Aravot.am-ը այսօր` դեկտեմբերի 26-ին, «Ուրբաթ» մամլո ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի անդամ Կարո Եղնուկյանից հետաքրքրվեց, թե արդյոք հիմնադրամը «Նախախորհրդարանի» անդամների հրկիզված մեքենաների վնասը փոխհատուցե՞լ է: Նա պատասխանեց, որ դրամահավաքի ընթացքում հավաքվել է այնքան գումար, որ կարող են փոխհատուցել բոլոր հրկիզված մեքենաների վնասը.
«7 ավտոմեքենաներից 4-ինն արդեն փոխհատուցվել է, իսկ 3-ին էլ սպասում ենք, որ իրենք ներկայացնեն ծախսերը: Սա շատ ողջունելի էր, որովհետեւ արդեն 1 տարի է՝ հորդորում ենք, որ պետք է մեզ տեր կանգնենք: Չպետք է թույլ տանք, որ այդ մարդիկ լքված լինեն: Մենք պետք է այդ մարդկանց կողքին լինենք դժվարին պահերին»:
Կարո Եղնուկյանի խոսքերով` այդ եղանակով բռնություն կիրառողին ցույց են տալիս, որ իրենց գործողությունները հակառակ ազդեցությունն են ունենում. «Ցույց ենք տալիս, որ չեն կարող վախեցնել այդ մարդկանց, կաշկանդել ֆինանսապես, հոգեպես, երբ որ ուրիշները մարդկանց կողքին կանգնած են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ