Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Արծվանիկ, Շիկահող, Խդրանց, Գեղանուշ եւ եւս 5 գյուղական համայնքներում նախատեսվում են նավթի եւ գազի պաշարների հետախուզության աշխատանքներ իրականացնել:
Իռլանդական «Բլեքսթերզ էներջի Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դեռեւս 2007թ.-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների ու բնապահպանության նախարարությունների հետ կնքած պայմանագրի համաձայն` 5 տարի ժամկետով ստացել է հատուկ ուսումնասիրության լիցենզիա/այն կարող է երկարացվել եւս 4 տարով/, որի շրջանակներում նախատեսում է երկրաբանական ուսումնասիրությունների, սեյսմիկ հետազոտությունների եւ հորատման աշխատանքների միջոցով` նավթի եւ գազի հետախուզություն իրականացնել տվյալ տարածքներում:
«Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ ընկերության աշխատակիցներն իրականացվող ծրագրի վերաբերյալ այսօր Սյունիքի մարզպետարանում գյուղական համայնքների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` հանրային քննարկում էին կազմակերպել եւ ներկայացրել հետախուզման ծրագրի մանրամասները:
Ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Վարդանյանի խոսքով` 2015թ.-ին նախատեսում են սեյսմահետախուզական աշխատանքներ իրականացնել Սյունիքի, ինչպես նաեւ Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում: Սյունիքի մարզում 2015-2016թթ. նախատեսված է ծրագրի նախնական փուլի շրջանակներում` սեյսմահետախուզական թեսթավորում անցկացնել, որից հետո պարզ կլինի հեռանկարայի՞ն է հարավային մարզում հորատումներ անել, թե՞ ոչ: Զրուցակցիս խոսքով` Սյունիքն ի տարբերություն մյուս երկու մարզերի, ամենաքիչ հետազոտված տարածքն է:
Հանրային քննարկմանը ներկա նշված ծրագրում ընդգրկված գյուղական համայնքների ղեկավարները դրական արձագանքեցին եւ նախնական իրենց համաձայնությունը հայտնեցին համայնքներում նավթի եւ գազի պաշարների հայտնաբերմանն ուղղված ծրագրի անցկացմանը, նշելով, որ միայն ուրախ կլինեն եթե պաշարներ հայտնաբերվեն տարածքներում, քանի որ այն կնպաստի գյուղական համայնքի տնտեսության զարգացմանը:
Համայնքի ղեկավարները նաեւ իրենց մտահոգությունը հայտնեցին եւ կազմակերպիչներից հետաքրքրվեցին, թե որքա՞ն են անվտանգ լինելու այդ աշխատանքները շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության համար:
«Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ ավագ երկրաֆիզիկոս Գեորգի Ասլանյանը վստահեցրեց, որ համապատասխան աշխատանքները վտանգավոր չեն մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար եւ անհանգստանալու կարիք չկա:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին նշեցին, որ դեմ չեն որեւէ արդյունաբերական ընկերության գործունեությանը, ուղղակի իրենց պահանջն ու ցանկությունն այն է, որ ցանկացած արդյունաբերության դեպքում շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս հասցվի:
Մանրամասները` տեսանյութում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Աստված տա ոչինչ չգտնեն: Հանքային ու գետային (հէկ-ային) տեռորի՛զմը փոքրիկ Սյունիքին լրիվ բավարար է:
Իռլանդակա՞ն «Բլեքսթերզ էներջի Արմենիա». օֆշորի հոտ փչեց:
ՀԳ. Աստված անգյալ ազգերին է «միայն ընդերք տալիս»: Հայաստանում բացի հողի տակի խորշերից,կա նաև հողի վրա՛ տարածք:
Թուրքերը,մեծ թուրանի հեղինակները՝ Զանգեզուրի վրա միշտ էլ աչք են ունեցել եւ քանի, որ դրանց հոտառությունը նաֆթի հարցում անզգա չի,ուրեմն հետազոտումը ավելորդ չէ,տա աստված, որ արդյունավետ լինի,մեր կախվածությունն էլ դրանցից կպակասի,ազերիների սիրտն էլ կպայթի…
Ենթադրենք նավթ հայտնաբերվեց: Դրանից սյունեցի՞ն է օգտվելու: Այսօր Սյունիքում շահագործվող հանքերից ստացված եկամուտների մեծագույն մասը (հարյուր մլն.-ավոր դոլարներ) կորում է օֆշորային բանկի հաշիվներում. շարքային սյունեցուն մնում է միայն պոչամբարն ու հանքային փոշին… ու PR-ցուցադրակա՛ն հանքատերերի «բարեգործությունը»: «Աշխատատեղեր ստեղծելու» բլեֆով էլ արդեն շատերը չեն խաբվում:
Մերի ջա՜ն 🙂
Ա. ՍՊԸ նշանակում է «Սահմանափակ պատասխանատուութԵԱՄԲ ընկերութիւն» (հարց՝ ինչՈ՞Վ – պատասխանատուութԵԱՄԲ): Ուստի՝ գործիական հոլով:
Բ. Լիցենզիա բառը հայերէն կոչւում է ԱՐՏՕՆՈՒԹԻՒՆ:
Գ. «ՆԵՐԿԱՅ ԳՏՆՈՒԵԼ» սխալ է: Մի՞թէ ասում ենք «այսինչ մարդը բացակայ է գտնուել» 🙂 Ուստի՝ ներկայ կամ բացակայ ԼԻՆՈՒՄ ԵՆ, ոչ թէ գտնւում:
Իսկ այս յօդուածում կարող էիք պարզապէս գրել « ,,, քննարկմանը ներկայ ղեկավարները ,,, » (առանց ԳՏՆՈՒՈՂ բառի):
Դ. ՖիզիկՈՍ, քիմիկՈՍ: Ուստի պէտք է գրել ԵՐԿՐԱՖԻԶԻԿՈՍ, այլ ոչ՝ երկրաֆիզիկ:
Ե. Շնորհաւոր Ամանոր 🙂