Տաքսու վարորդ Արտաշեսը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին առաջարկեց «տղավարի լուծել» «ջիփավորների» հարցը, որոնք ամեն անգամ իրենց թանկարժեք ավտոմեքենաները կանգնեցնում են տաքսիների համար նախատեսված կայանատեղիներում. «Դուխն էլ ունեք, հնարավորությունն էլ, լիազորությունն էլ, ինչքան պետք է տաքսու վարորդը հոլի պես պտտվի, կայանատեղիներն այն կետերում դրեք, որ տրամաբանական լինի, աջ ու ձախ տաքսու վարորդներին ռմբակոծում են, ուսանողները նստած, օրենքները չգիտեն նկարում են»:
Այսօր Գագիկ Բեգլարյանը տաքսու վարորդների հետ հանդիպում էր կազմակերպել` տաքսի ծառայություններին ու անհատ տաքսիստներին վերաբերող նոր օրենքը քննարկելու:
Պարոն Բեգլարյանն, արձագանքելով վարորդ Արտաշեսի մտահոգություններին, ասաց, որ քաղաքապետարանի հետ կքննարկեն նոր կայանատեղիներ տրամադրելու հարցը: Պարեն Բեգլարյանի խոսքերով, տրանսպորտի եւ կապի նախարարությունը այս նոր կարգով 10-15 հազար դրամով թեթեւացրել է տաքսիստների բեռը, բացի այդ, բուժզննումն ու տեխզննումը հանել է:
Նախարարի պատասխանը` տեսանյութում
Կարդացեք նաև
Վարորդներից մեկը` Մխիթարը Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց, թե ինչպես պետք է ստաժ հավաքեն, եթե տաքսին որպես անհատ, ֆիզիկական անձ վարեն:
Նախարարության ներկայացուցիչը պարզաբանեց, որ կարող են օգտվել կամավոր կուտակային համակարգից:
«Պարտադիր կենսաթոշակային համակարգը 70 թվականներին ծնվածների վրա էլ եք հա՞ տարածում»,-արձագանքեց վարորդ Մխիթարը:
Նախարարն անդրադառնալով վարորդների այն դժգոհություններին, թե դեղին պետհամարանիշը անհարմարություններ է առաջացնում ասաց. «Դեղին համարանիշ չէին ուզում, ասում էին` ընտանիքի անդամները ուզում են այդ մեքենայով հարսանիք գնան, չեն ուզում, որ դեղին պետհամարանիշով մեքենան լինի կամ ուզում են գնան հանգստանալու եւ այլն: Դաշտը հավասարեցնելու համար է այդ արվում, արտերկրից եկած տուրիստի, հյուրի առաջին շփումը ձեր հետ է, դուք ներկայացնում եք մեր պետությունը եւ թողնենք, որ սիրողական վարորդ լինի՞ տաքսու վարորդը: Պահանջները լինելու են բոլորի համար եւ բոլորի նկատմամբ խստացնելու ենք չափանիշները: Արտոնյալ վարորդներ չեն լինելու, դաշտում բոլորը հավասար են լինելու, որպեսզի հավասար դաշտում կարողանան մրցակցել»:
Նախարարը հորդորեց ըստ էության, նոր օրենքից խոսել, որպեսզի 3 տարի հետո չգան ու ասեն, որ օրենքը թերություններ ունի:
Վարորդները դժգոհեցին, որ լինելով հարկատուներ, վճարելով բարձր հարկու տուրքեր, չեն կարողանում բանկերից հիպոթեքով կամ ապառիկով ապրանք վերցնել:
Նախարարն ասաց, որ կփորձի այդ հարցը բանկերի հետ քննարկել:
Հարցին, թե երբ կունենանք լողացաց, սափրված, կոկիկ ու մաքուր տաքսու վարորդներ, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Այս օրենքը թույլ է տալիս ունենալ լողացած, սափրված վարորդներ: Այս օրենքով մրցակցություն է լինելու»:
Նախարարի մեկնաբանությունները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ