Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բանակցություններ ԵՄ-ի հետ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 26,2014 10:52

Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը ստորագրելուց եւ ԵՏՄ լիիրավ անդամ դառնալուց հետո՝ հիմա հայաստանցի պաշտոնյաները հայտարարում են Եվրամիության հետ բանակցությունները վերսկսելու մասին։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երեկ մանրամասնել է, թե ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը եւ ինչ արդյունքների կարող են բերել դրանք։

– Պարոն Զաքարյան, Եվրոպան, ըստ էության, ասում էր, որ «եւ-եւ» չի կարող լինել ու Հայաստանը պետք է ընտրի կամ ԵՄ-ի, կամ Ռուսաստանի միջեւ: Բայց հիմա, կարծես թե, Հայաստանը նորից վերսկսում է Ասոցացման  համաձայնագրի հետ կապված ինչ-որ գործընթաց, ի՞նչ կետից են սկսվելու այդ բանակցությունները եւ ո՞ւր են տանելու։

– Արեւելյան գործընկերության տարածքում տեղի ունեցող գործընթացները, ցավոք, նաեւ բավական տխուր հետեւանքների են բերում։ Դա արդեն իսկ լավագույն ինդիկատորն է այն բանի, որ այս տարածքում ամենաարդարացված եւ ամենաճիշտ, էֆեկտիվ քաղաքականությունը «եւ-եւ»-ի քաղաքականությունն է։ Եթե առաջին մի քանի արձագանքները, որ ունեին ավելի էմոցիոնալ  բնույթ, հետագայում վերածվեցին պարզ քաղաքական գործընթացների նկատմամբ ռացիոնալ մոտեցումների, բոլոր կողմերն էլ հասկացան, որ Հայաստանի քաղաքականությունը այս պահի համար միակ հնարավոր, արդարացված, ճիշտ քաղաքականությունն է։

Բոլոր վեկտորների զարգացմամբ, բոլոր կողմերի շահերի ներգրավմամբ ու նաեւ սեփական շահերը   պաշտպանելու   համար համապատասխան   հարթակներ ձեւավորելով՝ ՀՀ-ն, ըստ էության, կարողացավ խուսափել ամենատարբեր սպառնալիքներից, առաջ քաշել եւ պաշտպանել իր շահերը եւ ամենակարեւորը՝ հասկանալի եւ վստահելի մնալ իր բոլոր գործընկերների համար։ Ու այսօր մենք, ԵՏՄ-ին անդամակցելով, հայտ ենք ներկայացնում՝ շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությունը ոչ թե հայտարարությունների կամ քաղաքականության խորհրդանշական տիրույթներում, այլ իրական քաղաքականության՝ գտնելով, փնտրելով եւ վեր հանելով բոլոր այն հարթակները, որոնք իրականում կծառայեն ՀՀ-ԵՄ կոնկրետ, գործնական հարաբերություններին եւ համագործակցությանը։

– ԵՄ-ի հետ բավական ծավալուն փաստաթուղթ էր բանակցվել, հիմա ո՞ր կետից են սկսվելու բանակցությունները։

– Մենք ունենք տնտեսական ինտեգրման դաշտում նոր ստանձնած պարտավորություններ ԵՏՄ-ի հետ։ Դա մեզ որեւէ կերպ չի սահմանափակում, որպեսզի մեր մյուս գործընկեր պետությունների  հետ ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ ձեւաչափերով ունենանք աշխատանքային գործընթաց եւ երկարատեւ համագործակցություն ու դրա  համար՝ իրավաքաղաքական դաշտ։ Բանակցային առարկա կարող են լինել ռեֆորմների, կրթամշակութային, շարժունակության ապահովության, մարդու իրավունքների, տեխնիկական   խնդիրների  կանոնակարգման, նոր տեխնոլոգիաների, գիտական նորարարության եւ նաեւ առեւտրային    որոշ    խնդիրների շուրջ համագործակցությունները։ Այսօր արդեն իսկ աշխատանքները սկսված են, եւ ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացը առաջիկայում կստանա կոնկրետ ձեւաչափեր, կունենա կոնկրետ դրույթներ, որոնցից շատերը վերցված կլինեն արդեն բանակցված Ասոցացման համաձայնագրից։ Պարզապես՝ դրանք որոշակի շտկումների կամ փոփոխությունների կարիք կունենան։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031