Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռ պապը՝ Ֆեյսբուքում

Դեկտեմբեր 26,2014 12:30

Որքան արժեն նրա ծառայությունները

Պարզվում է՝ Ձմեռ պապերն էլ են Ֆեյսբուքում գրանցված: Սոցիալական ցանցը լի է Ձմեռ պապ օգտատերերով, էջերով, խմբերով, որոնք առաջարկում են օգտվել իրենց ծառայություններից: Ֆեյսբուքցի Ձմեռ պապերն ազատ կոնտակտի մեջ են մտնում մյուս օգտատերերի հետ ու պատասխանում բոլոր հարցերին, պայմանավորվում գների մասին:
Վճարելով 20 հազար ՀՀ դրամից մինչեւ 150 ԱՄՆ դոլար, Ձմեռ պապն ու Ձյունանուշը կայցելեն ձեր ուզած տեղը:

Ձմեռ պապերի շրջանում անցկացրած «Առավոտի» հարցախույզը ցույց տվեց, որ ոչ բոլորն են աշխատում քաղաքակիրթ տարբերակով, ոմանք, օրինակ, նշեցին, որ ծառայության դիմաց վճարում պետք է արվի հենց տեղում ու անձամբ Ձմեռ պապին: Այսինքն` փոքրիկի ամենասպասված հյուրն Ամանորին նրան այցելելուց ու զվարճացնելուց հետո տեղում վերցնելու է գումարն ու հեռանա, իր հետ տանելով հեքիաթն ու փոքրիկի հիասթափությունը, եթե հանկարծ նա տեսնի այդ պահը: Որոշներն էլ ասացին, որ մենեջերը, վարորդը եւս գալու են Ձմեռ պապի հետ, որպեսզի վերցնեն գումարն ու ավելորդ խնդիրներ չառաջացնեն:

Անդրադառնալով գնային համակարգին՝ «Ձմեռ պապ» գործակալությունից մեզ հետ զրույցում ասացին, որ սովորական օրերին Ձմեռ պապի ու Ձյունանուշի այցն իրենց մոտ արժե 20 հազար դրամ, դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:30 -ից մինչեւ 12-ը նրանց այցը կարժենա 30 հազար դրամ, իսկ 12: 00-ից մինչեւ 01: 30-ը` 40 հազար դրամ, այնուհետեւ գները կրկին կիջնեն ու մնացած բոլոր օրերի համար եւս կդառնա 20 հազար դրամ:
Նաեւ նշվեց, որ հնարավոր է պատվիրել հեքիաթի հերոսների այց, որոնցից յուրաքանչյուրի համար հարկավոր է վճարել 8 հազար դրամ, իսկ եթե ցանկանում եք խաղավար, ապա պետք է վճարել եւս 10 հազար դրամ:

Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցը տեւում է մոտավորապես քսան րոպե:
Պարզվում է` փոքրիկները կարող են նամակ գրել Ձմեռ պապին նաեւ առցանց տարբերակով: Գործում է www.dzmerpapi.am կայքը, որը պատրաստվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ջանքերով, բոլոր նրանց համար, ովքեր սպասում են Ձմեռ պապի գալուն եւ հավատում են հրաշքներին:

Կայքն առաջարկում է նամակներ գրել Ձմեռ պապին եւ «կիսվել» մտքերով, երազանքներով ու ցանկություններով, որին սիրով կպատասխանի Ձմեռ պապն ու Ամանորի գիշերը կկատարի բոլորի ամենանվիրական երազանքները: Առաջարկվում է նաեւ ուղարկել նկարներ, ստեղծագործություններ Ամանորի եւ Սուրբ ծննդյան թեմաներով, ինչի արդյունքում` լավագույն աշխատանքները կտեղադրվեն կայքում:

www.dzmerpapi.am -ից «Առավոտի» հարցերին պատասխանելիս նշեցին, որ կայքը բարեգործական է ու իրենք Ձմեռ պապի կողմից նվերներ են փոխանցելու անապահով ընտանիքների ու հաշմանդամություն ունեցող երեխաներին:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031