Հայաստանում ձեւավորված ու կայացած արվեստագետների շնորհիվ Սփյուռքում գործում են տարբեր ստեղծագործական խմբեր: Տարվա ընթացքում էլ «Առավոտն» անդրադարձել է դրանցից մի քանիսին: Ամանորի շեմին այդ խմբերն էլ են «հայաստանյան» իներցիայով հաշվետու համերգով հանդես գալիս: Բրյուսելի հայ մշակութային կենտրոնի համակարգող Սյուզան Քանանյանը մեզ հայտնեց, որ օրերս տեղի Jacques կենտրոնի լեփ-լեցուն համերգասրահում ներկա ունկնդիրների սպասելիքները գերազանցեցին տեղի «Արաքս» երաժշտախումբը (ղեկավարներ՝ Տիգրան Տեր-Ստեփանյան, Վարդան Հովհաննիսյան) եւ «Հայք» պարային խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Նիկողոսյան):
Սյուզան Քանանյանը նշեց, որ 11 տարի առաջ ստեղծված «Արաքսն» այս տարի դարձել է World fusion ազգագրական երաժշտության փառատոնի մրցանակակիր: «Բացի հիմնադիրներից, որոնց գերագույն նպատակը դուդուկ նվագարանը ներկայացնելն է, խմբում այսօր ներգրավված են ազգությամբ ռուս, հրեա եւ մեքսիկացի երաժիշտներ: Հենց այս համադրությունն էլ «Արաքսն» ավելի գրավիչ է դարձրել: Տիգրան Տեր-Ստեփանյանը արդիականացրել է հայկական երաժշտության նմուշները նոր գործիքավորմամբ՝ համատեղելով դուդուկն ու շվին արեւմտյան դասական գործիքների հետ: Երեկոյին հնչած մանավանդ Կոմիտասի, Սայաթ-Նովայի եւ այլոց ստեղծագործություններից տպավորված էր հանդիսատեսը»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Տիկին Քանանյանը ներկայացնելով «Հայք» պարախմբին, ասաց, որ հետաքրքիր լուծումներով խմբի գեղարվեստական ղեկավարը բեմադրել էր յուրահատուկ պարային կոմպոզիցիա՝ «Հայոց գրեր, հայոց մեծեր» խորագրով: Ասմունքող Գուրգեն Սայադյանի եւ տեսաֆիլմի ուղեկցությամբ հաջորդող պարային համարներն ուղեւորություն էին դեպի հայոց պատմության ու մշակույթի քառուղիներ, ձոն՝ հայոց այբուբենի նվիրական տառերին, հարգանք ու խոնարհում՝ հայոց մեծերին:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12.2014