Այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ուղիղ 50 րոպե ընթերցեց մի քանի էջանոց մամուլի հաղորդագրությունը: Թեեւ լրագրողներն, այսպես ասած` ժամ էին պահել, թե երբ նախարարը կվերջացնի «ընթերցանությունը», ու երբ տասնյակից ավելի լրագրողները նկատեցին, որ շատ երկար տեւեց հաղորդագրության «ընթերցանությունը», նախարարը հերքեց, ասելով` «Ես ժամ էի պահել, 25 րոպե տեւեց»:
Նախարարի ներկայացմամբ` այս տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 2.3%-ից բարձրացել է մինչեւ 4.3% հունվար-սեպտեմբերին, եւ հունվար-նոյեմբերին կազմել է 3.8%` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Պարոն Ճշմարիտյանի խոսքերով՝ 2014 թվականի հունվար-նոյեմբերին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացի շինարարությունից. այս տարվա 9 ամսվա տվյալներով համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճը կազմել է 3.9%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.8%-ի համեմատ:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, տնտեսական այսպիսի աճի դեպքում քանի՞ փոքր ու միջին ձեռնարկություն է դադարեցրել իր աշխատանքը. նախարարն ասաց, որ ներկա դրությամբ որեւէ տվյալ չի կարող ասել, պատճառաբանելով` տարին չի ավարտվել: Հարցին էլ` ինչո՞ւ տնտեսական ակտիվությունը, որը ներկայացվեց նախարարի կողմից, շարքային քաղաքացիների համար տեսանելի չէ, պարոն նախարարն ասաց. «Այն, որ կան խնդիրներ, բոլորիս էլ հայտնի է, ոչ ոք չի ասել, որ խնդիր չկա, եւ հենց այն պահին, երբ որեւէ մեկը ասի, որ խնդիր չկա, ապա անելիքներ էլ չեն լինի»:
Օրերս Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ կարճ խոսեց. լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչն էր պատճառը, արդյոք ասելիք չուներ նախագահը, Ճշմարիտյանն ասաց. «Անձնապես, ով` ինչպես է մեկնաբանում Հայաստանի նախագահի որեւէ բանը, դա իր անձնական խնդիրն է»:
Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ