Այսօր Գյումրու լոկոմոտիվային դեպոյում հետերկրաշարժյան Հայաստանում վերանորոգված առաջին էլեկտրաքարշը շահագործելու իրադարձությանը եկել էր մասնակցելու նաև ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Տեսնելով վերջինիս՝ ներկաները շատ զարմացան, թե տեսնես ո՞վ է հրավիրել պարոն Գեղամյանին, մի՞թե նա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ մտերմություն ունի: Եվ մինչ մասնակիցները մեկը մյուսից փորձում էին տեղեկություն ճշտել պարոն Գեղամյանի այցի վերաբերյալ, նա սկսեց ելույթ ունենալ: Քանի որ Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը պարգևներ, նվերներ էին բերել դեպոյի աշխատակիցների համար, պարոն Գեղամյանը կատակով ասաց. «Մեծարգո մարզպետ, մեծարգո պարոն քաղաքապետ, հիմա գյումրեցիները կասեն՝ գյումրեցիք նվերով էին եկել, էս երևանցիք էկան, ճառ ասացին, գնացին, չհասկացանք՝ խի՞ եկան, խի՞ գնացին, բայց ես իմ սրտի խոսքն եմ… »:
Նրա ելույթը ընդհատեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ականջին շշնջալով, թե դուք սովոր եք: Պարոն Գեղամյանը, կատակի տալով, շարունակեց. «Երևանում ուրիշ բան էիր ասում, հիմա էլ ասում ես՝ սովոր եք, ձեզնից սովորեցինք…»:
Կարդացեք նաև
Արտաշես Գեղամյանն ասաց, որ վիթխարի աշխատանքն է կատարվել Գյումրու լոկոմոտիվային դեպոյում, շեշտեց նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը երբեք ու երբեք հսկայական գումարներ չի ծախսում, իսկ, եթե ծախսում է, ապա, ըստ պարոն Գեղամյանի, նշանակում հեռանկար է տեսնում Գյումրիում, երկաթուղային գծերի, հաղորդակցման զարգացման ուղղությամբ: Բանախոսը մի քանի բառով գովաբանելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՜ ասաց. «Ես ցանկանում եմ մյուս անգամ արդեն ձեզ հետ միասին այս լոկոմոտիվային դեպոյից ճանապարհ գցենք լոկոմոտիվները թե՛ աբխազական երկաթգծով, թե՛ կառուցվելիք Երևան-Գյումրի- Թեհրան երկաթգծով և ինչու չէ Երևան-Գյումրի-Ղարս երկաթգծով»:
Արտաշես Գեղամյանը ցանկացավ, որ Գյումրու լավ ավանդույթները պահպանվեն, որպեսզի ամեն անգամվա պես իրենք հպարտությամբ դրսից բերած հյուրերին ուղեկցեն Գյումրի՝ Հայաստանի հողի, ջրի համն ու քաղցրությունը զգալու: Այնուհետ պարոն Գեղամյանը ռուսերենով երախտիքի խոսքեր ուղղեց Վիկտոր Ռեբեցին, խոսեց հայ-ռուսական հին, խորը բարեկամությունից:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ