Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան, «Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության մեջ որևէ արտառոց բան չկա»

Դեկտեմբեր 26,2014 12:22

«Ինձ համար կարևոր է, որ եռյակ միասնությունը մնա: Ես վստահ եմ՝ և’ Գագիկ Ծառուկյանը, և’ Րաֆֆի Հովհաննիսյանը, և’ Լևոն Տեր-Պետրոսյանը կունենան այնքան կամք ու փորձառություն, որ եռյակը այս կարգի իրադարձությունների արդյունքում փոփոխության չենթարկվի»,-Aravot.am-ի հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հունվարի 20-ին խորհրդաժողովի կազմակերպումը կարելի՞ է համարել եռյակի տրոհման նախադրյալ, այսպես պատասխանեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Պարոն Իսագուլյանն այս առումով բացասական կանխատեսումներ չունի. նա հիշեցրեց, թե ԵՏՄ անդամակցության պարագայում եռյակի ուժերի կարծիքները տարբեր էին, բայց այն չտրոհվեց. «Արտաքին քաղաքականության հետ կապված՝ եռյակի և տարբեր կուսակցությունների տեսակետների արտահայտությունը շատերը ընկալեցին որպես տարաձայնություն, բայց եռյակն իր օրակարգում արտաքին քաղաքականության խնդիրների նկատմամբ դիրքորոշում չունի: Եռյակի գործունեության հիմնական խնդիրը ներքաղաքական իրավիճակի փոփոխությունն է: ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը հստակ հայտարարել են, որ ՀՀ ներսում որևէ խնդիրր որևէ մեկի հետ չունեն, ուստի խորհրդաժողովի են հրավիրում են բոլոր ուժերին հասարակական կազմակերպություններին»:

Պարոն Իսագուլյանը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության մեջ որևէ արտառոց բան չի տեսնում ու նշում. «Նույնը կարող է անել ՀԱԿ առաջնորդը, Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշում եք նրա կոնսուլտացիաները: Հիմա դա անում է ԲՀԿ առաջնորդը: Դա մեկի մոտ կարող է ավելի լավ ստացվել, մյուսի մոտ ավելի վատ: Ուստի դա կարող է մեկի մոտ խանդ առաջացնել»: Ճշտելու մեր փորձին՝ ՀԱԿ-ի՞ն է ակնարկում՝, պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Դա այն խնդիրը չէ, որի մասին ես պիտի տեղեկացնեմ հանրությանը: Իմ արտահայտած բառի մեջ լուրջ իմաստ կա և դրա իմաստը պիտի հասկանալ: Իհարկե, երբ եռյակի ձևաչափը ընդլայնվում էր, երբ եռյակին միանում էին տարբեր այլ ուժեր, եռյակի ուժերը մտավախություն ունեին, որ իրենց հնարավորությունները նվազում են, վաղը մյուս օրը ընտրություններ են և այլն»:

Պարոն Իսագուլյանը խոսելով ՀՀ արտաքին կողմնորոշման մասին նշեց, թե «եթե ՀՀ-ն ընտրության առաջ էր, ապա լավագույն ընտրությունը ԵՏՄ-ն էր»:

Այնուհետև հայտարարեց, թե իր ղեկավարած կուսակցությունը մասնակցել է հունվարի 20-ին՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովին: Նա վստահություն հայտնեց,թե շարժումն իր հիմնական նպատակին՝ իշխանափոխությանը հասնելու է:

Պարոն Իսագուլյանի խոսքից պարզ դարձավ, թե Ղարաբաղյան հակամարտության հետընթացի պարագայում հիմնական բացասական գործոնը կլինի ՀՀ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունք. «Ղարաբաղյան խնդրում, եթե չլինեն մեր իշխանությունների գերանհասկանալի քայլերը, ղարաբաղյան խնդիրը այլևս դե ֆակտո լուծված է, և ստատուս քվոյի փոփոխություն բացակայում է: Ղարաբաղյան խնդիրը ՀՀ ներքաղաքական դաշտում դարձնել խաղաքարտ, անիմաստ է: Եթե մի բան տեղի ունենա այդ խնդրի հետ, ապա դա կարելի է համարել ՀՀ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունք»:

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման մասին պարոն Իսագուլյանը տեղեկություններ չունի, բայց նշում է եթե նախկինի պես շարժվենք, ապա «հնարավոր է ունենանք երկրորդ սեպտեմբերի 3»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031