Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պիտի մտավորականը մասնակցի քաղաքականությանը

Դեկտեմբեր 26,2014 17:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը եւ երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

Արամ Աբրահամյան.– Ընդհանրապես արվեստագետները պե՞տք է խառնվեն քաղաքական գործընթացներին, կարծիքներ հայտնեն, թե՞ այդ ամենից պիտի հեռու մնան:
Հաղթանակ Շահումյան.- Ես միշտ մտածել եմ, որ արվեստի եւ մշակույթի մարդիկ պետք է քաղաքականությունից դուրս լինեն, բայց կամա, թե ակամա՝ ինքդ երկրի քաղաքացի ես եւ առավել եւս, եթե շատ թե քիչ մտավորական որակներ կան դաստիարակությանդ մեջ, առնչվում ես այդ քաղաքականությանը եւ մտահոգ ես երկրի ապագայով: Բացարձակապես հեռու լինել միջավայրից անհնար է եւ ընդհակառակը` օգտակար է մշակույթի մարդկանց մասնակցությունը հասարակական կյանքին:

Եղիշե Պետրոսյան.- Ես պետք է կիսեմ այդ կարծիքը, մենք չենք կարող մաս չկազմել հասարակության, որովհետեւ մեր էներգիայի աղբյուրը եւ ի վերջո ռեալիզացիայի տեղը հենց հասարակությունն է, բոլոր թելերով մենք կապված ենք:

Ա. Ա.- Երբ որ գալիս են ընտրությունները, այս կամ այն քաղաքական ուժը ասում է` դու մեզ համար կերգես, մեզ համար կպարես եւ մեր սեղանները կծաղկացնես եւ այլն, դա ձեզ համար ընդունելի՞ է:

Հ. Շ.– Իհարկե, ընդունելի չէ, ես երբեւիցե չեմ մասնակցել նման շոուների՝ անկախ նրանից, թե կուսակցականները արժանավոր մարդիկ են եղել, թե ոչ, որովհետեւ այդ ասպարեզը պետք է ազատ թողնել: Ես կարծում եմ, որ մեր իրականությունը հենց դրա կարիքը ունի, որ մարդիկ ազատ լինեն իրենց կարծիքում, իհարկե՝ իրենց կարծիքը պետք է տեղ հասցվի, ինֆորմացիա լինի: Դա պետք է արվի կյանքով, դա պետք է արվի ժողովրդին հասանելի ձեւերով եւ ոչ թե պարտադրանքով, որովհետեւ արվեստագետի կարծիքը ինչ-որ մի տեսակ նաեւ պարտադրանք է, մանավանդ` դերասան, դերասանուհի, որոնք ժողովրդի կողմից ավելի ճանաչված են, նրանց կարծիքները կարող են շատ խեղել այդ իմացությունը:

Ա. Ա.– Մենք Հայաստանում վերապահումներով ենք դրան վերաբերվում, բայց ասեմ, օրինակ` երբ որ նախագահական ընտրություններ են Միացյալ Նահանգներում, պարզ է, որ Բարբարա Սթրեյզանդը պաշտպանելու է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչին, իսկ Առնոլդ Շվարցենեգերը՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցչին: Այսինքն՝ այնտեղ դա, կոպիտ ասած, արգահատելի չէ:

Ե. Պ.- Մեզ մոտ էլ այդպես չի, բնական է` ֆինանսական աղբյուրները որտեղից գալիս են, այդ մարդիկ էլ գնում են իրենց շնորհակալությունը հայտնելու: Այդպես էլ ձեւավորվում են, չէ՞, պալատական, ասենք, գործիչներ կլինի, մշակույթի ոլորտի, թե այլ, բոլոր տեղերում էլ նույնն է: Սայաթ-Նովայի ժամանակ էլ նա երեւի այսքան գործ չաներ, եթե պալատում չլիներ՝ սովորական երեւույթ է՝ միշտ երաժիշտներին հովանավորել են թագավորները, արքունիքը եւ այլն: Մեր ժամանակներում դա, ինձ համար՝ համենայնդեպս, մի քիչ զզվելի է:

Հ. Շ.– Ամերիկան կայացած համակարգ ունի, այնտեղ Բուշը չղեկավարի, ես ղեկավարեմ՝ նույն համակարգը գործելու է, որեւիցե ազդեցություն մարդ անհատը չունի այնտեղ, շատ քիչ բաներ կարող է ունենալ: Կարծիքը թեկուզ արվեստագետի կամ կայացած մարդկանց շատ բան չի փոխում: Փաստորեն այնտեղ 2 կուսակցությունների շատ փոքր, մեզ համար անտեսանելի տնտեսական խնդիրներն են, որ տարբերվում են իրարից, եւ կարեւոր չի, թե այնտեղ ով կդառնա երկրի ղեկավարը: Մեր երկիրը նորաստեղծ երկիր է, եւ ամեն մի փոքր տատանումը, հիվանդ մարդու պես, քամու մի փոքր շարժումը կարող է արդեն հիվանդության պատճառ դառնալ:

Քննարկումն`  ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031