Դեկտեմբերի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց տարեվերջյան մամլո ասուլիս, որին մասնակցեցին, ինչպես տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այնպես էլ հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցները:
Ըստ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքի՝ Լոռու մարզպետի հանձնարարությամբ այս տարի առաջին անգամ լայն լսարանի առջև տարեվերջյան հաշվետվություններով հանդես եկան մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով ոլորտային աշխատանքները, առկա խնդիրները և հաջորդ տարվա ծրագրային անելիքները, ուստի մարզի ղեկավարը տարվա ընթացքում կատարված աշխատանքները ներկայացրեց ամփոփ կերպով, ապա պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ մարզի ղեկավարը նշեց, որ պետական աջակցությամբ զգալի ծրագրեր են իրականացվում, ինչի արդյունքում գյուղատնտեսությունը դարձել է որոշ առումով նաև եկամտաբեր բիզնես: Պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ ավելի քան 4000 հեկտարով ընդարձակվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, ավելացել է գրեթե բոլոր մշակաբույսերի բերքատվությունը, անասնագլխաքանակը, անկում է գրանցվել միայն խոզաբուծության բնագավառում՝ աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով: Ավելացել է նաև խոշոր եղջերավոր անասունների կաթնարտադրությունը:
Քաղաքաշինության ոլորտում ևս, ըստ մարզի ղեկավարի, զգալի ծրագրեր են իրականացվել, ինչպես պետական միջոցներով, այնպես էլ բարեգործական ընկերությունների, միջազգային ծրագրերի աջակցությամբ: Այս տարի մի շարք դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ոչ միայն պետական միջոցներով իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում, այլև դպրոցների տնտեսած միջոցներով: Այս և նմանատիպ այլ ծրագրեր իրականացվելու են նաև հաջորդ տարի:
Կարդացեք նաև
Արդյունաբերության ոլորտում ունեցած մեծագույն հաջողությունը Ա. Նալբանդյանը համարեց «Թեղուտ» ՓԲԸ գործունեության մեկնարկը: Վերջինս հանքարդյունաբերություն իրականացնող ձեռնարկություն է: Ներկա դրությամբ այստեղ աշխատում է 1250 քաղաքացի: Այստեղ կատարվել է ավելի քան 365 մլն դոլարի ներդրում: Միջազգային և տեղական փորձագետների վկայությամբ՝ հանքի շահագործումը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Ենթադրվում է, որ ձեռնարկության գործարկումն այդ տարածաշրջանում կզարգացնի բոլոր ենթակառուցվածքները:
Նա առանձնացրեց նաև Սպիտակի թռչնաֆաբրիկայի գործարկումը, այստեղ կաշխատի 200-220 մարդ, Սպիտակի տրիկոտաժի ֆաբրիկայի գործարկումը՝մինչև 100 աշխատատեղով, Տաշիրի տարածաշրջանում պանրարտադրության զարգացումը և այլն:
Ինչ վերաբերում է Վանաձորի քիմգործարանին, Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ իր խնդրանքով և ՀՀ Նախագահի հանձնարարականով դեկտեմբերի 1-ի դրությամբ բոլոր աշխատակիցների աշխատավարձերի պարտքերն ամբողջությամբ մարվել են:
Խոսելով կրթության ոլորտի մասին՝ մարզի ղեկավարը կարևորեց որակյալ կրթության ապահովումը և նշեց, որ այս ոլորտում մարզպետարանի կողմից իրականացվող բոլոր քայլերն ուղղված են այդ խնդրի լուծմանը:
Մարզպետը պատասխանեց նաև լրագրողների հարցերին.
«Ասպարեզ» օրաթերթ. -Ինչպե՞ս է լուծվում մարզի անօթևանների խնդիրը:
-Ստեփանավանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդիրն ամբողջությամբ լուծված է: Ինչ վերաբերում է «Աշոտաբերդ» թաղամասին, ապա այդ խնդիրը դիտարկվում է այլ հարթության վրա, քանի որ այստեղ բնակվողները երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներ չեն: Խնդիրն ուշադրության կենտրոնում է:
Սպիտակում ներկա դրությամբ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագրի» շահառու է հանդիսանում մեկ սենյականոցի հավակնորդ 49 ընտանիք, ներկայում ճշտվում է, թե նրանք, բնակարանի ձեռքբերման ինչ տարբերակ են նախընտրում՝ բնակարանների գնման վկայագրեր, գումարային փոխհատուցում և այլն: Վանաձորում ծրագրի շահառու է հանդիսանում 14 ընտանիք: Նրանք նախընտրում են ԲԳՎ-ների և գումարային փոխհատուցման տարբերակը: Հուսով եմ, նրանց խնդիրը հնարավոր կլինի լուծել հաջորդ տարի:
Խնդիր կա գյուղական համայնքներում: Մեզ չեն գոհացնում շինարարության տեմպերը: Այս պահի դրությամբ 255 տներից շահագործման են հանձնվել 67-ը, մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն ևս 15-18-ը: «Գլենդել Հիլզ» ընկերությունը խոստացել է 2015թ.-ին մեծ թափով վերսկսել շինաշխատանքները և ծրագիրն ավարտին հասցնել: Հուսով եմ, խոստումն իրականություն կդառնա:
«ՄԻԳ» հեռուստառադիոընկերություն. -Ո՞րն է Լոռու մարզում այսօր ամենահրատապ խնդիրը:
-Չկա որևէ բնագավառ, որտեղ խնդիրներ չունենանք, սակայն մեզ այսօր առավել շատ անհանգստացնում է բնակչության սոցիալական վիճակը: Այս առումով պետք է փորձենք էական քայլեր ձեռնարկել աշխատատեղերի ստեղծման համար: Վարչապետի հստակ հանձնարարականն է եղել խրախուսել ու աջակցել բոլոր այն գործարարներին, ովքեր պատրաստ կլինեն ներդրումներ կատարել, աշխատատեղեր ստեղծել: ԵՏՄ անդամակցությունը ևս մեզ հնարավորություն է տալիս նոր շուկաներ գրավելու:
Համոզված եմ, որ 2015-2016թ.թ. տնտեսության ոլորտում զարգացում կունենանք:
-Հանքարդյունաբերությունն արդյոք չի՞ խոչընդոտի տուրիզմի զարգացմանը մարզում:
-Լոռու մարզի տնտեսության զարգացման համար, ինչպես արդեն նշեցի, կարևոր եմ համարում արդյունաբերության զարգացումը, գյուղատնտեսությունը և որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ՝ տուրիզմը: Վերջինիս ուղղությամբ ևս լուրջ ծրագրեր ենք իրականացնում Ֆրանսիայի ՊԱԿԱ և Ռ՛հոն Ալպ ռեգիոնների հետ: ՊԱԿԱ-ի աջակցությամբ Ալավերդում ստեղծվել է «Թումանյան աշխարհ» տուրիստական կենտրոնը: Ինչ վերաբերում է հարցին, ապա պետք է վստահեցնեմ, որ հանքարդյունաբերությունը բնավ չի խոչընդոտի տուրիզմի զարգացմանը: Ասեմ ավելին, նախատեսում ենք նաև Ախթալա և Ալավերդի տուրիստական խմբեր ուղղորդել տեղի հանքարդյունաբերության պատմությանը ծանոթանալու նպատակով: Իսկ առհասարակ, Լոռու մարզում կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները տուրիզմը զարգացնելու համար: Առաջիկայում լուրջ հաջողություններ ենք արձանագրելու այս ոլորտում:
«Լիարժեք կյանք» պարբերաթերթ -Հաշմանդամներին շենք-շինությունների մատչելիության խնդիրն ինչպե՞ս է լուծվում մարզում:
-Շինությունների մեծ մասը մարզում կառուցվել են խորհրդային տարիներին և հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչ վերաբերում է նորակառույցներին, ապա պարտադիր պայման է թեքահարթակների կառուցումը: Անելիքներն այս առումով ևս շատ են:
Lorinews.com կայք -Առողջապահության ոլորտում մասնագետ-կադրերի պակաս կա, նաև չեն բավարարում շտապօգնության մեքենաները, հատկապես Ստեփանավանի տարածաշրջանում:
-Մասնագետների պակասը փորձում ենք լրացնել. պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում Երևանի բժշկական համալսարանի Լոռու մարզի ուսանողների հետ: Մարզի մի քանի բուժհաստատություններում նաև մի քանի նոր մասնագետներ ունենք: Հուսով եմ, նրանց թիվը առաջիկայում կավելանա: Ստեփանավանը դեկտեմբերի 30-ին երկրորդ շտապօգնության մեքենան կստանա: