Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Հայաստանում թույլ դպրոց ունենալու իրավունք չունենք». Աշոտ Ալիխանյան

Դեկտեմբեր 26,2014 20:41

«Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր շրջանավարտներն են,- ասում է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը,- «այս տարվա 73 շրջանավարտներից մեկն ուսումը շարունակում է Իտալիայում, մեկը՝ ՌԴ-ում, 26-ը՝ Ամերիկյան համալսարանում, 8-ը՝ Ֆրանսիական համալսարաում, 47-ը՝ Հայաստանի մյուս բուհերում: Ճեմարանի 3 շրջանավարտներ ֆիզիկայի բնագավառում կատարած կարևոր հետազոտությունների համար արժանացել են ՀՀ նախագահի հատուկ մրցանակի: 100-ից ավելի շրջանավարտներ գիտությունների թեկնածու են»:

Ա. Ալիխանյանը հպարտանում է ևս մեկ ձեռքբերմամբ. «2013-2014 թթ. ճեմարանը Միջազգային բակալավրիատ կազմակերպության կողմից հավաստագրվեց բոլոր երեք՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցների ծրագրերով՝ դառնալով Հայաստանում Միջազգային բակալավրիատի առաջին ամբողջական կրթահամալիրը»,- նշեց տնօրենը՝ նկատելով, որ 144 երկրներում այսօր գործող Միջազգային բակալավրիատի 5000-ից ավելի դպրոցների ընդամենը 6%-ն է միաժամանակ իրականացնում բոլոր 3 ծրագրերը:

«Մենք Հայաստանում թույլ դպրոց ունենալու իրավունք չունենք: Որևէ աշակերտ չպետք է մտածի, որ իր դպրոցը թույլ է կամ իր ուսուցիչը վատն է, մանավանդ որ, Հայաստանի կրթական ծրագրերը շատ ուժեղ են, կրթական չափորոշիչները՝ նույնպես: Պարզապես, ոչ մեկ դրանք չի կատարում, իսկ մեր ճեմարանը կատարում է: Հնարավոր չէ, որ դրանք կատարես ու բարձր մակարդակի չհասնես»,- վստահ է Ա. Ալիխանյանը:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ճեմարանի տնօրենի խոսքով՝ դրանք միայն ֆինանսական են. «Մենք ամեն ինչ մեր ուժերով ենք անում: Պետությունից ստացած չնչին գումարները չեն բավականացնում ճեմարանի ծախսերը հոգալու համար, մանավանդ, որ կիսաքանդ մասնաշենքերն այսօր իսկապես վերանորոգման կարիք ունեն: Մենք հովանավորներ էլ չունենք: Ճիշտ է, մեկ-երկուսը եղել են, բայց նրանց անունները չարժի էլ տալ, քանի որ այնքան չնչին են եղել գումարները, որ ամոթ էլ է խոսել դրա մասին»,- ասաց Ա. Ալիխանյանը և հավելեց, որ մի քանի վարկեր են վերցրել բանկից մասնաշենքերը կարգի բերելու համար. «Զարմանալին այն է, որ մեր բանկերն այդ վարկերը մեզ նույն տոկոսադրույքով են տրամադրում, ինչ տոկոսադրույքով տրամադրում են խաղատներ կամ հյուրանոցներ կառուցելու համար,- ասում է Ա. Ալիխանյանը,- ցավալի է, բայց դպրոցը ոչ մի արտոնություն չունի Հայաստանում: Երբ ես արտասահմանում պատմում եմ, որ մենք վարկը տոկոսներով ենք վերցնում, չեն հավատում, ասում են՝ ինչպե՞ս, բա համայնքն ո՞ւր է, բա պետությունն ո՞ւր է»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031