Այսօր Կապանի քաղաքապետարանի հարակից այգին բազմամարդ էր: Այստեղ հանդիսավոր արարողությամբ վառվեցին մոտ 13 մետր բարձրություն ունեցող Կապանի գլխավոր տոնածառի լույսերը, որն ուղեկցվեց տոնական համերգային ծրագրով: Արդեն երկրորդ տարին է շինարարության պատճառով` մարզկենտրոնի գլխավոր տոնածառը Կապանի մշակույթի հարակից հրապարկի փոխարեն տեղադրվում է Կապանի քաղաքապետարանի դիմաց:
Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի փոխանցմամբ` այս տարի ամանորյա միջոցառումների կազմակերպման համար 11 մլն 500 հազար դրամ գումար է հատկացվել: «Նոր տարվա միջոցառումների համար հատկացված 11.5 մլն դրամից 4 մլն դրամը տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 4 մլն դրամը` «Կապան» բարեգործական հիմնադրամը, իսկ մնացած գումարը համայնքայի բյուջեից է հատկացվել:
Տոն օրերին կայցելենք Կապանի ծննդատուն, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարան, «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն եւ այլն, իսկ ամանորյա տարաբնույթ միջոցառումներ կկազմակերպվեն քաղաքի տարբեր թաղամասերում»,- նշեց Կապանի փոխքաղաքապետը: Այսօր տոնական միջոցառումներ կազմակերպվեցին Կապանի Վաչագան եւ Աշոտավան թաղամասերում, Նոր տարվան նվիրված տոնական միջոցառումների շարքը կշարունակվի վաղը եւ այս տարվա մյուս օրերին: Գլխավոր տոնական միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, կանցկացվի դեկտեմբերի 31-ին Կապանի մշակույթի մեծ դահլիճում, իսկ հունվարի 1-ին ժամը 01:00-ին հրավառություն կլինի: Սյունիքի մարզկենտրոնում ամանորյա միջոցառումները կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը:
Սակայն, Կապանի փողոցներում տոնական շունչ չի զգացվում, քաղաքի նույնիսկ կենտրոնական փողոցները Նոր տարվա լուսավորությամբ կամ այլ պարագաներով չեն զարդարվել: Կապանի քաղաքապետարանի հարակից այգին է հիմնականում հուշում Նոր տարվա գալստյան մասին, որն այս տարի, նորամուծության առումով, տարբերվում էր նախորդից:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ