Լրահոս
Օրվա լրահոսը

Բարդ եւ հակասական Արտավազդ՝ Համազգայինի բեմում

Դեկտեմբեր 26,2014 14:30

Կայացավ «Արտավազդ Շիդար» ներկայացման պրեմիերան

Համազգային թատրոնում օրերս կայացավ «Արտավազդ Շիդար» ներկայացման պրեմիերան՝ ըստ Գուրգեն Խանջյանի պիեսի: Ներկայացման բեմադրիչը եւ նկարիչը Արմեն Մեհրաբյանն է: Երաժշտական ձեւավորումը նույնպես Մեհրաբյանինն է: Գլխավոր հերոսի՝ Արտավազդի դերում հանդես եկավ Արման Նավասարդյանը: Նա հրաշալի էր մարմնավորել Արտաշեսի որդուն՝ հոր փառքին նախանձած առասպելական Արտավազդին, որին հոր անեծքով դեպի Մասիս որսի գնալիս, չարքերը բռնում-շղթայում են:
Ներկայացման հատկապես առաջին մասում ողջ ծանրությունն ընկած էր Արման Նավասարդյանի վրա. խաղում էր ինքնամոռաց, համարյա մոնոներկայացման սկզբունքով: Դերասանը կարողացավ արտահայտել տառապող արքայի մարդկային փոքրոգությունը, նախանձն ու սեւեռումը, որ ծնվել էր հատկապես սիրո պակասից:

Արտավազդը բարդ եւ հակասական կերպար է, թագուհի մայրը (Ռուզան Մեսրոպյան) չի սիրում իրեն, արքունիքում խոսում են, որ մանուկ ժամանակ իսկական Արտավազդին դեւերը փախցրել, տեղը շիդար են դրել: Համատարած խարդավանքների, կասկածամտության ու անկեղծության պակասի պատճառով Արտավազդը չարանում է: Մի կողմից նա փառքի է տենչում, մյուս կողմից՝ գիտակցում է, որ արժանիքներով զիջում է հորը՝ Արտաշես արքային (Վանիկ Մկրտչյան): Ու դա ամեն առիթով իր երեսին են շպրտում թագուհի մայրը, ընտանիքի անդամները…

Արման Նավասարդյանն իսկապես համոզիչ էր խաղում: Արքունական կոլորիտ ստեղծող մյուս հերոսներն, ի տարբերություն Արտավազդ-Արման Նավասարդյանի, ասես պարապուրդի էին մատնված, եւ բեմում ավելի շատ զուտ կենդանի դեկորի դեր էին կատարում: Չնայած, հասկանալի է, որ խաղալու համար պարտադիր չէ շարժվելն ու խոսելը: Հաջող էին հարճ Մանդուն (Արմինե Անդրեասյան), թագուհին, Արտաշեսը, Տիրանը (Մխիթար Ավետիսյան)…

Artavazd_2

Ներկայացման մեջ օգտագործված Բախի երաժշտությունը ներդաշնակորեն լրացնում էր դերասանական խաղը: «Արտավազդ Շիդարը» մի փոքր ձգձգված էր, բայց ամբողջության մեջ կլանող էր, հետաքրքիր ռեժիսորական լուծումներ ուներ: Տպավորիչ եւ ազդեցիկ էր նաեւ վերջաբանը. Արտավազդի ուղեղում մեխված է հոր անեծքը՝ «Թե դու հեծնես որսի գնաս Ազատն ի վեր, դեպի Մասիս, քաջքերը քեզ բռնեն տանեն Ազատն ի վեր, դեպի Մասիս, այնտեղ մնաս, լույս չտեսնես»: Արտավազդը գնում է Արտաշատ քաղաքի կամրջով, Գինա ակունքների մոտ կինճեր եւ վայրի խոզեր որսալու, եւ անեծքն իրականանում է: Թե ինչպե՞ս, դա տեսնել է պետք, ու բառերով ներկայացման այդ կտորը հնարավոր չէ լիարժեք փոխանցել:

Artavazd_1

Հիշեցնենք, որ 2013 թ. Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը, հայ թատերագրության զարգացման ընթացքը խթանելու, թատերգության ժանրում ստեղծագործող նոր անուններ բացահայտելու, ինչպես նաեւ մեր ժամանակները, նրա հերոսին ու խնդիրները թատերգության մեջ արտացոլված տեսնելու մղումով հայտարարել էր «Լեւոն Շանթ» մրցանակաբաշխությունը: Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից մրցույթին մասնակցած 51 պիեսներից ժյուրին ընտրել էր 13 լավագույնները, որոնք ամփոփվեցին «13 պիես» ժողովածուի մեջ։ Առաջին մրցանակին արժանացավ Գուրգեն Խանջյանի «Արտավազդ Շիդարը» պիեսը։ Ինչպես եւ խոստացվել էր, Համազգայինի հովանավորությամբ մրցանակակիր պիեսը բեմադրվեց երեւանյան թատրոններից մեկում՝ տվյալ դեպքում Համազգայինում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
25.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031