Վերջերս մի շարք տնտեսագետներ հաճախ են խոսում այն մասին, որ Ռուսաստանի հետ պետք է վերանայել գազային պայմանագիրը, այսինքն` ներմուծվող գազի համար դոլարով վճարելու պայմանը փոխվի:
Օրինակ` վերջերս ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է. «Մենք 2013թ. դեկտեմբերի 2-ին «ՀայՌուսգազարդի» հետ կնքել ենք շատ վատ պայմանագիր: Հիմա մտել ենք ԵՏՄ, թող որ ոչ բոլորն էին դրան կողմ, արդեն մտել ենք ԵՏՄ, ՀՀ ղեկավարությանը կարող եմ հուշել, որ 2013թ. պայմանագրի՝ անընդհատ դոլարով վճարելու այդ թույլ կետը փոխելու ավելի լավ ժամանակ չկա: Կարծում եմ, որ չափազանցված են այն սպասելիքները, որ ռուսներն անպայման դա մերժելու են: Դժվար է դա մերժել: Ես անկեղծ եմ ասում, վիճակն այդպիսին է»:
«Կոնվերս բանկի» ստեղծող, այս բանկի խորհրդի նախկին նախագահ, Կենտրոնական բանկի խորհրդի նախկին անդամ, տնտեսագետ Սմբատ Նասիբյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասել է.«Մենք, ցավոք, գազը գնում ենք Ռուսաստանից դոլարով, իսկ եթե ռուսական ռուբլով լիներ պայմանագիրը, հիմա հնարավորություն կլիներ գազն էժան գնել, ու սա տեղական արտադրության վրա դրական կազդեր»:
Aravot.am-ն այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի տարեվերջյան ասուլիսի ժամանակ տնտեսագետների այս մտահոգությունը փոխանցեց, ինչին ի պատասխան նախարարն ասաց. «Ես չգիտեմ, որ տնտեսագետն է ասել, որ ռուբլով պայմանավորվեինք, ավելի ձեռնտու կլիներ, ես խորհուրդ կտայի այդ տնտեսագետի ասածները չլսեիք ու չկարդայիք: Ներմուծման պայմանագիրը որեւէ մի երկրի հետ կնքվում է այդ երկրի արտարժույթով, ապա առաջին հայացքից թվում է թե ավելի էժան կլինի, որովհետեւ դոլարը կփոխեինք ռուբլով եւ ավելի շատ կլիներ, իսկ որեւէ երկիր դժվար թե այդպիսի գործարք կնքեր»: Իսկ թե ինչո՞ւ դժվար թե նման գործարք կնքի որեւէ երկիր` դիտեք տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ես համաձայն եմ Ճշմարիտյանի հետ, իրոք պետք չէ լսել Բագրատյանին, քանի որ տնտեսագիտությունը կապ չունի այն տնտոսության հետ, որը վարում է ՀՀ-ը և մասնավորապես Ճշմարիտյանը: Ինչպես կարելի է գիտությամբ, մասնավորապես տնտեսագիտությամբ առաջնորդվել երբ գործ ունենք ՀՀ տնտեսության հետ: Որևէ տնտեսագետ կարող է բացատրել թե դա ի՞նչ տնտեսություն է և էլ որ երկրում կա նման տնտեսություն: Ես տնտեսագետ չեմ, բայց երկու տնտեսություն վարելու ձև գիտեմ մեկը դա պլանային տնտեսությունն է մյուը շուկայական, հիմա մերը որի՞ն է նման: Մեր երկրում վարվող տնտեսությունը ինձ թվում է նոր խոսք է տնտեսագիտության, և ինձ թվում է մեր քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանը հենց այդ թեմայով էլ պաշտպանած կլինի իր տնտեսագիտության թեկնածուի կոչումը: միգուցե Ճմարիտյանը կհամաձայնվի իրեն լսենք: