Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գաբրիել Ղազարյան. «Մեզ հետաքրքրում է մի բան. որպեսզի մարզադպրոցները ճիշտ աշխատեն»

Դեկտեմբեր 25,2014 22:52

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ամփոփեց 2014 թվականին նախարարության կողմից իրականացված աշխատանքները:

Մինչ ասուլիսն սկսելը նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Չիթչյանը ներկայացրեց նախարարության պաշտոնական նոր կայքէջը, որը գործարկվել է այսօրվանից: Այնուհետեւ մի քանի լրագրողներ հայկական սպորտը ակտիվ ու հանգամանալից լուսաբանելու համար արժանացան նախարարության շնորհակալագրի, որից հետո նախարարը հակիրճ, բայց հանգամանալից ներկայացրեց այն ոլորտները, որոնցում սպորտի պետական կառույցը աշխատել է ընթացիկ տարում: Դրանք են՝ մասսայական սպորտը, սպորտի բարձրագույն նվաճումները, մարզական կազմակերպությունների եւ մասսայական սպորտի քաղաքականությունը, երիտասարդությունը, միջազգային կապերը, սպորտային բժշկությունը եւ պայքարը դոպինգի դեմ, ֆեդերացիաների հետ համագործակցությունը եւ այլն:

Այնուհետեւ, նախարարը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Aravot.am-ի հարցերը երեքն էին. ամբողջ տարվա ընթացքում Գաբրիել Ղազարյանի՝ մարզեր կատարած շրջայցերի ընթացքում մարզադպրոցներում կատարվող աշխատանքների եւ սպորտի ընդհանուր վիճակի տպավորությունները, հնարավո՞ր է արդյոք բյուջեով արդեն հաստատված եւ ֆեդերացիաներին բաշխված պետական աջակցության գումարների վերաբաշխում, եթե դրա անհրաժեշտություն լինի եւ նախարարությունը մտադիր չէ՞ հանրապետությունում գործող մարզադպրոցները իր գերատեսչական ենթակայության տակ առնել:

Առաջին հարցին Գաբրիել Ղազարյանը պատասխանեց. «Յոթ-ութ մարզ այցելություններ են կատարվել եւ դա շարունակական է լինելու: Այցելությունները չեն նշանակում, թե ընդամենը գնացինք, տեղերում ծանոթացանք վիճակին՝ լավ է, վատ է, միջին է, բավարար է կամ ոչ եւ վերադարձանք: Այո, խնդիրները շատ են՝ գույքային, կազմակերպական, մարզիչ-մանկավարժների որակավորման բարձրացման եւ այլն: Վերադառնալով՝ զբաղվում ենք դրանցով, աշխատում տարբերակների ուղղությամբ եւ միանշանակ դրանց լուծմանը հետամուտ ենք լինում: Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության հետ պայմանավորվածություն ունենք, որպեսզի բազմազան այն հարցերին, որոնք արձանագրել ենք տեղերում, լուծում տանք»:

Երկրորդ հարցի մասին նախարարն ասաց. «Իհարկե, կարող ենք պետական աջակցության գումարների վերաբաշխում կատարել, եթե տեսնենք, որ այս կամ այն ֆեդերացիան թերանում է: Բայց ֆեդերացիաները հիմնականում կատարում են իրենց ծրագրերը: Ի վերջո, դա պետական աջակցություն է եւ այդ գումարների պատասխանատուն նախարարությունն է»:

Իսկ մարզադպրոցների գերատեսչական ենթակայության մասին Գաբրիել Ղազարյանի տեսակետն այսպիսին է. «Մենք մարզադպրոցները նախարարության ենթակայություն բերելու մտադրություն չունենք: Իրականում մեզ մի հարց է հետաքրքրում՝ որ մարզադպրոցները ճիշտ աշխատեն: Ու նշանակություն չունի, թե տվյալ մարզադպրոցը, որ գերատեսչության ենթակայությամբ է գործում: Ես դեմ եմ, որ մի շարք մարզադպրոցներում տնօրեն նշանակված են ոչ իրազեկ անձինք: Այդ հարցը լուծելու ենք: Տնօրենները պիտի նշանակվեն մեր համաձայնությամբ: Եթե տնօրենը ճիշտ նշանակվեց եւ տեղում եղավ, չի կարող  ուրիշ մասնագիտության տեր մարդը գալ եւ մարզիչ աշխատել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031