Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի «կռիվ». առանց գենետիկ փորձաքննության երեխային մորից բաժանել է եւ հայրություն է անում

Դեկտեմբեր 26,2014 13:23

«Առավոտի» դեկտեմբերի 20-ի «Երեխայիս գողացել են» հրապարակման մեջ 35-ամյա Ն. Ն.-ն մեզ հետ զրույցում պնդել է, որ հենց ծննդատնից իր երեխային գողացել է իր ծանոթը՝ Էդիսոն Ադյանը: Նույն հրապարակման մեջ Ն. Ն.-ն վստահեցրել է, որ Էդիսոն Ադյանի հետ նրան ծանոթացրել է իր ծանոթ բժիշկ Հրաչ Կալուստյանը: Ըստ երեխայի մոր՝ երբ ինքն արդեն 4 ամսական պտղով հղի է եղել, բժիշկը նրան ասել էր, որ եթե չկարողանա երեխային պահել, խնամել, ապա կա մեկը, որը պատրաստ է ստանձնել երեխայի խնամքը: Այդ մեկը Էդիսոն Ադյանն էր: Նշենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ Ն. Ն.-ն պնդել է, որ բժիշկն ու Էդիսոն Ադյանը, օգտվելով նրա անպաշտպան ու միայնակ լինելուց, վստահություն են ձեռք բերել այս տիկնոջ մոտ, եւ վերջինս չի էլ կասկածել, որ հետագայում՝ երեխայի ծնվելուց հետո իրեն կբաժանեն փոքրիկից:

Ն. Ն.-ն մեզ պատմել էր՝ քանի որ ինքը ապրելու տեղ չուներ, գումար չուներ, իսկ բժիշկը միակ մարդն էր, որին վստահում էր, համաձայնվել է մինչ երեխայի ծնունդը բնակվել բժշկի կողմից երաշխավորված Էդիսոն Ադյանի՝ Աբովյան քաղաքում գտնվող բնակարանում: Այստեղ բնակության ընթացքում Ադյանը պարբերաբար այցելել է Ն. Ն.-ին, գումար է տրամադրել, եւ այդ ընթացքում երբեմն խոսք է բացվել երեխային Ադյանին տալու մասին, սակայն Ն. Ն.-ն պնդում է, որ ինքը երեբեւէ չի համաձայնել այդ առաջարկությանը:
Երեխայի ծնվելու օրը, երբ Ն. Ն.-ն, այսպես ասած, դեռ ուշքի չէր եկել, սթրեսային վիճակում էր, բժիշկն ու Ադյանը ստիպել են նրան ստորագրել մի փաստաթղթի վրա, որով փոքրիկի՝ Արթուրի հայրն է ճանաչվում Էդիսոն Ադյանը: Իսկ ծննդատնից դուրս գրվելուց հետո Ադյանը Ն. Ն.-ին մեքենայով ուղեկցել է Հրաչ Կալուստյանի մոտ, հետո, երբ Ն. Ն.-ն մեքենայից դուրս է եկել, Ադյանը Ն. Ն.-ի երեխայի հետ մեքենայով հեռացել է: Ապա Հրաչ Կալուստյանը Ն. Ն.-ին ուղեկցել է Շենգավիթի նոտարական գրասենյակ, որտեղ համոզել է ստորագրություն թողնել, որով համաձայնվում է երեխայի խնամքը հանձնել Էդիսոն Ադյանին: Ն. Ն.-ն վստահեցնում է, որ ինքը չի գիտակցել, թե ինչ փաստաթուղթ է ստորագրում:

«Առավոտի» հետ զրույցում մոտ 60-ամյա Էդիսոն Ադյանն էլ պատմում է, թե Ն. Ն.-ի հետ ծանոթացել է Հրաչ Կալուստյանի ընդունարանում եւ հենց նույն օրը նրա հետ գնացել է Աբովյանի բնակարան, ու այդտեղ էլ նրանց միջեւ սեռական հարաբերություն է եղել, ինչի արդյունքում Ն. Ն.-ն հղիացել է: Մինչդեռ Ն. Ն.-ն մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ Ադյանի հետ երբ ծանոթացել է, ինքն արդեն 4 ամսական պտղով հղի է եղել:
Երեխայից բաժանվելուց ամիսներ անց Ն. Ն.-ն դիմել է իրավապահ մարմիններին՝ երեխային գտնելու եւ իրեն վերադարձնելու համար: Սակայն քննչական մարմինը, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցնում է կնոջ փաստաբանը՝ Լեռնիկ Հովհաննիսյանը, անգործության է մատնվել եւ գործով խիստ անհրաժեշտ գործողություններ չի իրականացրել: «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դիմում ենք ներկայացրել՝ ակնկալելով, որ այդ հարցին քրեաիրավական դաշտում իրավական գնահատական կտրվի, որովհետեւ միայն այդ դեպքում խնդրին լուծում կտրվեր, կպարզվեր իրականությունը, անձինք կբացահայտվեին, կհարցաքննվեին: Քննչական մարմինը ձեռնամուխ չեղավ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական գործողություններ իրականացնել: Նրանք վստահեցրել են, որ բժիշկ Կալուստյանին հնարավոր չէ գտնել եւ այլն: Անգամ առանց երեխայի գոյությունը պարզելու, առանց դատագենետիկական փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյոք Էդիսոնը հայր հանդիսանո՞ւմ է, թե՞ ոչ, գործը կարճել են: Ավելին՝ քննիչն ունեցել է ապացույցներ, որոնք թաքցրել է քրեական գործից»,- հավաստիացնում է Ն. Ն.-ի փաստաբանը: Այսօր, ժամը 16.00-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվելու քննիչի դեմ Ն. Ն.-ի բողոքը:

Ինչ վերաբերում է նոտարական գրասենյակում համաձայնության գալուն եւ երեխայի ծննդականում Էդիսոնին որպես հայր գրանցելուն, փաստաբանն ասում է, որ այդ համաձայնությունն արդեն վերացվել է, իսկ Էդիսոնի հայրության գրանցումն անվավեր ճանաչելու մասին հայցը քննելը Վարչական դատարանն արդեն 1 տարի է՝ անհիմն պատճառներով ձգձգում է: Լեռնիկ Հովհաննիսյանը նկատում է, որ նման դեպքում կարեւոր է, թե տվյալ համաձայնագիրն ի՞նչ հոգեբանական, առողջական իրավիճակում է ստորագրվել. «Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածը սահմանում է բոլոր տեսակի գործարքների կամարտահայտության հիմքը, ըստ որի՝ մարդը պետք է ազատ կամք արտահայտի: Ն. Ն.-ի դեպքում ազատ կամքի արտահայտումը սահմանափակվել է. նա ֆինանսական կախվածության մեջ է եղել, տնանկ է եղել, առողջական, սթրեսային այնպիսի վիճակում է եղել, որ պատասխանատու չէ իր գործողությունների համար, ամենակարեւորը՝ անվերապահորեն վստահել է բժշկին: Ն. Ն.-ն ցուցմունք է տվել, որ երեխայի շահերից ելնելով ընդունել է Էդիսոնի օգնությունը»:

Իսկ Էդիսոն Ադյանի ներկայացուցիչն էլ մեզ հետ զրույցում պնդում է, որ Ն. Ն.-ի՝ մեզ տված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. «Քրեական գործը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է: Ի դեպ, Էդիսոնը երեխային իր զոհված ազատամարտիկ եղբոր անունն է դրել: Եթե իր երեխան չէ, այդ անունը չէր դնի»: Մեր հարցին՝ եթե իրոք Էդիսոնն է հայրը, ինչո՞ւ դատագենետիկական փորձաքննություն չեն պահանջում, Ադյանի ներկայացուցիչն ասաց. «Կարիքը չենք տեսնում: Նոտարում ինքը համաձայնություն է տվել, որ երեխայի խնամքը հանձնում է հորը՝ Էդիսոն Ադյանին: Քննիչի որոշման մեջ կա, որ այդ ժամանակահատվածում Ն. Ն.-ն սթրեսային վիճակում չի գտնվել, քննչական մարմինը փորձաքննություն է կատարել: Բացի այս, Ն. Ն.-ն նոտարի թուղթը հաջորդ օրն անձամբ տվել է Էդիսոնին, 1 օր ժամանակ ուներ մտածելու, սթրեսից դուրս գալու: Բացի այս, Ն. Ն.-ն երեխայի ծնվելուց օրեր անց վկայականի պատճենն է ներկայացրել իր աշխատավայր, որպեսզի մինչեւ 3 տարի երեխայի խնամքի համար հասանելիք արձակուրդը ստանա»:

Ն. Ն.-ի փաստաբանը պնդում է, որ քրեական գործով քննիչը գործը կոծկել է, իսկ Ադյանն ու իր ներկայացուցիչն էլ պնդում են, որ Ն. Ն.-ն ինքնակամ է «հրաժարվել» երեխայից: Ն. Ն.-ն մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ թեեւ ինքը բնակվել է Ադյանի բնակարանում, Ադյանը երբեմն այցելել է իրեն, գիշերել, բայց իրենց միջեւ որեւէ սեռական կապ չի եղել: «Ի՞նչ է, հո կամերայով չէի՞ նկարելու, որ ցույց տամ: Բա օտար տղամարդ եմ, բա խի՞ եմ մնացել էդ տանը»,- ասում Էդիսոն Ադյանը:

Հիմա մորից զրկված 1 տարեկան Արթուրը Ադյանների խնամքին է, Արցախում է ապրում: Ադյանը հայցադիմում էր ներկայացրել Ն. Ն.-ին մայրական իրավունքից զրկելու պահանջով, հետո հայցը հետ վերցրել: Ն. Ն.-ի փաստաբանն էլ վստահեցնում է, որ Ադյանը հայցը հետ է վերցրել, քանի որ Ն. Ն.-ն քրեական եւ քաղաքացիական գործերով հայցադիմումներ է ներկայացրել: Թե իրականում ո՞վ է, ցավոք, վեճի «առարկա» դարձած փոքրիկ Արթուրի հայրը, եւ իրականում կողմերի միջեւ ի՞նչ պայմանավորվածություն է եղել՝ կարող է բացահայտվել միայն թափանցիկ ու արդար դատաքննության արդյունքում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի Արագ արձագանքման խմբի շրջանակներում:

«Առավոտ» օրաթերթ
26.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031