Հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով «Առավոտի» հարցին, թե մենապայքարային մարզաձեւերում Հայաստանի մարզիկները նշանակալի հաջողություններ են արձանագրում, սակայն խաղային մարզաձեւերի մասին նույնը ասել չի կարելի: Օլիմպիական կոմիտեն ի՞նչ է անում հանրապետությունում խաղային մարզաձեւերի զարգացմանը նույնպես զարկ տալու ուղղությամբ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Խաղային մարզաձեւերի թեման մեկ այլ, առանձին ասուլիսի հարց կարող է լինել: Բայց փորձեմ պատասխանել կարճ: Դուք գիտեք, որ Հայաստանում, եթե չեմ սխալվում՝ 174 կամ 176 մարզադպրոց կա, որոնցից միայն 25%-ն է պատկանում պետական գերատեսչությանը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը: Եվ դրանցից ոչ մեկում խաղային մարզադահլիճ չկա: Հիմնականում մարզադահլիճները պատկանում են համայնքներին կամ այլ կազմակերպությունների: Եվ եթե լրագրողներդ հետաքրքրվեք, կտեսնեք, որ դրանք չեն ծառայում իրենց բուն նպատակին:
Բանկերը, այլ կառույցների աշխատակիցներն են հիմնականում այնտեղ լինում: Թեեւ դա մի կողմից էլ վատ չէ՝ առողջ ապրելակերպի յուրատեսակ դրսեւորում է: Հասկանալի է՝ իրենց ծախսերն են փակում: Այս ուղղությամբ ի՞նչ է անում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Ծանոթ լինելով խնդրի էությանը՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Դավիթաշեն համայնքում կառուցվող օլիմպիական կենտրոնում 13 մետր բարձրություն ունեցող միջազգային չափանիշներին համապատասխանող հատուկ մարզադահլիճ է ավելացրել, որը կծառայի խաղային մարզաձեւերին՝ հանդբոլին, բասկետբոլին, վոլեյբոլին: Վստահ եմ, որ դա խաղային մարզաձեւերի զարգացմանը նոր զարկ կտա: Իսկ թե ընդհանրապես ի՞նչ կարելի է անել, դա ավելի շատ նախարարության տիրույթում պետք է դիտարկել, որովհետեւ նախարարությունը պետք է կարողանա մարզադպրոցների կառավարումը ճիշտ կազմակերպել, որպեսզի խմբերը կարողանան իրենց ուսումնամարզական պրոցեսը լիարժեք կարգավորել: Այսօր դա հնարավոր չէ: Շաբաթը երեքանգամյա մարզումներով սպորտ չի զարգանա: Դա ինչ-որ ֆիզկուլտուրայի, առողջ ապրելակերպի պես մի բան է»:
Անդրադառնալով հարցին, թե ոչ միայն խաղային մարզադահլիճներում, այլեւ մարզական մյուս կառույցներում, որոնք անհատների կամ կազմակերպությունների սեփականությունն են, մարզվելու համար պետք է վճարել, Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Բոլոր մարզակառույցները, որոնք պատկանում են Ազգային օլիմպիական կոմիտեին կամ պարոն Գագիկ Ծառուկյանին, բոլոր տեսակի ուսումնամարզական հավաքներին, մրցումներին տրամադրվում են բացարձակապես անվճար»:
«Առավոտը» նաեւ հետաքրքրվեց, թե 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի հաղթող ու մեդալակիր դարձած մարզիկների պարգեւագումարների չափի մեջ փոփոխություններ եղե՞լ են: «Հիմա ինչ պիտի ասեմ՝ նոր հայտնագործություն չի լինելու: Դուք գիտեք, որ Օլիմպիական կոմիտեի բոլոր ֆինանսական աղբյուրները գոյանում են Գագիկ Ծառուկյանի հատկացումներից: Եվ ՀԱՕԿ-ն իր գործկոմով որոշում է կայացրել օլիմպիական չեմպիոն ու մեդալակիր դարձած բոլոր մարզիկներին խրախուսել պետականորեն սահմանված գումարների կրկնակի չափով: Բայց այստեղ հոգեբանական մի խնդիր կա. մարզիկը պատասխանատու պահին ճնշվում է՝ մեծ գումարը կորցնելու մասին մտածելով: Այդպես եղավ մեր հրաձիգ Նորայր Բախտամյանի հետ: Աթենքի օլիմպիական խաղերի եզրափակչում նա ընթանում էր առաջին տեղում եւ վերջնահատվածում մի կրակոց ձախողեց: Հետո, երբ քննարկում էինք, ասաց, որ մեծ գումարը հանկարծ չկորցնելու հոգեբանական պահը խանգարեց»,- ասաց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12.2014