Դեկտեմբերի 25-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզի ԶԼՄ-ներին հաշվետվություն տվեց 2014թ. կատարած աշխատանքների, մարզի ձեռքբերումների մասին:
Գյուղատնտեսության ոլորտում ակնառու հաջողությունները պայմանավորված են ՀՀ կառավարության օգնությամբ, մարզում այլընտրանքային ոռոգման միջոցով սակավաջուր տարվա դժվարությունների հաղթահարմամբ:
ՀՀ կառավարության ներդրումների հաշվին իրականացվել է լայնածավալ շինարարություն, մեծ թիվ է կազմում նախակրթարանների ու դպրոցների կառուցումը:
Այս տարի Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնից ժամանած մասնագետները, ակնաբույժները, ստոմատոլոգները, թերապևտները «Բաց դռներ» ծրագրով մարզի տարբեր համայնքներում անվճար սպասարկեցին բազմաթիվ հիվանդների: 2015թ. դարձյալ կիրականացվեն նմանատիպ ծրագրեր:
Մշակույթի, սպորտի ասպարեզում մեր դպրոցականներն ու մարզի երիտասարդները բարձր են պահել Հայաստանի պատիվը միջազգային մրցույթներում, Եվրոպայի առաջնություններում, ինչը հպարտություն է ներշնչում:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը հպարտանում է, երբ մեր սաները տարբեր երկրներում բարձրացնում են եռագույնը:
Մարզի ղեկավարն ընդգծեց, որ մշտապես նրանց կողքին է և ամեն ինչ կանի, որ 2015թ-ին կրկնապատկվեն մարզի հաջողությունները:
2014թ. Արարատի մարզպետարանը ճանաչվել է որպես Սփյուռքի նախարարության հուսալի գործընկեր: 31 երկրների 111 երեխաներ «Արի տուն» ծրագրով հյուրընկալվել են Արարատի մարզի Արարատ, Ավշար, Փոքր Վեդի, Տափերական, Մխչյան և մյուս համայնքներում: Մեկ շաբաթվա ընթացքում «փոքրիկ դեսպանները» վայելեցին հայկական հյուրընկալությունը, այցելեցին մարզի տեսարժան վայրեր, ձեռք բերեցին նոր ընկերներ, բարեկամներ: Վերոհիշյալ աշխատանքների համար Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն արժանացել է Սփյուռքի նախարարի պատվոգրի:
Մարզպետը խոսեց նաև այն ծրագրերի մասին, որ պետք է իրականացվեն 2015թ-ին, իսկ դրանք բազմաթիվ են:
Նա ասաց, որ հայոց բանակի զինվոր- ծնող կապը գնալով սերտանում է` շնորհիվ այդ նպատակով մարզում կազմակերպված «Հանդիպում ծնողների հետ» 3 միջոցառումների:
Վերջում պատասխանեց ԶԼՄ-ներին հուզող հարցերին` նրանց ցանկանալով բեղմնավոր գրիչ, առողջ քննադատություն բովանդակող հոդվածներ և անձնական երջանկություն:
Արարատի մարզպետարան