Վերջին մեկ ամսում դրամի կտրուկ արժեզրկումը իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ տուրիստական գործակալությունների աշխատանքի վրա:
Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով մեր հարցին, թե ինչպիսի ազդեցություն են թողել դոլար-դրամ փոխարժեքի տատանումները գործակալությունների աշխատանքի վրա, «Joy Tour» տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանը միանգամից պատասխանեց. «Շատ վատ»:
«Մենք իրավունք չունենք գումարը վերցնել այլ փոխարժեքով, պարտադիր դրամ պետք է վերցնենք»,-նշեց մեր զրուցակիցը:
«Տուրիստական գործակալություններում պայմանագիր են կնքում տվյալ գումարի վերաբերյալ, որպեսզի հաճախորդը վճարի, օրինակ, վիզան ստանալուց հետո, իսկ դա բարդ գործընթաց է, որը տեւում է 15-20 օր: Մինչ այդքան ժամանակ անցնում է, գումարը գալիս, դառնում է այնքան, որ գործակալությունը իր անձնական միջոցներից պետք է ներդնի, որպեսզի հաճախորդը մեկնի»,-պատմեց Լիլիթ Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ նման դեպքեր շատ են եղել եւ այդ պարագայում իրենք միջոցներ են ձեռնարկել. «Պայմանագրի կետեր ենք փոխել, որ կոնկրետ հենց վճարման օրվա փոխարժեքով պետք է վճարվի: Ամեն դեպքում սա մեծ դաս եղավ մեզ համար, որպեսզի պայմանագրում փոփոխություններ մտցնենք»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ