Լրահոս
Օրվա լրահոսը

Քոլեջ, որ ակադեմիայի գործառույթներ է իրականացնում

Դեկտեմբեր 26,2014 14:00

Օրերս Ազգային օպերային թատրոնում 2 երեկո նվիրված էր Երեւանի պարարվեստի քոլեջի 90-ամյակին (տնօրեն՝ Հասմիկ Մարկոսյան, գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Դիվանյան): Քոլեջի տարբեր տարիների շրջանավարտներ հետագայում դարձան այս ուսումնական հաստատության գեղարվեստական ղեկավար, տնօրեն, մանկավարժ, այդ թվում՝ ՌԴ ժողովրդական արտիստ Մ. Մարտիրոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Թ. Գրիգորյանը, Ա. Ղարիբյանը, Ա. Մինասյանը, Վ. Գալստյանը, Վ. Խանամիրյանը, Բ. Հովնանյանը, Ն. Մեհրաբյանը, Հ. Խաչիկյանը, Է. Մնացականյանը, Հ. Դիվանյանը, Ֆ. Ելանյանը եւ շատերը: Եվ նախկինում, եւ այսօր քոլեջի շրջանավարտներն իրենց արվեստով՝ մարմնի «լեզվական» հնարավորություններով տարբեր բեմերում հիացնում են ամենախստապահանջ հանդիսատեսին ու մասնագետներին: Օրինակ, երբ այս տարվա գարնանն աշխարհահռչակ խորեոգրաֆ Բորիս Էյֆմանը «Առավոտին» ասաց, թե սեպտեմբերին առաջին ուսումնական տարին է սկսել Սանկտ Պետերբուրգի պարի ակադեմիան, իսկ մոտ ապագայում էլ կբացվի պարի պալատը, հարցրինք՝ ակադեմիայում ուսանո՞ւմ են հայազգի պարողներ: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Ձեր պարարվեստի ուսումնարանի սաները, մանավանդ՝ տղաները, իրական աստղեր են արեւմտյան թատրոններում: Ինչ վերաբերում է պարուհիներին, ես մինչ օրս հիանում եմ նրանց ձեռքերի պլաստիկայով, ինչի ականատեսը եղել եմ Երեւանում, շուրջ 40 տարի առաջ»: 2011թ. Սանկտ Պետերբուրգի կառավարության որոշմամբ է սկսվել պարի ակադեմիայի շինարարությունը: Նման մասնագետի պատասխանից ելնելով՝ կարելի է դիմել պատկան մարմիններին ու կառավարությանը, գուցե նրանք մտածեն մեզանում ի վերջո պարի ակադեմիա հիմնելու մասին, մանավանդ որ ունենք բարձրակարգ դասատուներ եւ նրանցից հետո եկող հիանալի սերունդ:

Անդրադառնալով քոլեջի հոբելյանական երեկոներին, ասենք, որ առաջինը ավանդական հաշվետու երեկո էր, իսկ երկրորդ համերգում հանդես եկան նաեւ իրենց հոբելյանի առիթով հայրենիք ժամանած արեւմտյան տարբեր թատրոնների բալետի իրական աստղեր Արսեն Մեհրաբյանը, Վահե Մարտիրոսյանը, Արշակ Ղալումյանը, Տիգրան Միքայելյանն ու Արման Զազյանը: Կարծում ենք՝ կարիք չկա նշելու, թե երկու միջոցառումներում ինչ ոգեւորությամբ ու ծափողջույններով էր արձագանքում հանդիսատեսը: Իսկ որ ունենք պարարվեստի, կոնկրետ՝ բալետային արվեստի սիրահար հանդիսատես, համոզվեցինք երկրորդ երեկոյի ընթացքում: Մեր ականջին հասավ այն խոսակցությունը, որ 1985թ. պարարվեստի քոլեջի սաների ուժերով Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը եւ հաստատվել Ազգային օպերային թատրոնի խաղացանկում: Ինչ խոսք, հիանալի կլիներ այսօր էլ օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը, ներգրավելով քոլեջի սաներին, Ամանորին երեխաներին ու մեծահասակներին նվիրեր «Շչելկունչիկը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Պարարվեստի քոլեջի սաների՝ Եվրոպայում ստեղծված «Հզոր զգացմունքներ» խումբը:

«Առավոտ» օրաթերթ
25.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031