Այսօր «Օյունջյան» դպրոց-վարժարանի դահլիճում տեղի ունեցավ Շիրակի մարզի տարեվերջյան ամփոփիչ մարզխորհրդի նիստը: Սկզբում, ինչպես միշտ, ելույթ ունեցավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը՝ համայնք առ համայնք հրապարակելով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները:
Այնուհետ 2014 թվականը ոլորտ առ ոլորտ ամփոփեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: «Երկու հարցերի շուրջ եղան զեկուցումներ, առաջինը՝ հարկային մուտքի հետ կապված, ասեմ, որ, ընդհանուր առմամբ վիճակը բավականին լավ է, առանձին համայնքներում, իհարկե, որտեղ որ լավ չէ, լավ չէ: Գիտեք արդեն խրոնիկ է դարձել, համայնքներ կան, որոնց անունը բոլոր զեկուցումների մեջ խրոնիկ, անընդհատ շեշտադրվում է: Ես առաջարկում եմ տարածքային կառավարման վարչությանը, որ եկող տարի այս հարցով մոտեցումները մի քիչ փոխեն: Առաջարկություններ մտցրեք, քննարկումներ մտցրեք և շարունակեք մինչև վերջ…Պետք չէ, մենք չենք կարողանում անեն անգամ դաստիրակենք, դայակ չենք: Մարդը վերջը ընտրված մարդ է , աշխատում է, պետք է, որ նորմալ աշխատի , առաջին հերթին պետք է համայնքի առաջ պատասխանատու լինի, ոչ թե մեր: Վաղը մյուս օր ընտրություններ են, քիչ է մնացել, ուշադիր եղեք իրենց համայնքապետի գործունեությունը ճիշտ ներկայացվի համայնքին», -ասաց մարզպետը:
Կարդացեք նաև
Ըստ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի հրապարակած թվերի, Շիրակի մարզում սեփական եկամուտները կատարվել են 95,6 տոկոսով, նախատեսված 1 միլիարդ 825 միլիոն եկամուտների դիմաց հավաքագրվել է 1 միլիարդ 446 միլիոն դրամի սեփական եկամուտ: Սեփական եկամուտների հավաքագրմամբ առաջին տեղում Արթիկի տարածաշրջանն է, որը կատարել է 97, 5 տոկոսով, ամենավերջին տեղում Ամասիայի տարածաշրջանն է, որը կատարել է 80,6 տոկոսով: Արթիկից հետո երկրորդ տեղում Անիի տարածաշրջանն է. կատարել է 90,1 տոկոսով, 3-րդ տեղում Ախուրյանի տարածաշրջանն է՝ 84,2 տոկոսով, իսկ նախավերջին տեղում Աշոցքի տարածաշրջանն է, որն ապահովել է 82, 4 տոկոսով:
Մարզպետը իր ելույթում խոսեց նաև Շիրակի մարզում կատարված ներդրումների, խնդիրների, վթարային շենքերի ու նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ