Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք իրավունք չունենք մտածել միմիայն անվտանգության մասին»

Դեկտեմբեր 26,2014 16:00

Հարկավոր է մտածել զարգացման ու հնարավորությունների մասին՝ պնդում է
ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պատճառներն ուսումնասիրած խմբի ղեկավարը

Օրեր առաջ հրապարակվեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի եւ Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացված՝ «Ինտեգրացիան ընդդեմ անվտանգության. Եվրասիական տնտեսական միությանը (Մաքսային միությանը) միանալու Հայաստանի որոշման պատճառների ուսումնասիրությունը»:

Հետազոտության մեջ, սակայն, ոչ միայն պատճառների ուսումնասիրություն կար, այլեւ իրավիճակից դուրս գալու առաջարկներ:

«Առավոտը» ուսումնասիրության վերաբերյալ զրուցեց Հետազոտական թիմի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթեւոսյանի հետ:

– Ձեր ուսումնասիրության մեջ կա նման հատված. «Լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանը շարունակում է մեծապես հենվել գերազանցապես Ռուսաստանի վրա՝ հույսով, որ հատկապես Մոսկվան կկատարի իր դաշնակցային պարտավորությունները: Բացի այդ, Մոսկվան 2010թ. օգոստոսին երկարաձգեց իր հայաստանյան ռազմական բազաների պայմանագրի ժամկետը՝ 2020թ.-ից հասցնելով մինչեւ 2044թ.-ը: Շատերի համար անհերքելի էր, որ ի տարբերություն Ռուսաստանի՝ Եվրոպական միությունը հակված չէր հնարավոր սպառնալիքի պարագայում Հայաստանին տրամադրել անվտանգության երաշխիքներ: Ավելին, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ քաղաքական ու հասարակական մի ստվար հատվածի համար Հայաստանի ապաշրջափակման հարցում Եվրոպայի ոչ բավարար ուշադրությունը եւ Թուրքիայի վրա ցուցաբերված ոչ բավարար ճնշումները եւս էապես նպաստեցին ԵՄ-ի նկատմամբ ոչ նպաստավոր տրամադրությունների ստեղծմանը: Հայաստանյան hանրային կարծիքի վերջին հարցման տվյալների համաձայն եւս՝ Հայաստանի բնակչության 34%-ը գտնում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ խորացնել երկկողմ հարաբերությունները, մինչդեռ Եվրոպական միության մասով այն կազմում էր ընդամենը 4 %»: Իհարկե, մենք ՌԴ հետ կապված ենք ՀԱՊԿ պայմանագրով, տարբեր երկկողմ պայմանագրերով եւ այլն, սակայն արդյոք Ռուսաստանի նախագահի վերջին քայլերը՝ Ադրբեջանին եւ Թուրքիային «գրավելու» ուղղությամբ, մեզ չե՞ն համոզում, որ Ռուսաստանն ամենեւին էլ մեր անվտանգության երաշխավորը չէ: Մեզ՝ նկատի ունեմ Հայաստանի բնակչության 34%-ին, որը, ըստ Ձեր ուսումնասիրության, գտնում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ խորացնել երկկողմ հարաբերությունները:

– Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ բազմակողմանիորեն խորանում են 2001թ. ի վեր: Նրանք դարձել են կարեւոր առեւտրային գործընկերներ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Էրդողանը գտել է Պուտինի հետ համատեղ շահեր որոնելու ուղին: Արդյունքում աշխարհաքաղաքական հակասությունները չեն խոչընդոտում, որպեսզի նրանք հաջողությամբ համադրեն առեւտրային շահերը: Պուտին-Էրդողան ցանկացած հանդիպումից հետո Հայաստանում մտահոգությունների հերթական ալիքն է բարձրանում: Վերջին հանդիպումից հետո եւս կրկնվեց՝ ինչ նախկինում. անճարակության զգացում, ընկճվածություն, մեզ համար կենսական համարվող խնդիրների ստորադասումը ռուս-թուրքական հարաբերություններին:

Ռուսաստանը հետապնդում է իր տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերը, իսկ մենք մեր անվտանգության համար ենք մտածում եւ դատողություններ անում հնարավոր վնասների չեզոքացման ուղղությամբ: Այսպիսով՝ իրար հետ ուղղակիորեն չհարաբերվող եւ երկու տարբեր հարթությունում գտնվող հարցադրումներ են:

Փոխվել են ՌԴ-ի առաջնահերթությունները Հայաստանի հարցում, փոխվել է նաեւ Հայաստանի ընկալումը ՌԴ-ի քաղաքական վերնախավի համար: Հայաստանի քաղաքական ու աշխարհաքաղաքական շահերը շարունակաբար ստորադասվում են, ու այդ միտումը պետք է վերանայել հանուն Հայաստանի զարգացման, այլ ոչ թե գոյատեւման:

Vahram_Ter_Matevosyan-2

– Դուք նշել եք սոցիալ-տնտեսական այն կախվածությունը, որն ունի Հայաստանը Ռուսաստանից՝ «Ռուսաստանյան տասնյակ կորպորատիվ հսկաների են պատկանում հայաստանյան տարբեր փակ բաժնետիրական ընկերությունների 100% բաժնետոմսերը: Նրանք գործուն դերակատարություն ունեն Հայաստանի տնտեսության այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են էներգամատակարարումը, տրանսպորտը, հեռահաղորդակցությունը, բանկային համակարգը, ապահովագրությունն ու հանքարդյունաբերությունը»: Արդյոք այս ամբողջ պատկերը առանց ԵՏՄ-ին միանալու էլ չի՞ նշանակում, որ մեր ինքնիշխանությունը վտանգված է:

– Նշված ոլորտները ռուսաստանյան ընկերություններին են անցել աստիճանաբար: Որոշ ոլորտներում դրանք ունեն մենաշնորհային դիրքեր, որոշներում՝ դեռ ոչ, սակայն այստեղ շատ ավելի կարեւոր հարց է, թե ինչ է նշանակում նման մեծածավալ ներկայությունը հայաստանյան տնտեսությունում: Արդյոք այն վերածվում է քաղաքական որոշումների կայացման վրա ազդող լծակի՞, թե՞ դրանք բիզնես-նախագծեր են, որոնք ունեն բացառապես բիզնես-նպատակներ: Կարծում եմ՝ վերջին զարգացումները ուրվագծում են պատասխանի էությունը: Մենք ականատես ենք լինում, որ քանակական ներկայությունը առաջացրել է նաեւ որակապես նոր իրավիճակ: Ինքնիշխանության որոշ բաղադրիչներ, իհարկե, զիջվել են, որոշները շարունակում են մնալ անձեռնմխելի: Այժմ մեզ հարկավոր է մտածել ոչ թե այն ուղղությամբ, որ այլեւս ոչ մի բան չզիջենք, այլ ինչպես անել, որ քայլ առ քայլ ետ բերենք այն, ինչ զիջել ենք: Եթե այդ բիզնես-նախագծերը հաջողված լինեին, Հայաստանում չլիներ աղքատություն եւ գործազրկություն, ապա դժվար թե նման վերաբերմունք լիներ այդ ոլորտների ուղղությամբ: Մինչդեռ դանդաղ, իսկ որոշների համար էլ՝ աննկատ տնտեսական աճը, արտաքին ցնցումների առումով խիստ զգայուն մեր տնտեսության վիճակը այլ բանի մասին են հուշում:

– Ռուսաստանը հերթով ներում է իր գործընկերների հսկայական պարտքերը՝ մի քանի մլրդ դոլարի հասնող, վերջին դեպքն էլ օրերս եղավ, երբ Ուզբեկստանին ներվեց 860 մլն դոլարի պարտքը: Ու չնայած դրան՝ Ուզբեկստանը դեռ դիմադրում է, չի մտնում ԵՏՄ, թեեւ ՌԴ-ում ուզբեկ միգրանտները ոչ պակաս քանակ են կազմում, քան մեր միգրանտները: Այնինչ Հայաստանի 98 մլն դոլարի պարտքը չներվեց, դեռ գումարած էլ՝ մեզ ստիպեցին միանալ այդ կառույցին: Արդյոք մենք ոչ մի ռեալ շանս չունե՞նք այս վիճակից դուրս գալու:

– Այս իրավիճակը մի օրում չի ստեղծվել, հետեւաբար լուծումները եւս չեն կարող արագ կամ ակնթարթային լինել: Միեւնույն ժամանակ պարտավոր ենք գիտակցել, որ փոփոխություններ սկսելու համար հարկավոր է երկու բան անել՝ նպատակ ընտրել եւ այդ ուղղությամբ առաջ ընթանալ: Անելանելի իրավիճակներ չկան, պարզապես հարկավոր է վերջ տալ նրան, ինչ անում ենք: Հասարակության մեջքը կքել է, այն չի կարող այլեւս տանել այն ծանրությունը, որը նրան բաժին է հասել: Հարկավոր է առողջացնել հասարակության բարոյահոգեբանական իրավիճակը: Միայն եթերային պատկերացումներով ու բանաձեւումներով այն հնարավոր չէ անել, այդ փոփոխությունները պետք է զգացվեն յուրաքանչյուրի ընտանիքում: Հայաստանը չպետք է հարմարվի յուրաքանչյուր համընթաց քամու հոսանքին: Հարկավոր է ժամ առաջ զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարություն մշակել: Մենք իրավունք չունենք մտածել միմիայն անվտանգության մասին, այն մթագնել է մեր հավաքական միտքը, մեզ հարկավոր է մտածել զարգացման ու հնարավորությունների մասին:

– Ձեր ուսումնասիրությունը ոչ միայն օբյեկտիվ պատկերն է տալիս, այլեւ իրավիճակից դուրս գալու որոշակի լուծումների առաջարկներով եք հանդես գալիս: Մի հատված այդ առաջարկներից մեջբերենք մեր ընթերցողների համար. «Կարծում ենք, որ Հայաստան-Ռուսաստան քաղաքական ու իրավապայմանագրային հարաբերությունների բնույթը, ներհայաստանյան սոցիալ-տնտեսական վատթարացող պայմանները եւ մյուս կողմից էլ՝ աշխարհաքաղաքական մարտահրավերները սահմանափակեցին Հայաստանի ընտրության հնարավորությունները եւ եվրոպական ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Հայաստանի ներքաղաքական դիսկուրսը ինստիտուցիոնալ ու տնտեսական բարեփոխումների, եվրոպական ապագայի օրակարգից արագորեն տեղափոխվեց ինտեգրացիոն նոր բեւեռից շուտափույթ օգուտներ քաղելու, սոցիալական-տնտեսական ցուցանիշները բարելավելու ու անվտանգայնացմամբ թելադրված առաջնահերթությունների հարթություն։ Առաջարկվող լուծումները երկու հարթությունում են. Հայաստանի կառավարությունը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի երկրում գերիշխող վայրընթաց հասարակական տրամադրությունները փոփոխելու ուղղությամբ (արդյունավետ պայքար գործազրկության եւ կոռուպցիայի դեմ, թիրախավորված սոցիալական քաղաքականություն, ֆինանսատնտեսական կայունության գործուն մեխանիզմների մշակում, հարկային քաղաքականության վերանայում եւ այլն): Մյուս կողմից, թերեւս, լավագույն լուծումը կլինի վերանայել արտաքին քաղաքականությանն առնչվող որոշումների մշակման եւ իրականացման գործող համակարգը: Սեպտեմբերի 3-ի որոշումը ցույց տվեց պետական կառավարման համակարգում որոշումների կայացման մեխանիզմներում ոչ ֆորմալ գործոնների առկայության հանգամանքը։ Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրման գործընթացը ցույց է տալիս, որ այդ որոշումը «բանական» դարձավ տնտեսական եւ անվտանգության հարցերում Ռուսաստանից խորացող կախվածության համատեքստում: Այսօրինակ կախվածությունը հետեւանք էր Հայաստանի քաղաքական նախընտրության, երբ քաղաքական ղեկավարությունը շարունակաբար նախընտրում էր կարճաժամկետ շահերը եւ Ռուսաստանին տրամադրում երկրի ռազմավարական նշանակության հաստատությունները: Հայաստանի արտաքին քաղաքականությունը ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Եվրոպական միության նկատմամբ ներառում է ակնհայտ հակադրություններ եւ շեշտակի շեղումներ, որոնք համակարգային խնդիրների հետեւանք են: Այս խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է ամրապնդել ազգային եւ ինստիտուցիոնալ հնարավորությունները, նախագծել, մշակել եւ իրականացնել կարճաժամկետ (1-2 տարի), միջնաժամկետ (3-5 տարի) ու երկարաժամկետ (5-10 տարի) պետական ու ազգային զարգացման ռազմավարություն»: Արդյոք այդ առաջարկները ներկայացվե՞լ են որեւէ հարթակում՝ բացի այս ուսումնասիրությունից, եթե այո՝ ի՞նչ արձագանքներ կան:

– Ուսումնասիրության ամփոփ արդյունքները նախատեսում ենք հայերեն թարգմանելուն պես ուղարկել համապատասխան գերատեսչություններին: Ուսումնասիրության ամբողջ ընթացքում քննարկումներ ու խորհրդակցություններ ենք ունեցել տարբեր քաղաքական գործիչների, ուժերի եւ բյուրոկրատների հետ: Գրեթե բոլորն էլ կարեւորել են աշխատանքը: Ուսումնասիրության ամփոփ տարբերակը կարող է օգտակար ուղեցույց դառնալ: Ներկայացված ուսումնասիրությունն ավելի շատ համակարգված բացատրություն է ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031