«Կան քրեակատարողական հիմնարկներ, որտեղ առհասարակ բժիշկ գոյություն չունի»,- այսօր` դեկտեմբերի 26-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի դիտորդ Նարե Մեսրոպյանը:
Նա որպես գլխավոր խնդիր առանձնացրեց հոգեբույժների ներգրավումը քրեակատարողական հիմնարկների աշխատանքում, ըստ նրա` քիչ չեն դատապարտյալները, որոնք նրանց կարիքն ունեն: Նարե Մեսրոպյանի խոսքերով` խնդիրներից է նաեւ նեղ մասնագիտական դեղորայքի ներգրավվածությունը դեղորայքի ցանկում, նա համարում է, որ քրեակատարողական հիմնարկը պետք է հնարավորություն ունենա դատապարտյալին ապահովել դեղորայքով, որպեսզի խնդիր չառաջանա, որ դատապարտյալը ինքը դրսից իրեն անհրաժեշտ դեղորայքը բերի:
«Քրեակատարողական հիմնարկներում ամենահասարակ բանը, օրինակ` գլյուկոմետրը, ցանկալի է, որ լինի եւ շաքարային դիաբետով հիվանդներին ինչ-որ կերպ կարողանան մոնիթորինգ անել: Ատամնաբույժի աթոռի հարմարությունն էլ է անհրաժեշտ, որը որոշ քրեակատարողական հիմնարկներում բացակայում է»:
Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Արայիկ Զալյանը հավելեց, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը տարիներ շարունակ բժիշկ չունի, այդ հարցը դիտորդական խումբը բազմիցս բարձրացել է, բայց մինչեւ այժմ այն լուծում չի ստացել. «Հարցը նրանում է, որ որեւիցե բժիշկ չի ցանկանում աշխատել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, չեմ կարող ասել, թե դա ինչով է պայմանավորված: Նմանատիպ հարցեր կան, որ լուծում չեն ստանում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ