Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը հրատարակել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը նվիրված օտարալեզու, գրախոսվող (peer-review) ամսագրի առաջին համարը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին այս հանդեսի հրատարակումը լինելու է երկարաժամկետ նախաձեռնություն, որը հնարավորություն կտա ցեղասպանագետների հաջորդ սերնդին մշակել նոր գաղափարներ և հետազոտական նոր մոտեցումներ ցեղասպանությունների և նրանց հետևանքների ուսումնասիրման համար: «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսը» նպատակ ունի հաստատուն դիրք ապահովել ընդհանուր պայքարում` ուղղված ցեղասպանությունների ժխտման ու դրա հետևանքների դեմ: «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսը» պայքարելու է ցանկացած ցեղասպանության ժխտման դեմ: «Այս նախաձեռնությունը համարում ենք համաշխարհային անվտանգության հաստատման համար նախազգուշական քայլերի և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մի մաս»,- նշում է ՀՑԹԻ-ի տնօրեն և միջազգային հանդեսի գլխավոր խմբագիր Հայկ Դեմոյանը:
Ըստ ՀՑԹԻ-ի փոխտնօրեն, հանդեսի գրախոսությունների բաժնի խմբագիր Սուրեն Մանուկյանի` նման հանդեսի հրատարակումը պայմանավորված է աշխարհում Հայոց ցեղասպանության ակադեմիական ուսումնասիրության խթանման անհրաժեշտությամբ։ Այն երկակի անանուն գրախոսվող (peer-review) ամսագիր է, յուրաքանչյուր հոդված ոլորտի երկու հեղինակավոր մասնագետի կողմից անցել է փորձաքննություն և համապատասխանում է միջազգային գիտական ամսագրերին ներկայացվող բոլոր պահանջներին։
«Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսը» հրատարակում է Հայոց ցեղասպանությանը և ընդհանրապես ցեղասպանագիտությանն առնչվող թեմաներով հոդվածներ և գրախոսություններ: Նախապատվությունը տրվելու է պատմության, քաղաքագիտության, մարդաբանության, սոցիոլոգիայի, գրականության և իրավունքի ոլորտի հոդվածներին: Այլ գիտակարգերի շրջանակներում գրված հոդվածները ևս կընդգրկվեն հանդեսում, եթե դրանք ուղղակի կապ ունեն ցեղասպանագիտության հետ:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի մամուլի հաղորդագրություն