Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության միջազգային իրավական պայքարն արդեն իրավական ուղեցույց ունի

Դեկտեմբեր 26,2014 17:25

Ուսումնասիրվել են Հայոց ցեղասպանության համար Թուրքիային պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը, և, արդյունքում, Հայոց ցեղասպանության միջազգային իրավական պայքարն արդեն իրավական ուղեցույց ունի:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» թեմայով համաժողովը և «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» խորագրով իրավական ուղեցույցի շնորհանդեսը:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել և ուղեցույցում ներկայացվել են Հայոց ցեղասպանության նկատմամբ կիրառելի իրավունքի հարցը և արարքի որակման խնդիրը, Թուրքիայի պատասխանատվության հնարավոր ձևերը՝ ըստ միջազգային իրավունքի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցի բարձրացման հնարավոր տարբերակները և այլն։

Ծրագիրն իրականացրել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում:

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր Վլադիմիր Վարդանյանը գտնում է, որ իրավական հարթության վրա մենք բավականաչափ հնարավորություններ ունենք՝ ներկայացնելու համապատասխան պահանջներ տարբեր ատյաններում. «Փաստագրական այն նյութերը, որոնք հավաքվել են երկար տարիների ընթացքում, այժմ իրավական բովանդակություն են ստանում»,- ասում է նա։

ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի դիտարկմամբ՝ վերջին շրջանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարվում Ցեղասպանության հարցն իրավական դաշտ տեղափոխելու ուղղությամբ. «ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների միջոցով որոշակի աշխատանքներ են իրականացվել, որոնք, կարծում եմ, կնպաստեն իրավական հարթության վրա ունենալու որոշակի փաթեթ, որը պատեհ առիթի դեպքում կկարողանանք ներկայացնել միջազգային դատական ատյաններ»,- ասում է պատմաբանը։ Ըստ նրա՝ միակ դատական ատյանը, որտեղ կարելի է հարցը բարձրացնել և հասնել հաջողության, ՄԱԿ-ի Միջազգային դատարանն է. «Մեր հետազոտությունները հիմնականում խարսխված են հենց այդ ուղղության վրա, որպեսզի այդ դատական ատյանի միջոցով հասնենք հաջողության։ Ակնհայտ է, որ Թուրքիայի Հանրապետությունը կամավոր չի ցանկանում որևէ քայլ կատարել այդ ուղղությամբ: Էրդողանի հայտարարությունները դրա վառ ապացույցն են»,- ասաց Ա. Մարուքյանը՝ հավելելով, որ Թուրքիայում կարծում են, թե ներողությամբ կարող է ամեն ինչ ավարտվել. «Բայց մենք այդպես չենք կարծում, հակառակը՝ ներողությամբ ամեն ինչ սկսվում է, որովհետև հնարավոր չէ միլիոնավոր մարդկանց սպանել ու միայն ներողություն խնդրելով հարցը փակել։ Դա նույնն է, որ մարդասպանը ներողությամբ ազատվի պատասխանատվությունից: Այդպես չի լինում: Իսկ այս դեպքում խոսքը մեկ մարդ սպանելու մասին չէ: Խոսքը մի ողջ ժողովրդի ոչնչացման, նրա հայրենիքին տիրանալու, ունեզրկման մասին է, և բոլոր այս հետևանքները, որոնք առկա են Հայոց ցեղասպանության իրագործման առումով, առանձին քննարկման առարկա պետք է դառնան»,- համոզված է Ա. Մարուքյանը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031