Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014թ. ապրիլի 3-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան` խնդրելով հայտնել, թե իրավագիտություն եւ իրավագիտության ոլորտի առարկաներ (իրավունքի տարբեր ճյուղեր, իրավունքի պատմություն, իրավունքի տեսություն, դատավարական իրավունք եւ այլն) դասավանդող քանի դասախոս (ներառյալ՝ սեմինարավարները) ունի լեզվաբանական համալսարանը, ինչպես նաեւ հայտնել, թե լեզվաբանական համալսարանում իրավագիտություն եւ իրավագիտության ոլորտի առարկաներ դասավանդող դասախոսներից (ներառյալ` սեմինարավարները) քանիսն են փաստաբան։
Համալսարանից պատասխան չստանալով` 2014թ. հունիսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի` խնդրելով ճանաչել ԻԱԿ-ի` տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստը եւ պարտավորեցնել համալսարանին տրամադրել ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ պահանջված տեղեկությունները:
Այն բանից հետո, երբ ԻԱԿ-ը հայց էր ներկայացրել դատարան` 2014թ. հունիսի 10 թվագրված գրությամբ համալսարանը տրամադրեց ԻԱԿ-ի պահանջած տեղեկությունները: Հաշվի առնելով այն, որ տեղեկության տրամադրմամբ առարկայազուրկ էր դարձել տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու հայցապահանջը, ինչպես նաեւ այն, որ տեղեկությունները տրամադրվել են տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի էական խախտմամբ` հարցումն ուղարկելուց ավելի քան երկու ամիս անց՝ ԻԱԿ-ը հրաժարվեց նախկին հայցապահանջներից, փոխարենը ՀՀ վարչական դատարանին դիմեց Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:
«Առավոտ» օրաթերթ
25.12.2014