջնական կորցնի փոքրիկին. «Վախենում եմ, որովհետեւ, մի քանի անգամ երբ Ադյանին ասել եմ, որ ուզում եմ երեխային տեսնել, պահանջել եմ երեխայիս բերի տեսնեմ, ասել է`երեխան այստեղ չէ, հեռու է, Ռուսաստանում է»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի Արագ արձագանքման խմբի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031