Այսօր մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշմանը: Հետաքրքիրն այն է, որ այս թեմայի մասին խոսելիս Շիրակի մարզպետը, ի տարբերություն այլ պաշտոնյաների, զերծ մնաց ճոռոմ խոսքերից ու գովաբանություններից, այլ խոսեց ընդամենը մեկ առավելության մասին:
«Մեր երկրում լուրջ քաղաքական կուրսի փոփոխություն եղավ, փաստորեն պարզ, հայտնի դարձավ մեզ. մենք դարձանք Եվրասիական միության անդամ, մյուս տարվանից մենք անդամ ենք: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ կապված շատ կարևորում եմ մեր քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունը: Մեր պետության հոգածությունը մեր նկատմամբ, չեմ կապում Եվրասիական տնտեսական միության հետ, ես կապում եմ նրա հետ, ինչ-որ տրամադրում է մեզ…Տեսեք խնդիրներ ունենք Գյումրի քաղաքի հետ կապված, չեմ ասում ինչի մասին է խոսքը, շատ օգտակար է մեզ համար, որովհետև Գյումրին մի քիչ ֆինանսական խնդիրներ ունի »,- գյուղապետերի համար մատչելի լեզվով բացատրեց Շիրակի մարզպետը:
Մարզխորհրդի նիստից հետո լրագրողները այս նույն հարցը տարբեր ձևակերպումներով նորից հղեցին պարոն Ցոլակյանին ՝ հետաքրքվելով, թե ի՞նչ կարող է տալ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին, երբ Ռուսաստանի տնտեսությունը կատաստրոֆիկ վիճակում է: Ի պատասխան լրագրողների հարցերի, պարոն Ցոլակյանը մի քանի անգամ շեշտեց, որ ինքը տնտեսագետ չէ, որ տնտեսական հաշվարկներ կատարի, սակայն այն կարծիքին է, որ մեր բնակիչները ազատ տեղաշարժ կունենան ՌԴ: «Մեր մարզի բնակչությունը տրադիցիոն, միշտ էլ դրսերում աշխատել է, եթե վերցնես Սովետական միության ժամանակ Արթիկի գյուղեր կային, որոնց տղամարդիկ հայտնի խոպան գնացողներ էին: Եվ էս ժողովուրդը գնում էր, էս տարի անբարենպաստ եղավ էն մասով, որովհետև և դոլարի կուրսը մի քիչ մարդկանց աշխատանքի համար անբարենպաստ եղավ, պակասեց իրենց եկամուտը և տեղաշարժի հետ կապված խնդիրներ եղան, որովհետև Ռուսաստանում օրենքներ ընդունվեցին, որոնք բավականին անբարենպաստ էին էդ մարդկանց համար, որոնք էնտեղ գտնվում էին»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ