Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 26-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ նշեց, որ 2014 թվականը պետք է բաժանել 2 մասի: Առաջին մասը, ըստ նրա, նման է 2013 թվականին, այսինքն` խումբը խնդիրը վեր է հանել, սակայն այն մնացել է թղթի վրա. «Փոփոխություններ տեղի ունեցան արդարադատության նախարարությունում` նախարարի փոփոխություն, աշխատակազմի որոշ անդամների փոփոխություն, հետագայում, որը բերեց վարչության փոփոխության, նաեւ տեղի ունեցավ գործելաոճի փոփոխություն: Ներկայիս դրությամբ, եթե մենք վեր ենք հանում խնդիրը, ավելի արագ արձագանք է ստանում ու փորձում է արագ լուծել: Լուծումները որոնելու գործընթացին խումբը մասնակցում է»:
Ռուբեն Սարգսյանը ոլորտի ամենամեծ խնդիրը համարում է անկախ հանձնաժողովի գործունեությունը: Նա նշեց, որ արդարադատության նախարարությունը փոփոխություններ է նախատեսում, որը կբերի հանձնաժողովի գործունեության բարեփոխմանը եւ գերծանրաբեռնվածության նվազեցմանը: Նա ընդգծեց, որ արդարադատության նախարարությունը սկսել է ավելի թափանցիկ աշխատել եւ հաշվետու լինել:
Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Հասմիկ Հարությունյանը հավելեց, որ պատժից վաղաժամկետ ազատման ինստիտուտը վատ է աշխատում, օրինակ` կան քրեակատարողական հիմնարկներ, որտեղ շատ քիչ են դեպքերը, երբ անձը պատժից վաղաժամկետ է ազատվել. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 2013 թվականի կեսին եւ 2014 թվականին 3 անձ է պատժից վաղաժամկետ ազատվել, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտ ամսից այս կողմ պատժից վաղաժամկետ ազատման դեպք չի գրանցվել, թեպետ հիմնարկի վարչությունը միջնորդություններ է ներկայացրել անկախ հանձնաժողովին, բայց այդ միջնորդությունները չեն բավարարվել»:
Հասմիկ Հարությունյանի խոսքերով` փորձը ցույց է տալիս, որ անկախ հանձնաժողովը հիմնականում մերժում է միջնորդությունը, եւ քրեակատարողական հիմնարկների վարչությունները որոշում են կայացնում միջնորդություններ չներկայացնել. «Կա հոդվածների որոշակի խումբ, որոնց պարագայում ուղղակիորեն դա չի գործում, այսինքն` կա չգրված օրենք, բանավոր հրահանգ, որ որոշ հոդվածների դեպքում չկիրառել պատժից վաղաժամկետ ազատումը: Բայց վերջին շրջանում փորձը ցույց տվեց, որ որոշ անձանց պարագայում այդ չգրված օրենքները չեն գործում եւ անձը վաղաժամկետ ազատ է արձակվում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ