Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրել առանց ցավի. ցավամոքիչ բուժօգնության հասանելիությունը Հայաստանում իրականություն է դառնում

Դեկտեմբեր 25,2014 18:14

Ամեն տարի Հայաստանում մահանում է շուրջ 28 հազար մարդ, որոնցից 60-70 տոկոսն ունենում է պալեատիվ (ցավամոքիչ) բժշկական օգնության կարիք, մինչդեռ այն հասանելի է քչերին:

Մեր երկրում դժվարությամբ, սակայն քաղաքական կամքի առկայությամբ իրականություն է դառնում պալեատիվ (ցավամոքիչ) բժշկական օգնության ներդրումը, ինչն առողջապահության նախարարի խոսքերով՝ առաջնահերթություն է, և «ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական, ֆինանսական, հոգևոր խնդիր է, որը պահանջում է առարկայական մոտեցում»:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում տարեկան 18 հազար մարդ կարիք ունի նման օգնության, թեև, եթե հաշվի առնենք նաև անբուժելի հիվանդների ընտանիքների անդամներին անհրաժեշտ հոգեբանական ու սոցիալական աջակցությունը, ապա այս թիվը գրեթե եռապատկվում է:

Այս թվերն ու ոլորտի հիմնական խնդիրները ներկայացվեցին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ կազմակերպված «Պալեատիվ բժշկական օգնության ներդրումը Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում, որին մասնակցում էին ոչ միայն ԱԺ պատգամավորներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, այլև իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ ու հոգևորականներ:

Ara-Babloyan

ԱԺ առողջապահության, մայրության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր խոսքում նշեց, որ պալեատիվ բժշկական օգնությունը համեմատաբար նոր է Հայաստանում, բայց հարկավոր է հիշել, որ դրա ներդրումը ժամ առաջ պետք է արվի, քանի որ հազարավոր մարդիկ տառապում են ու հազարավոր մարդիկ առանձնահատուկ մոտեցումների կարիք են զգում.

«Մենք իրավունք չունենք հապաղելու: Այո՛, այս խնդիրը կանոնակարգման կարիք ունի, բայց վերջին տարիներին ակնհայտ է ոչ միայն ՀՀ կառավարության, պատասխանատու կառույցների, այլև հասարակության վերաբերմունքի փոփոխությունը այս հարցի շուրջ»,- ասաց Բաբլոյանը` տեղեկացնելով, որ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ համապատասխան օրենքի նախագիծը արդեն ներկայացվել է Ազգային ժողով ու անցել առաջին ընթերցմամբ:

Armen Muradyan

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, կարևորելով պալեատիվ բուժօգնության ներդրումը, վերահաստատեց կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել այս ոլորտում իրականացվող ծրագրերին:

«Առողջապահության նախարարության առաջնահերթ նպատակը բնակչությանն առողջ պահելն է, սակայն առողջ ապրելակերպի պահպանմանը, հանրային առողջապահական ծրագրերին զուգահեռ մենք պարտավոր ենք ներդնել և զարգացնել նաև բուժօգնության այս տեսակը»,- ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ լսումների նախօրեին ստորագրել է երեք հրաման, որոնք վերաբերում են ամոքիչ բուժման չափորոշիչներին, հստակեցնում են բժշկի և բուժքրոջ գործառույթները և թմրանյութերի կիրառման խնդիրները:

Դեռ 2009-ից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը ամոքիչ բուժօգնության ոլորտում աշխատանքներ է իրականացնում` աջակցելով կառավարությանը օրենսդրական փոփոխությունների, դաշտի ուսումնասիրության և փորձնական ծրագրերի իրականացման գործում:

Palliative- Larisa

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն իր խոսքում հիշեցրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անցնող տարում հորդորել է բոլոր պետություններին ամոքիչ բուժօգնությունը դարձնել առողջապահության մի մաս և արագացնել դրա ներդրման քայլերը.

«Սա, իրապես չափազանց կարևոր հարց է, ամոքիչ բուժօգնությունը բարեկեցիկ հասարակության և անհատի արժանապատիվ կյանքի գրավականն է, որի իրականացման համար այսօր կան անհրաժեշտ բոլոր նախապայմաններն, այդ թվում՝ քաղաքական կամքը»,- ընդգծեց Մինասյանը` հույս հայտնելով, որ 2015-ը նշանակալի տարի կլինի պալեատիվ բուժօգնության ներդրման համար:

Davit Amiryan

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն էլ շեշտեց, որ Հայաստանի նման փոքր երկրի համար 18 հազար պալեատիվ օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը բավականին լուրջ խնդիր է, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ փոքր երկիրը նաև տալիս է հնարավորություն ստեղծել ճկուն, արագ և արդյունավետ մեխանիզմ այդ մարդկանց խնդիրները լուծելու համար:

Ամիրյանը գոհունակություն հայտնեց, որ այս ոլորտում իրենց ծրագրերի իրականացման ճանապարհի հենց սկզբից միայնակ չեն եղել, առաջին օրերից հաջող համագործակցություն է ծավալվել առողջապահության նախարարության, «Գլոբալ հիմնադրամի», ԱԺ պատգամավորների ու տարբեր փորձագետների հետ և համագործակցության շնորհիվ էր, որ գաղափարի ներմուծումը Հայաստանում անցավ ճիշտ և արդյունավետ ճանապարհ. բացի օրենսդրական կարգավորումներից, անցած տարիների ընթացքում վերլուծվել են նաև ֆինանսական պահանջները ու այդ ամենի արդյունքում առաջ քաշվել Հայաստանի համար մոդելի ամենահարմար տարբերակը` մշակվել է քաղաքականություն ու հայեցակարգ:

Ամիրյանը նշեց,որ կարևորն այն է, որ գործողությունները ոչ թե արվում էին հաջորդաբար, այլ զուգահեռ, ինչը հնարավորություն է տվել հինգ տարիների ընթացքում ունենալ տեսական մշակման և վերլուծված նյութեր, բացի այս` նաև հասցրել են իրականացնել մի քանի փորձնական (պիլոտային) ծրագրեր` հասկանալու համար, թե որ մոդելները կարող են արդյունավետ լինել Հայաստանում.

«Պալեատիվ բուժօգնությունն իր հետ բերում է նաև նոր մտածողություն, մի շարք խնդիրներին նոր տեսանկյունից նայելու և գնահատելու հնարավորություն, ինչը այսօրվա քաղաքակիրթ աշխարհին ու հասարակություններին ինտեգրվելու առումով դառնում է կարևոր գործոն: Ցանկացած նոր գործի, ոլորտի սկիզբը դրվում է քաղաքական կամքի օգնությամբ և ամենակարևորն այն է, որ, ի դեմս առողջապահության նախարարության, Ազգային Ժողովի, մենք տեսնում ենք այդ կամքի առկայությունը»,- շեշտեց Ամիրյանը:

Հայաստանի Հակացավային և պալեատիվ օգնության ասոցիացիայի նախագահ Հրանտ Կարապետյանն էլ մանրամասնեց, որ Հայաստանի համար լավագույն տարբերակը, հաշվի առնելով երկրի ֆինանսական հնարավորությունները, մոբիլ բուժօգնության խմբերի ստեղծումն է:

«Հայաստանում պալեատիվ օգնության ծրագրի ներդրման ամենակարճ ճանապարհը, նաև, հաշվի առնելով երկրի հնարավորությունները, հետևյալն է՝ պետք է ստեղծվի 30 մահճակալով հանրապետական կենտրոն, 24 մոբիլ թիմ Երևանում և երեք տարածաշրջանային կենտրոններ` Շիրակում, Լոռիում և Սյունիքում: Իսկ հետագայում պետք է ստեղծվեն նաև պալեատիվ օգնության մարզային կենտրոններ` սպասարկման որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով»,- ներկայացրեց Կարապետյանը՝ հավելելով, որ սա այն իրատեսական ծրագիրն է, որի ներդրումից հետո հնարավոր է շատ արագ զարգացնել ոլորտը:

Նշենք, որ Հայաստանում պալեատիվ օգնության միակ կենտրոնը գտնվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որը բացվել է 2011-ին` որպես ուսումնական կենտրոն, իսկ 2013-ին հանրապետության նախագահի հանձնարարականով՝ համալրվել 10 մահճակալով:

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս Նարինե Մովսիսյանը խնդիրները դիտարկեց երեխաներին անհրաժեշտ պալեատիվ բժշկության տեսանկյունից՝ ներկայացնելով «Մանկական պալեատիվ բուժօգնության արդիականությունը Հայաստանում» զեկույցը:

«Երեխան մեր հասարակության լիիրավ անդամն է և ունի հավասար իրավունքներ: Իսկ պալեատիվ խնամքը մարդու իրավունքն է: Ի տարբերություն մեծահասակների` երեխաները չեն կարողանում պայքարել իրենց իրավունքների համար: Երբ երեխան տառապում է անբուժելի արատով կամ հիվանդությամբ` հասարակության և մասնագետների պարտքն է՝ ապահովել բժշկական, հոգեբանական և բոլոր տեսակի աջակցություն երեխային և ընտանիքի անդամներին»,- նշեց Մովսիսյանը՝ հավելելով, որ պալեատիվ բուժօգնության ներդրումը հենց այդ համալիր լուծումն է, որի միջոցով հնարավոր է փոքր-ինչ մեղմել մարդկանց ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան ցավը:

Ըստ Մովսիսյանի՝ Հայաստանում տարեկան արձանագրվում է երեխաների շրջանում (մինչև 18 տարեկան) օնկոլոգիական հիվանդությունների շուրջ 100 նոր դեպք, ինչը փաստում է, որ քաղցկեղի տարածման դինամիկան երեխաների շրջանում աճում է. եթե 1990-ին երեխաների շրջանում քաղցկեղի դեպքերը 17.5 % են կազմել ( 100 000 բն հաշվարկով), ապա 2007թ-ին`արդեն 42.8%:

«Իհարկե հիվանդության նման աճը համաշխարհային միտում է, այդուհանդերձ, հարկավոր է պալեատիվ բուժօգնության ներդրմամբ փորձել թեթևացնել թե՛ երեխաների ցավը, թե՛ հարազատների հոգեբանական ծանր վիճակը»:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ով նախկինում առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարն էր և ակտիվորեն աջակցում էր պալեատիվ բուժօգնության ներդրման ծրագրերին, խնդիրը դիտարկում է հենց մարդու իրավունքների տեսանկյունից՝ կարևորելով ցավից և տառապանքից զերծ մնալու իրավունքը:

«Այժմ արդեն կարևոր է հակացավային դեղամիջոցների և պալեատիվ օգնության հասանելիությունը ՀՀ ողջ տարածքում ապահովելը»,- ամփոփեց Քրմոյանը՝ հավաստիացնելով, որ պալեատիվ բուժօգնության ներդրման համար արդեն պատրաստ է ոչ միայն օրենսդրական դաշտը, այլ նաև հասարակությունը:

Լիա ԽՈՋՈՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

 Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

 Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր:  https://twitter.com/4equalrightsarm 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031