Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմկուսի առաջնորդ. «Ես ամաչում եմ իշխանությունների փոխարեն»

Դեկտեմբեր 26,2014 14:52

«ԵՏՄ մտանք, բայց մենք ի՞նչ ունենք արտահանելու, բացառությամբ մի քանի ապակե տարաներով պահածոներ և ունենք չնչին թեթև արդյունաբերություն: Մեր խնդիրն է օգտվել ԵՏՄ հնարավորություններից, անհրաժեշտ է զարկ տալ տնտեսությանը, ստեղծել նոր աշխատատեղեր և ապահովել փոքր ու միջին բիզնեսի զարգացումը երկրում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե մի հանրապետություն, որտեղ բնակիչները փախչում են երկրից, ինչի՞ մասին կարող է խոսք լինել:

Պարոն Սարգսյանն ասաց, թե ամաչում է ՀՀ իշխանությունների փոխարեն ու մանրամասնեց. «Իշխանությունները հայտարարում են, թե մյուս տարվանից թոշակները հինգ-տասը տոկոսով կբարձրանան. ամաչում եմ, բա չե՞ն ասում, թե գների աճը քանի տոկոս է կազմում: Գները առանձին տեղեր 20-30 տոկոսով ավելացել են: Ես նրանց փոխարեն ամաչում եմ»:

Մեր հարցին՝ իսկ չե՞ք ամաչում այն բանի համար, որ բարձրաստիճան իրավապահը կարող է հայտարարել, թե ականջներդ կկտրեմ, բայց աշխատանքից չազատվի, կամ ԵՏՄ-ի որոշման մասին մի ողջ ժողովուրդը իմացավ, երբ որոշումն արդեն կայացվել էր, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Առավել ևս ամաչում ենք դրա համար. դա օրինաչափ երևույթ չէ՝ անկախ նրանից, դա տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի, թե իրավապահի հետ: Կոմկուսը դատապարտում է այդ վարքագիծը և առաջիկայում սկզբունքորեն նույն դիրքերում կլինի»:

ԵՏՄ անդամակցության որոշման մասին Կոմկուսի առաջին քարտուղարն ասաց. «Դա չի խոսում իշխանությունների աշխատաոճի մասին: Ժողովուրդը տեղին դժգոհեց, որ երկու-երեք տարի իշխանությունները պատրաստվում էին ԵՄ մտնել, հանկարծ ժողովուրդը քնեց արթնացավ, ու տեսավ, որ գնում է ԵՏՄ»: Մեր այն հարցին՝ նույն խնդիրներից դժգոհում են նաև եռյակի ուժերը, ԲՀԿ-ն, ուստի հունվարի 20-ին՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովին մասնակցելո՞ւ են, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Մենք ունենք մեր կարծիքը և ԲՀԿ-ի, և եռյակի գործունեության մասին: Առանձին հարցերի կապակցությամբ, որոնք վերաբերում են արտագաղթի կանխմանը և այլն՝ դրանք նաև կուսակցության ծրագրի մի մասն են կազմում: Ասեմ նաև, որ մենք ԲՀԿ-ից հրավեր չենք ստացել մասնակցության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031