Քննարկելով Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության դիմումը՝ Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 23-ի նիստում կայացրել է ականավոր բժիշկ-գիտնական, պետական և հասարակական գործիչ, ակադեմիկոս, երջանկահիշատակ Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին որոշում։
Հիմք ընդունելով Երևանի ավագանու որոշումը՝ ԴԱՆ միությունը կիրականացնի հուշատախտակը Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում տեղադրելու հետ կապված կազմակերպչական աշխատանքները։
Էմիլ Գաբրիելյանի գիտական գործունեությունը նվիրված է եղել պսակային և ուղեղային արյան շրջանառության ֆիզիոլոգիային և ֆարմակոլոգիային, արյան տարրերի և անոթի պատի ֆիզիոլոգիային և ֆարմակոլոգիային, ինչպես նաև էնդոգեն ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի ֆարմակոլոգիային (պրոստագլանդիններ, կատեխոլամիններ, ազոտի օքսիդ և այլն), հուզային սթրեսին, պարբերական հիվանդությունը, առողջապահության կազմակերպման խնդիրներին։ Նա ղեկավարել է ՁԻԱՀ-ի բուժման «Արմենիկում» դեղամիջոցի մշակման աշխատանքները։
Մեծ գիտնականը Ֆրանսիայի դեղագետների ազգային ակադեմիայի թղթակից անդամ էր., գիտությունների միջազգային, ինֆորմատիզացիայի միջազգային, ՌԴ բնական գիտությունների և բժշկատեխնոլոգիական ակադեմիաների անդամ էր։
Կարդացեք նաև
Էմիլ Գաբրիելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կալինգայի միջազգային մրցանակի (1999) դափնեկիր է: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության, «Ծառայություններ կյանքի համար», «Ասպետական խաչ», Վերնադսկու Ոսկե աստղ շքանշաններով, Պիրոգովի, Կրավկովի, Մխիթար Հերացու անվ. և Եվրոպացի բնական գիտությունների ակադեմիայի Պաուլ Էրլիխի ոսկե մեդալներով։
Ավարտել է Երևանի պետ. բժշկական ինստիտուտը (1954), բժշկական գիտությունների դոկտորի կոչումը ստացել է 1971-ին, պրոֆեսոր էր 1972-ից, Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ 1977-ից, ակադեմիկոս 1994-ից։
Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության մամուլի ծառայություն