Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ո՞վ կարա ծեծի»,- ասել էր տուժողը

Դեկտեմբեր 26,2014 15:30

Դատարանով արդարացված
Արման Երիցյանի գործով կիսատեղաշարժ գրանցվեց

Արման Երիցյանը մեղադրվել էր այն բանի համար, որ անցյալ տարվա նոյեմբերի 28-ին «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում, «նախնական համաձայնության» գալով ոմն Արսենի հետ, դանակի սպառնալիքով, հարձակվել էր Սամվել Մեժլումյանի վրա, եւ տուժողից հափշտակել էր 80 000 ՀՀ դրամ գումար:

Ըստ գործի նյութերի, ամբաստանյալը «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում գտնվող թիվ 29 սննդի տաղավար` Նարինեի մոտ մի քանի հատ խեցգետին եւ օղի է պատվիրել. «Որոշ ժամանակ անց իրենց է միացել Ս. Մեջլումյանին անծանոթ ոմն Արսենը, եւ երեքով միասին սկսել են օղի խմել: Այդ ընթացքում Ս. Մեջլումյանը Ա. Երիցյանին առաջարկել է իրեն վերադարձնել գազի բալոնը, սակայն Ա. Երիցյանը պատասխանել է, որ մի անհանգստացի, առավոտյան կվերցնես գազի բալոնը եւ ձեռքը մտցրել է Ս. Մեջլումյանի պիջակի գրպանը, գրպանից հանել մանրադրամներ եւ արեւածաղիկ ու լցրել սեղանին, որից հետո Ս. Մեջլումյանի եւ Ա. Երիցյանի միջեւ վիճաբանություն է սկսվել գրպանները մտնելու համար»:

Վեճը «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի բացօթյա հատվածից դեպի փակ հատված տանող նեղ ճանապարհի մեջտեղի հատված է տեղափոխվել, որտեղ մութ է եղել եւ մարդիկ չեն եղել. «Ա. Երիցյանը դանակը հանել է՝ պահել Ս. Մեջլումյանի վրա եւ առաջարկել Ս. Մեջլումյանին տալ լոլիկի վաճառքից գոյացած գումարը, միաժամանակ դանակով սկսել է պատռել Ս. Մեջլումյանի հագին եղած պիջակը եւ տաբատը, որից հետո գրպանից հանել է 80 000 ՀՀ դրամը: Այդ ժամանակ իրենց է մոտեցել նաեւ ոմն Արսենը` սպառնացել, որ եթե որեւէ մեկին կատարվածի մասին հայտնի, կգտնեն Ս. Մեջլումյանին եւ կմորթեն ու ձեռքով հարվածել է Ս. Մեջլումյանի դեմքին, որի հետեւանքով վայր է ընկել գետնին, որից հետո հեռացել են»:

Տուժողը հետագայում հակասական ցուցմունքներ էր տվել, մի դեպքում ասել էր, թե դանակ չի եղել, չի տեսել, իսկ այդ դանակի մասին գրողը եղել է քննիչը:

Վկաներից մեկն էլ ասել էր, թե «Արմանը մենակ նստած է եղել կրպակում: Սամվել Մեժլումյանը երեսը ճղված, ծեծված ներս է մտել: Այն հարցին, թե ով է ծեծել, Սամվելն ասել է՝ ինձ ով կարա ծեծի, ընկել եմ»:

Ըստ վկայի՝ Սամվելը հարբած է եղել:

Դատավոր Ա. Զախարյանը արդարացրել է Արման Երիցյանին, եւ նրա դատավճռով ամբաստանյալը կալանքից ազատվել էր՝ ազատ արձակվել դատարանում:
Ա. Երիցյանի պաշտպանությունն իրականացնում էր Մալաթիայի դատարանում հանրային պաշտպանի գրասենյակից՝ փաստաբան Սերգեյ Մկրտչյանը, ապա՝ Արթուր Ալիխանյանը:
Դատախազը ժամկետների խախտումով բողոք էր բերել:

Պաշտպան Ա. Ալիխանյանը դիմել էր վերաքննիչ դատարան, խնդրել, որ արձակուրդում գտնվելու պատճառով չի կարող մասնակցել դեկտեմբերի 5-ին նշանակված դատական նիստին:

Սակայն դատարանը չի դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ այլ պաշտպան ներգրավելու նպատակով:

Վերաքննիչ դատարանում ամբաստանյալն առանց պաշտպանի է եղել, արդյունքում՝ վերաքննիչը մասնակի բավարարել է դատախազ Հ. Սարգսյանի բողոքը:
ՀՀ արդարադատության խորհրդին դիմած ամբաստանյալի հայրը՝ Լեւոն Երիցյանը, պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել երեք դատավորներին՝ Մանուշակ Պետրոսյանին, Արարատ Պետրոսյանին եւ Սեւակ Համբարձումյանին. «Նախագահող դատավոր Ա. Պետրոսյանը, ինչպես նոյեմբերի 20-ին, այնպես էլ հաջորդ օրը, նիստեր է վարել՝ մեկուսացնելով պաշտպանին, նախապես իմանալով, որ 06.12.2014-ին որդուս պաշտպանը չի կարող ներկայանալ դատարան՝ արձակուրդում գտնվելու պատճառով: Պաշտպանն այդ մասին պատշաճ տեղեկացրել էր, իսկ դատարանն էլ առանց պաշտպանի մասնակի բավարարել է որդուս դեմ բերված դատախազի ժամկետանց բողոքը»:

Ըստ ամբաստանյալի հոր, գործին մասնակցող դատախազը երկու ամիս Մալաթիա համայնքում ոչ մի քննության չի մասնակցել, չի լսել անգամ վկաներին.
«Երկու ամիս հետո տեղափոխվել է զինվորական դատախազություն, գործն իր հետ «տանելով» զինվորական դատախազություն, այն չի հանձնել իրենից հետո եկող դատախազին»:

Արդարացվածի առողջական վիճակը վատ է: Նա դեռ 1999-ին ավտոմեքենայի գողության դեպքի կապակցությամբ ենթարկվել էր ծեծի, ստացել գլխուղեղի ցնցում, եւ ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, նրա «հուզական ռեակցիաներն արտահայտիչ են, հակված է աֆեկտիվ բուռն լիցքաթափումների, հետաքրքրությունների շրջանակը նեղ է, վարքը կոնֆլիկտային, ագրեսիվ, սեթեւեթ»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031