Այսօր Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները հանդիպել են Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանի (ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ) եւ Տիգրան Ուրիխանյանի (ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի անդամ) հետ:
Հանդիպման նպատակը ԱԺ պատգամավորներին ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումն էր:
Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները քննարկման ընթացքում դատապարտեցին բռնության ցանկացած դրսեւորում եւ օրենքի նախագծի վրա աշխատելու պատրաստակամություն հայտնեցին՝ միաժամանակ նշելով, որ նախքան նախագիծը վերջնական տեսքի բերելն ու ԱԺ-ում քննարկման դնելը նաեւ աշխատանք պետք է տարվի հանրության լայն շրջանակների հետ, որպեսզի հասարակությունը եւս իրազեկված լինի եւ իր համաձայնությունը տա «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենք ունենալու անհրաժեշտության վերաբերյալ:
Կոալիցիայի անդամներն իրենց հերթին պատգամավորներին տեղեկացրել են, որ իրենք արդեն իսկ աշխատանք տանում են հասարակության լայն շերտերի հետ, դա է վկայում 2000-ից ավելի քաղաքացիների ստորագրությունները, որոնք պահանջում են հատուկ օրենք ընդունել, որը կկանխարգելի ընտանեկան բռնությունը: Կոալիցիայի անդամները շարունակելու են ջանքեր գործադրել այս ուղղությամբ նաեւ 2015 թվականին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ստորագրահավաք էր իրականացրել, որին միացել էին 2000-ից ավելի քաղաքացիներ: Քաղաքացիները բացիկներ էին ուղարկել ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովին`պահանջելով ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենք:
Նոյեմբերի 25-ին Կոալիցիան օրենքի նախագիծը ներկայացրել էր Ազգային Ժողովի 131 պատգամավորներին, ինչպես նաեւ նախագծի քննարկման համար առանձին հանդիպում խնդրել: Նշենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բացի Կոալիցիայի անդամների հետ հանդիպել են նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ու նույն հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ Ժառանգություն եւ ՀԱԿ խմբակցության պատգամավորները եւս Կոալիցիայի անդամների հետ հանդիպելու ցանկություն են հայտնել:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»